Լրահոս

30.09.2010 15:42


Ախթամարի Սուրբ Խաչում «Հայր Մերը» արգելված է

Սեպտեմբերի 26-28-ը՝ սփյուռքահայ փոքր խմբի առաջարկով նրանց ուղեկցում էի դեպի Անի, Բայազետ, Վան, Բիթլիս, Մուշ և Կարս։ Սեպտեմբերի 26-ին, կիրակի օրը՝ ընդամենը մեկ շաբաթ անց սեպտեմբերի 19-ի Պատարագից, հայերին թույլ չտվեցին Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու ներսում «Հայր Մերը»  աղոթել։ Ամբողջ օրը կղզում և եկեղեցում հսկողություն իրականացնող ոստիկանները ոչ միայն արգելում են մոմավառությունը, այլ որևէ աղոթք։ Բելգիացի զբոսաշրջիկները, որոնք այդ պահին եկեղեցում էին, զարմացած էին թուրք ոստիկանների պահվածքից։ Երբ քաշքշուկով ավարտվեց «Հայր Մերը», ոստիկաններից մեկը մեզ ասաց, որ իրենց հրահանգել են թույլ չտալ բարձրաձայն աղոթել, քանի որ սա թանգարան է։ Անիմաստ էր բացատրել, որ անգամ թանգարանում արգելված չէ աղոթելը։

Այս հաղորդագրությունը տարածում եմ ոչ թե հակաթուրք տրամադրություններ ցանելու, այլ պարզապես հայ ուխտավորներին տեղյակ պահելու, որ նրանք Սուրբ Խաչում աղոթել կամ մոմ վառել կարող են եկեղեցու բակում միայն։

Հավելեմ նաև, որ Անիի եկեղեցիներում, ավելի հստակ Մայր Տաճարում, որտեղ պատրաստվում է ուրբաթօրյա նամազ անել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ  Դեվլեթ Բահչելին, հսկողություն չի իրականացվում և հանգիստ կարելի է մամ վառել ու աղոթել։ Կարսի Առաքելոց եկեղեցին, որը տարիներ առաջ թանգարանից վերածվեց մզկիթի, գրեթե այցելուներ չունի։ Կարսում բոլորը գիտեն և Առաքելոցը շարունակում են կոչել իր ճիշտ անունով՝ Էրմենի Քիլիսեսի, ասյինքն՝ հայկական եկեղեցի։

Թաթուլ Հակոբյան

Լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը