Մեկնաբանություն

06.11.2015 11:51


Դեպի անապահով Հայաստան

Դեպի անապահով Հայաստան

Սերժի Սարգսյանի կարգախոսներից մեկը «Դեպի ապահով Հայաստանն» էր։ Նախագահական վերջին ընտրությունների ժամանակ նա հենց դա էր խոստանում։

Հիմա նրա բոլոր ենթակաները՝ սկսած վարչապետ Հովիկ Աբրահամյանից մինչև սոցապ նախարար, հպարտությամբ և դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են, որ քանի գնա, վիճակը վատանալու է, որ կյանքը հաջորդ տարի դժվարանալու է, և որ լավ բանի հույս թող հանրությունը չունենա։ Այսինքն՝ առաջ են քաշում նոր կարգախոս՝ «Դեպի անապահով Հայաստան»։

Եթե չեք մոռացել, ապա Մաքսային միություն մեկ գիշերվա ընթացքում մտնելու որոշումն էլ հիմնավորվեց տնտեսական հրաշքի խոստմամբ։ Դա էլ չեղավ ու չէր էլ կարող լինել, քանզի այս իշխանությունները արտաքին ու ներքին քաղաքականություն են վարում բացառապես սեփական շահերից ու «աթոռային» տրամաբանությունից ելնելով, այլ ոչ թե պետական խնդիրներ լուծելու նպատակով։

Եթե Հայաստանը մտներ ոչ թե ԵՏՄ, այլ ասոցացվեր ԵՄ–ի հետ, ապա, միևնույն է, այս նույն արդյունքն էր լինելու, եթե ոչ ավելի վատը։

Վատ կյանքի պատճառները, հետևաբար, պետք չէ դրսում ման գալ։

Հայաստանում տնտեսության կենտրոնացման միտում կա, կամ պարզ մարդկային լեզվով ասած՝ տեղի է ունենում թալան։ Արդյունքում՝ բիզնեսները փակվում են, մարդիկ արտագաղթում են, ու ներդրումները չեն արվում։

Իշխանության վերին օղակի համար պետությունը դարձել է բիզնես, իսկ պետական գանձարանը՝ սեփական գրպան։ Դրա համար էլ տնտեսության վիճակը վատանում է։ Ու պետք չէ լուրջ դեմքով անհեթեթ պատճառներ ներկայացնել։

Հայաստանն անապահով է դարձել, որովհետև իշխանության և բիզնեսի սերտաճումը հասել է վտանգավոր չափերի։

«Մարդակենտրոն Սահմանադրության» ներդրման միակ նպատակն այդ սերտաճածությունը խորացնելն ու դրան «ինստիտուցիոնալ» տեսք տալն է։ Կստացվի՞, թե՞ ոչ՝ կախված է յուրաքանչյուրիցս։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը