Մեկնաբանություն

10.11.2015 10:06


«Այո»–ի 50 երանգները

«Այո»–ի 50 երանգները

Սահմանադրության նոր նախագծին «այո» ասողներին կարելի է բաժանել մի քանի խմբի։

Առաջին խմբում «ի պաշտոնե» «այո» ասողներն են՝ ՀՀԿ–ականները։ Նրանք միշտ «այո» են ասել։ «Այո» են ասել 1995–ին, երբ մաս էին կազմում «Հանրապետություն» դաշինքին։ «Այո» են ասել 2005–ին, երբ սատարում էին Ռոբերտ Քոչարյանին։ «Այո» են ասում նաև հիմա, երբ դա անհրաժեշտ է արդեն Սերժ Սարգսյանին, ում հրաժարականն էին, ի դեպ, պահանջում տարիներ առաջ։

Կան նաև վճարովի «այո» ասող «քաղաքական գործիչներ», «վերլուծաբաններ» և «անկախ» դեմքեր։ Սրանք այն դիշովկեքն են, որոնց միշտ էլ այս իշխանություններն օգտագործում են։

ՀՅԴ–ական վերնախավն էլ է «այո» ասում, քանզի համոզված է, որ նոր համակարգի պայմաններում քաղաքական դաշտը վերածվելու է «ապրանքահումքային» բորսայի, և տեղի են ունենալու «լեգիտիմ» սակարկություններ։ Իսկ դա նրանց հնարավորություն կտա դառնալ ազատ «փոխարկելի»՝ այդտեղից բխող բոլոր կոմերցիոն հետևանքներով։

Կան նաև շրջանակներ, որոնց համար «այո»–ն «զաչոտ» հանձնելու պես մի բան է։ Նաև՝ ներքին հույս, որ «այո»–ից հետո կհաջողվի պահպանել աթոռը և հետագայում ստանալ մի քանի պատգամավորական մանդատ։

Ինչ վերաբերում է հանրությանը, ապա անկեղծորեն ու գիտակցված «այո» ասող դեռ չի հանդիպել բնության մեջ։ Իսկ դա նշանակում է, որ միայն տոտալ ընտրակեղծիքների դեպքում է հնարավոր «այո»–ն։ Կստացվե՞ն այդ կեղծիքները, թե՞ ոչ՝ պարզ կդառնա դեկտեմբերի 6–ին։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Քիչ էր մնում՝ մոռանայինք ամենագլխավոր «այո» ասողներին՝ ՀՀԿ ղեկավարին ու իր նեղ շրջապատին։ Նրանց համար «այո»–ն կենաց–մահու հարց է։ Այստեղ միայն վերարտադրվելու խնդիր չէ դրված։ Խնդիրը նախ և առաջ անձնական անվտանգությանն է վերաբերում։

Այս խորագրի վերջին նյութերը