Մեկնաբանություն

12.11.2015 10:25


Եկել է հեռուստաթամաշայի ժամանակը

Եկել է հեռուստաթամաշայի ժամանակը

Իշխանություններն իրար հետևից հեռուստաթամաշաներ են սարքում։ Ասում են՝ եկեք ազատորեն Աշոտյանի ու մյուսների հետ քննարկենք սահմանադրական փոփոխությունների թեման։

Չափազանց անկախ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր ու մի շարք թունդ ընդդիմադիր հեռուստաընկերությունների աշխատակից («Շանթ», Հ1 և այլն) Արամ Աբրահամյանն ու նրա «ցեխավիկ» ընկերները փառաբանում են սերժական եթերը՝ հայտարարելով, որ առաջ այսպես չէր, իսկ հիմա լավ է, քանզի եթերը բացվել է (ինչ վատն էր Ռոբերտ Քոչարյանը, որ սրանց լավ չէր «նայում» ու համապատասխան «վիտամիններով» չէր ապահովում, իսկ ահա Սերժ Սարգսյանը «յուղեց», «լողացրեց», «հագցրեց» ու «կապցրեց», ճիշտ է՝ ՀՀ–ից հեռացած 300 հազար քաղաքացիների գնով)։

Եթերն իրականում ոչ թե բացվել է, այլ փակվել է եթերում (և ոչ միայն եթերում) գտնվողների բերանը։ Նրանց պարզապես մանրամեծածախ գներով գնել են։ Գնել են ու բաց թողել հանրության վրա։

Գնել են նաև «քաղաքական ընդդիմություն» կոչվածի ճնշող մեծամասնությանը։ Գնման ցուցադրական ակտը Բ26–ում տեղի ունեցած ֆոտոսեսիան էր։

Ֆոտոսեսիան բռնության և քաղաքական թրաֆիքինգի յուրօրինակ ակտ էր։ Նաև՝ թաղում. հողին էին հանձնվում քաղաքական դիակները։ Նրանց հետ «այն աշխարհ» էին գնում նաև նրանք, ովքեր ֆորմալ առումով չէին մասնակցում ֆոտոսեսիային, բայց ամեն ինչ արել էին, որպեսզի այն կայանա։ Չմասնակցողներից շատերն ավելի մեծ ավանդ ունեին հաճախորդացման գործում, քան նկարահանվողներից շատերը, որոնց փողկապով (արական սեռի անձնագիր ունեցողներին) ու «ֆենած» մազերով (իգական սեռի անձնագիր ունեցողներին) բերել էին նախագահական նստավայր՝ սեփական հուղարկավորությունը տեսնելու համար։

Ու այս պայմաններում հայտարարել, թե եկե՛ք, եթերն ազատ է, պարզապես ծաղր է։ Հեռուստաթամաշան ընդամենը քելեխի արարողություն է դառնում այդ դեպքում։

Հայաստանը պետք է կարողանա թոթափել այս կեղտն իր վրայից, այլապես աշոտյանները կսկսեն զուգահեռաբար լուրեր վարել, հետո շորերը փոխել ու սերիալներում նկարվել, հետո՝ կապիկություն անել շոուների ժամանակ, սաշիկները՝ մշակութային հաղորդումներ սկսել, շմայսները՝ «Բարի գիշեր, երեխանե՛ր» մատուցել, և այսպես շարունակ։

Իսկ առայժմ վայելե՛ք հեռուստաթամաշան։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը