Լրահոս

30.09.2010 15:45


Մի քանի հարց Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար պարոն Միրզախանյանին

Ասյօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը մի քանի գրավոր հարց է հղել Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար պարոն Միրզախանյանին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակը:

«2010թ. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը 2009թ. հոկտեմբերի  7-ի N59 Հանձնարարականի հիման վրա «Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական  համալսարան» ՊՈԱԿ-ում ՀՀ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման վիճակը պարզելու նպատակով իրականացրել Է ուսումնասիրություն: Նախկին ռեկտորի անունով տեսչությունը ներկայացրել է 18 կետից բաղկացած հանձնարարական, որում  ներկայացված են գործատուի կողմից  ՀՀ աշխատանքային օրենսգրքի խախտման դեպքերը:

Թվանշված 18 դեպքերից 11-րդի համաձայն' կազմակերպության  աշխատողներին  ամենամյա արձակուրդի համար աշխատավարձը չի վճարվել օրենսդրությամբ սահմանված ժամկետում եւ 2007-2009թթ. չի հաշվարկվել ու չի վճարվել 55.535.712 ՀՀ դրամ, այսինքն, որպես կազմակերպության աշխատող, ոտնահարվել է նաեւ Ձեր իրավունքը, Ձեր արժանապատվությունը:

  • Լինելով վերոնշյալ բուհի վաղեմի աշխատող, գիտությունների դոկտոր, ֆակուլտետի դեկան' պաշտպանե՞լ եք արդյոք Ձեր իրավունքը, Ձեր ֆակուլտետի աշխատակիցների իրավունքները' պահանջելով չվճարված գումարները, ի՞նչ արդյունքի եք հասել,

2011-2015թթ. Կրթության զարգացման պետական ծրագիրը կարեւորում է պետականության կայացման եւ քաղաքացիական հասարակության կառուցման   գործընթացում  ակտիվ քաղաքացու ձեւավորումը, որն ազգային արժեքների կրողն է:

  • Որպես Մանկավարժական համալսարանի ռեկտորի թեկնածուի եւ որպես քաղաքացու' Ձեր օրինակը բավարա՞ր է արդյոք կրթելու ապագա մանկավարժներին' որպես ակտիվ, արժանապատիվ քաղաքացիների:

2011-2015թթ. Կրթության  զարգացման պետական ծրագրի 27-րդ կետում ամրագրված է, որ ցածր է կրթության որակը մանկավարժական բուհերում, նախատեսվում է վերանայել մանկավարժական մասնագիտություններով բուհերի մասնագիտական ծրագրերն ու ուսումնական պլանները' համապատասխանեցնելով հանրակրթության ոլորտում ընթացող  բովանդակային բարեփոխումներին:

  • Որքանո՞վ եք պատրաստ իրականացնելու այդ անհրաժեշտ բարեփոխումները, որպեսզի Մանկավարժական համալսարանին չսպառնա փակման վտանգը:

Աշխատանքի պետական տեսչության հայտնաբերած իրավախախտումները պահանջում են արմատական մոտեցումներ եւ միջոցառումներ' դրանք շտկելու համար:

  • Պատրա՞ստ եք արդյոք ստանձնելու բուհում աշխատանքային հարաբերությունները օրենսդրական դաշտ բերելու, կաշառակերության երեւույթները վերացնելու պատասխանատվությունը:

Վերոնշյալ հարցերի  պատասխաններն ակնկալում եմ ոչ  միայն ես, այլեւ հասարակության որոշ շահագրգիռ հատված, նաեւ Մանկավարժական համալսարանի խորհրդի  անդամները, որոնք այս հարցերը պետք է բարձրացնեն ռեկտորի յուրաքանչյուր թեկնածուի ընտրության ժամանակ»:

Այս խորագրի վերջին նյութերը