Լրահոս

01.10.2010 09:24


ՀԱԿ. «Քաղբանտարկյալների նկատմամբ որևէ ոտնձգության համար ողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ Սերժ Սարգսյանի վրա»

Քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարչախմբի վերջին հանցավոր ծրագրերի բացահայտումն ու կանխումը, ինչպես եւ սպասելի էր, հասարակական մեծ հնչեղություն է ստացել հայաստանյան քաղաքացիական հասարակության մեջ եւ լրատվամիջոցներում։ Չկարողանալով լռեցնել քաղբանտարկյալին, մասնավորապես՝ կանխել նրա հրապարակային ելույթները մամուլում, իշխանությունը ամենաբարձր մակարդակով նրա նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդերի ստոր մի ծրագիր էր մշակել՝ դիմելով իրեն հոգեհարազատ քրեական աշխարհի հետ համագործակցության քստմնելի մեթոդին։ Սա քաղբանտարկյալների նկատմամբ իշխանական ցածրակարգ քինախնդրության դրսեւորման առաջին դեպքը չէ, որը, եթե աչքի է ընկնում իր անօրինակ ցինիզմով, բայց նաեւ մատնում է վարչախմբի անճարությունը։ Ժամանակին ձեռնարկված միջամտությունների եւ հասարակական ակտիվ ներազդման շնորհիվ հնարավոր եղավ առայժմ կանխել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ծրագրված նենգ ու փոքրոգի ծրագիրը։ Սակայն դա չի նշանակում, թե նա եւ մյուս քաղբանտարկյալներն այլեւս ապահովագրված են նմանօրինակ ծրագրերի ու սադրանքների թիրախ լինելուց։

Նկատի ունենալով, որ անխտիր բոլոր քաղբանտարկյալների հետ կապված հարցերը հրահանգվում են անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, կամ համաձայնեցվում նրա հետ, Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանի եւ բանտերում պահվող մյուս քաղբանտարկյալների նկատմամբ որևէ ոտնձգության համար ողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ Սերժ Սարգսյանի վրա։ Կոնգրեսը կոչ է անում իրավապաշտպան կազմակերպություններին, լրատվամիջոցներին, ողջ հասարակությանը՝ ուշադրության կենտրոնում պահել նրանց ու նրանց հետ առնչվող բոլոր հարցերը։

Այս խորագրի վերջին նյութերը