Մեկնաբանություն

15.11.2015 11:10


«Անասնաֆերման»՝ իրապատում շոուի տեսքով (տեսանյութ)

«Անասնաֆերման»՝ իրապատում շոուի տեսքով (տեսանյութ)

Երկրում մարազմը մետաստազներ է տալիս։

Հերիք չէ՝ կրկեսի ծաղրածուները իշխանական կայքերի ու հեռուստաալիքների եթերից չէին իջնում՝ ժողովրդին փորձելով համոզել, որ եթե գործող Սահմանադրությունը մնա, ապա Հայաստանը «վարի կգնա», հիմա էլ սրանց ցրել են հանրապետության հյուսիս ու հարավ՝ քաղաքացու նկատմամբ ձեռառնոցին լիարժեք դարձնող իրապատում շոու խաղալու։

Շոուի համար ամեն բան ապահովված է՝ դերասանները կան, դպրոցներից ու մանկապարտեզներից թատերաբեմ բերված «գոհ քաղաքացիները» կան, գլամուրային հաղորդավարուհին կա, գյուղացին ու չինովնիկն էլ բանկից վերցրած վարկով մի կերպ աճեցրած կառալյոկ ու նուռ են ուտում իրար հետ։

Մարդիկ օրվա հացի խնդրի առաջ են կանգնած, սրանք իրենց տաք տեղերից վեր կացել, գնացել են գյուղեր ու անամոթաբար ժողովրդին համոզում են, թե Սահմանադրությունը փոխում են հենց ժողովրդի համար, ոչ թե Սերժ Սարգսյանի վերարտադրության, բայց դե, ժողովուրդն էլ էնքան միամիտ է, որ իր օգուտը չի հասկանում, էս մարդկանց տանջանքն էլ չի գնահատում (վերջին անգամ մեկ էլ եսիմ՝ երբ էին էսքան «հակահիգիենիկ» գյուղ գնացել ու էսքան աղքատ մարդու հետ «լեզու թրջել»)։

Ա՛յ, տեսնո՞ւմ եք, թե ինչ «պուպուշ» ղեկավարություն ունենք. ո՜նց է ժողովրդի մասին մտածում։ Բա դրանից է՛լ ավելի շատ ուզում է խաղաղ ճանապարհով հեռանալ իշխանությունից, բայց գործող «սրիկա» Սահմանդրությունը ձեռքերը կապել է ու նենգաբար չի թողնում։ Հիմա Սահմանադրությունը փոխում են, որ հանգիստ հեռանան։ Ահա այդպիսի խոխմա բան։

Խոխման նաև այն է, որ «ոչ»–ի սուտի քարոզիչներին «այո»–ի կազմակերպիչները հենց իրենք են զուռնա դհոլով, իրենց տրանսպորտով ու փողերով տանում մարզեր՝ «ոչ» քարոզելու։ Ահա այսպիսի «ընդդիմադիրա»-իշխանախառն իդիլիա։

Նույնն է, թե թշնամուն քո մեքենայով նստացնես, տանես քո տարածք ու ասես՝ դե կրակի մեր գլխին։ Բայց դե, գործող իշխանության համառ ջանքերի շնորհիվ մեր երկրում «այո»–ն ու «ոչ»–ը եթերում խառնվել են իրար։ Հյուսիսում ու հարավում «ոչ» քարոզողն էլ է տակից «այո»–ի համար աշխատում. ուղղակի իրեն դրել է խիստ քաղաքացիականի տեղ ու հենց ուղիղ եթերում ավելի անբարոյական վարքագիծ է դրսևորում, քան, օրինակ, բայցահայտ «այո» քարոզող Մարգարիտ Եսայանը կամ Վարդան Այվազյանը։

Իրականությունն այն է, որ, իբր, «ոչ» քարոզողներն ավելի շատ են «այո»–ի կողմնակից, քան ֆորմալ «այո» ասողները, քանզի վերջիններիս ի պաշտոնե են ուղարկել դռնեդուռ, իսկ ահա կեղծ «ոչ»–ականները կոնկրետ հանձնարարականով են ասպարեզ իջել։

Մի խոսքով, «Անասնաֆերմայի» բոլոր կենդանիներին իշխանությունը հանել է մեյդան, ու չզարմանաք, եթե վաղը հենց նույն իշխանության լրատվամիջոցներին «ֆաս տան» անասնաֆերմայի այդ նույն կենդանիների դեմ։

Արեգնազ Մանուկյան

Հ.Գ.։ Վաղուց բացահայտված «քաղաքացիականների» հետ, իբր, «ոչ» է քարոզում նաև առավոտից երեկո արնախում իշխանություններից դժգոհող տխրահռչակ Պետրոս Մակեյանը, ով սեղան է նստել «այո»–ականների հետ ու խմում է իր փայ «արյունը» (տե՚ս կից տեսանյութը)։ Եվ այս մարդը դժգոհում էր, որ օր առաջ չի արվում իշխանափոխություն, և որ ոմանք իշխանությունների հետ կոշտ չեն ուզում խոսել։

Մակեյանը, փաստորեն, հասավ իր նպատակին։ Հիմա նրան մոտ են թողել կերակրատաշտին (մյուս «թունդ ընդդիմադիր» Ալեքսանդր Արզումայնաին էլ հաճախորդաց սեղանի «գլխին» էին նստացրել)։ Բառիս բուն իմաստով։

Այս խորագրի վերջին նյութերը