Մեկնաբանություն

09.11.2015 16:38


Իսկ ումի՞ց է պակաս Լիսկան

Իսկ ումի՞ց է պակաս Լիսկան

ՀՀԿ–ական Արմեն Աշոտյանի օրինակով Բաղրամյան 26–ը բացահայտորեն ցույց է տալիս, թե ինչպիսի երկրում ենք ապրելու նոր Սահմանադրության ընդունման դեպքում։ Իրենց ուզածով կստացվի, թե ոչ, այլ խոսակցության թեմա է (միայն մեկ բան՝ ամեն ինչ կախված է յուրաքանչյուրիցս)։

Տխրահռչակ Աշոտյանին քաղաքական հաղորդման վարող նշանակելը նույնն է, թե Սաշիկին նշանակես Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեի նախագահ, Գալուստ Սահակյանին՝ Լեզվի պետական տեսչության ղեկավար, Տիգրան Սարգսյանին՝ օֆշորային կազմակերպությունների միջոցով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խմբերի դեմ պայքարի վարչության պետ, Հովիկ Աբրահամյանին՝ ընտրակեղծիքների դեմ պայքարի հանրային կառույցի համակարգող, Տարոն Մարգարյանին՝ «ատկատների» դեմն առնող հանձնաժողովի նախագահ, կամ Լիսկային՝ Մարդու իրավունքների պաշտպան։

Ի դեպ, Սյունիքի մարզպետն իրոք լավ օմբուդսմեն կլինի, հատկապես որ Կարեն Անդրեասյանից ՀՀԿ–ի «ակԾիվ» հատվածը դժգոհ է, և ճիշտ ժամանակն է արժանի կադր առաջ քաշելու։

Լիսկան կարող է պաշտպանել ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքներն այնպես, ինչպես պաշտպանված են սյունեցիները։ Ինչո՞ւ պետք է միայն հպարտ սյունեցիներն օգտվեն այդ բարիքից։ Թող ամբողջ Հայաստանը դառնա մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կենտրոն։

Իսկ ումի՞ց է պակաս Լիսկան։ Նա էլ ի՛ր ոլորտի Աշոտյանն է։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Նայեցի Աշոտյանի վարած հաղորդումը։ Ինձ հետաքրքիր էին դետալները, այլ ոչ թե բուն թեման, քանզի ամեն ինչ պարզ էր դեռ հաղորդումից առաջ։

Ուշագրավն այն էր, որ Բաղրամյանից հայտնի ուղղությամբ ուղարկվածն ամբողջ հաղորդման ընթացքում որպես արժանիք էր ներկայացնում այն, որ իրենք կարողանում են տոտալ ձևով կեղծել ընտրությունները։ Ըստ Աշոտյանի՝ իրենց ընդդիմախոսները մեղավոր են ու վատը, քանզի չեն կարողանում ընտրակեղծարարության դեմն առնել։ Եվ այս մարազմատիկ հայտարարությունից հետո «դատավորի» դեր կատարող հանդիսատեսը ծափահարում էր։

Ընտրակեղծարարության դեմն առնել չկարողանալը որպես մեղք ներկայացնելը նույնն է, թե հանցագործը դատարանում մեղադրի թալանվողներին, որ վերջիններս տեղում չեն կարողացել գնդակահարել իրեն, իսկ դատավորն էլ հայտարարի, թե՝ այո՛, թալանչին ճիշտ է ասում. բա ամոթ չի՞, որ չեք կարողացել թալանչուն գնդակահարել, և ուրեմն, ձեզ հասնում է թալանվելը։

Փաստորոն, կարող ենք արձանագրել, որ իշխանություններն Աշոտյանի շուրթերով զինված հեղափոխության կոչ են անում։ Նրանք, բնականաբար, այդպես չեն ուզում, բայց այդպես է ստացվում։

Վերջը բարի լինի։

Այս խորագրի վերջին նյութերը