Մեկնաբանություն

05.11.2015 10:29


Հովիկ Աբրահամյանն ուզում է ապահովագրվել, բայց ...

Հովիկ Աբրահամյանն ուզում է ապահովագրվել, բայց ...

Որքան էլ Ազգային վիճակագրական ծառայությունը տնտեսական աճ արձանագրի, ու որքան էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փորձի դրոշակ դարձնել այդ վիրտուալ աճը, միևնույն է՝ դրանից բան չի փոխվում։ Աղքատությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա, և ակնկալվող ներդրումները չեն լինում։

Աբրահամյանն ինքն էլ է հասկանում, որ պետական բյուջեն թերակատարվում է, քանզի տնտեսության մեջ առկա են բացասական երևույթներ ու դրանց վերջը չի երևում։ Հասկանում է և ձգտում անտիՏիգրան խաղալ։ Այսինքն՝ «օղորմաԾիկ» և «օվշորիստ» նախկին վարչապետի հակառակ կերպարը դառնալ։

Եթե Տիգրան Սարգսյանն իր վարչապետության շրջանում անգրագիտության ու այլ պատճառներով հայտարարում էր, թե տնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, ու մենք դեռ մի բան էլ կօգտվենք այդ ճգնաժամից, բայց ապահովեց դոլարային հաշվարկով աշխարհի ամենամեծ տնտեսական անկումը, ապա Հովիկ Աբրահամյանը հակառակ ծայրահեղության մեջ է ընկել՝ հայտարարելով, որ ազնվությունը պահանջում է խոսել այն մասին, որ տնտեսության վիճակը լավ բան չի խոստանում։ Վարչապետն ուզում է, որ հանրությունը գնահատի իր ազնվությունը, և ազնվորեն իմանա, որ վատ է ապրելու։

Հիմա նորաձև է դարձել կյանքի որակի վատացման մասին խոսելն ու դա որպես ազնվության չափանիշ ներկայացնելը։ Օրինակ՝ Հ. Աբրահամյանի կաբինետի անդամ Արտեմ Ասատրյանը բնական է համարում այն, որ հաջորդ տարի կյանքը դժվարանալու է։

Բայց հարց է առաջանում՝ եթե չեն կարողանում կյանքի որակի բարելավում ապահովել, ապա ինչո՞ւ են զբաղեցնում այդ պաշտոնները։ Աբրահամյանին վարչապետ են նշանակել տնտեսության վիճակը բարելավելո՞ւ, թե՞ հանրաքվեի համար «այո» ապահովելու համար։ Ըստ ամենայնի՝ երկրորդի։ Ասել է թե՝ հանրային խնդիրները երկրորդական կամ չորրորդական տեղում են։

Փաստորեն, հօդս են ցնդում վարչապետության սկզբում Աբրահամյանի այն պնդումները, թե իրենք աճ են ապահովելու, և կյանքը լավանալու է։ Բ26–ի պատկերացրած մոդելի պայմաններում, իհարկե, առնվազն միամտություն էր հայտարարելը, թե տնտեսական աճ կլինի, բայց գործող վարչապետն այդպիսի բաներ էր ասում ու թող տակից դուրս գա, այլ ոչ թե անկեղծորեն խոստովանի, որ ոչինչ չի կարող անել։

Այժմ նա հասկացել է, որ չի կարող իր խոստումների տակից դուրս գալ, ու փորձում է ապահովագրվել։ Այդ ապահովագրումը մի քանի շերտանի է։

Աբրահամյանը փորձելու է հնարավորինս շատ տոկոս «խփել» սահմանադրական հանրաքվեի ժամանակ, այսինքն՝ շատ կեղծել։ Դրանով նա կձգտի ցույց տալ, որ լավ է կատարել իր գործը և իրավունք ունի մնալ վարչապետի աթոռին (այդ հավակնությունների մասին նա արդեն հայտարարել է)։

Վարչապետի ապահովագրման մյուս շերտերը ՀՀԿ–ից դուրս կուսակցական հենարան ստեղծելն են, այդ թվում՝ «ընդդիմադիր» կոչված դաշտում։

Թե որքանով կկարողանա այս միջոցներով պահել իր աթոռը Աբրահամյանը, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ տնտեսական ձախողման գլխավոր պատասխանատուներից մեկն ինքն է ու նաև, իր իմիջով պայմանավորված, հիանալի «քավության նոխազ» կարող է դառնալ ինչ–ինչ քաղաքական զարգացումների դեպքում։ Հատկապես որ հանրաքվեն կեղծելու կամ կեղծելը չկարողանալու համար էլ է «քավության նոխազ» պահանջվելու։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը