Մեկնաբանություն

15.11.2015 20:01


Որպեսզի կրկին կարիք չլինի ասել «Je suis ...»

Որպեսզի կրկին կարիք չլինի ասել «Je suis ...»

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության պատճառներն ու պատվիրատուներին գտնելը և՛ հեշտ է, և՛ դժվար։

Հեշտ է, քանզի «Իսլամական պետությունը» հայտարարել է, որ դա իր ձեռքի գործն է։ Այսինքն՝ պարզ է, թե որ շրջանակն է սպանությունների պատվիրատուն, ու նաև պարզ է, թե ինչ պետք է անել։

Բարդությունն այստեղ այն է, որ Ֆրանսիան դարձել է սեփական քաղաքականության, ավելի ճիշտ՝ սեփական քաղաքականության բացակայությա՛ն զոհը։

Ֆրանսիան ու ընդհանրապես ամբողջ ԵՄ–ն չունի սեփական արտաքին քաղաքականություն և անվտանգության սեփական համակարգ։ ԵՄ–ի արտաքին քաղաքականությամբ, մեծ հաշվով, զբաղվում է ԱՄՆ–ը։

ԵՄ անվտանգության երաշխավորը ՆԱՏՕ–ն է, այսինքն՝ կրկին ԱՄՆ–ը։ Վերջինս ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած 25 տարվա ընթացքում ցույց տվեց, որ խայտառակ արդյունքներ է ապահովում և մեծագույն դժբախտությունների պատճառ դառնում (Իրաք, Սիրիա, Լիբիա, Ուկրաինա, Վրաստան, Եգիպտոս, Թունիս և այլն)։

Ամերիկյան վերնախավն, անշո՛ւշտ, այդպես չի ուզում, բայց այդպես ստացվում է։ Նրանք ամեն անգամ, ի վերջո, ընդունում են, որ սխալվել են, բայց համապատասխան հետևություններ չեն անում։ Չեն անում, քանզի մինչև վերջերս գերմենաշնորհային կարգավիճակ ունեին միջազգային ասպարեզում։ Իսկ գերմենաշնորհային կարգավիճակը, ինչպես բիզնեսում, այնպես էլ քաղաքականության մեջ (նաև՝ միջազգային հարաբերություններում), ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Ժողովրդավարության ու մրցակցային շուկայական տնտեսության ջատագով Միացյալ Նահանգներն այդ արժեքները քարոզում է ուրիշներին, բայց ինքը լրիվ այլ վարքագիծ է դրսևորում։

ԵՄ առաջնորդները, թերևս, բնազդաբար էին զգում գերմենաշնորհային դիրք ունեցող ԱՄՆ–ի տակ գտնվելու վտանգավոր հեռանկարը, բայց քանի որ ամերիկյան ձախողումներն ուղղակիորեն չէին ազդում իրենց երկրների վրա, ուստի չէին զբաղվում քաղաքականությամբ։ Եվ ինչպես միշտ է լինում՝ քաղաքականությամբ չզբաղվողով զբաղվում է քաղաքականությունը։ Փարիզում մենք հենց քաղաքականության բացակայության հետևանքը տեսանք։

Կանե՞ն ԵՄ–ում համապատասխան եզրահանգումներ, թե՞ կրկին հայացքը կհառեն դեպի Վաշինգտոն ու կշարունակեն գործիքի դերում ՌԴ դեմ անիմաստ պայքարը՝ հնարավորություն տալով ԻՊ–ին ու մյուս ահաբեկչական կազմակերպություններին, օգտվելով աշխարհի հզորների տարաձայնություններից ու պարզ հիմարություններից, ազատորեն կրակել աշխարհի մայրաքաղաքներում, ցույց կտան առաջիկա օրերը։

Զգուշավոր լավատեսության համար հիմք է հանդիսանում այն, որ այսօր Փարիզում Ֆրանսիայի ներկա ու նախկին նախագահները համատեղ քննարկել են նոր քաղաքականության ներդրման հարցերը։ Օլանդի հետ հանդիպումից հետո Սարկոզին հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Արևմուտքը պետք է գործի Ռուսաստանի հետ համատեղ։

«Սիրիայում չպետք է լինի հակաահաբեկչական երկու կոալիցիա»,– համոզմունք է հայտնել Սարկոզին։

Համատեղ գործելու մասին ՌԴ նախագահ Պուտինը միշտ է առաջարկ ներկայացրել, սակայն ԱՄՆ–ը և իր ազդեցության տակ գտնվողները, այդ թվում՝ Ֆրանսիան, մշտապես դեմ են արտահայտվել միասնական ջանքերին՝ առաջ քաշելով Սիրիայի նախագահ Ասադի անհապաղ հեռացման թեման, որն այլ կերպ, քան «բզիկ», չես անվանի։

Բայց հիմա իրավիճակը փոխվել է, քանզի քաղաքականության բացակայությունը և ուրիշի վրա հույս դնելով «անդարդ» ապրելը շատ ծանր է նստում ֆրանսիացիների ու մյուսների վրա։

Ու որպեսզի հետագայում կրկին կարիք չլինի հայտարարելու «Je suis Charlie», «Je suis Paris» և այլն, ֆրանսիացիներն ու «առաջադեմ» կոչված աշխարհի քաղաքացիներն իրենց կառավարություններից պետք է պահանջեն պատասխանատու և ռացիոնալ քաղաքականություն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և գլոբալ խաղաղության ապահովման հարցերում։

Արևմուտքն ու Ռուսաստանը պետք է լեզու գտնեն և սկիզբ դնեն բազմաբևեռ աշխարհի։ Ամերիկյան հեգեմոնիայով միաբևեռ աշխարհն իր բացասական հետևանքները ցույց է տվել։ Ու այդպես այլևս հնարավոր չէ շարունակել։ Առանց Սովետի հնարավոր չէր պայքարել ֆաշիստական Գերմանիայի դեմ, ու հիմա էլ առանց ՌԴ–ի հնարավոր չէ ոչնչացնել ամերիկյան մենաշնորհի և սխալ քաղաքականության հետևանք հանդիսացող «Իսլամական պետություն» կոչված չարիքի արտադրամասը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը