Մեկնաբանություն

04.11.2015 13:28


«Մարդակենտրոն» Սահմանադրության տնտեսական հիմքը

«Մարդակենտրոն» Սահմանադրության տնտեսական հիմքը

Բաղրամյան 26–ի իրականացրած տնտեսական քաղաքականությունը շատ պարզ է ու հասարակ։ Արդյունքները բոլորիս աչքի առաջ են։

Բարձրացնում են հարկերը և դրսից վարկ բերում, որպեսզի կարողանան բյուջետային ծախսերն իրականացնել, որպեսզի կարողանան բավարարել իրենց ախորժակներն «ատկատների» և «հաղթեցվող» տենդերների միջոցով։

Որքան բարձրացնում են հարկերն ու տնտեսության կենտրոնացման քաղաքականություն վարում, այնքան վատանում է տնտեսության վիճակը, ավելանում արտագաղթը, և փակվում բիզնեսները։ Դրանից հետո է՛լ ավելի են բարձրացնում հարկերը և ավելի շատ են դրսից վարկ վերցնում ու այդպես շարունակ։

2008–ից հետո Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է երեք անգամ։ 2016–ի համար պլանավորում են պարտքը հասցնել 5,5 միլիարդ դոլարի։

Հաջորդ տարվա պետբյուջեի մուտքերն ապահովելու հույսը դրսից ուղարկվող մասնավոր տրանսվերտներն են ու դրսից ներգրավելիք վարկը։ Ինչ մնում է ներսին, ապա այստեղից փող քամելու տեղ չկա, ու նոր հարկատեսակներ են մոգոնում։

Ինչպես հայտնի է, մեզանում ոստիկանությունը ոչ միայն ու ոչ այնքան իրավապահ մարմին է, որքան գումարների հավաքման օժանդակ կառույց (չհաշված ընտրությունների ժամանակ տոկոսխփոցիին աջակցելը)։

2016–ին ոստիկանության «հարկային» գործառույթները կմեծանան։ Արդեն հիշել են մգեցված ապակիների մասին, հետո երևի կանցնեն կրակմարիչներին ու մյուս բաներին (սրանց պրպտուն միտքն ամեն ինչ կարող է գտնել)։

Եվ ուրեմն, առա՛ջ դեպի «մարդակենտրոն» Սահմանադրություն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը