Մեկնաբանություն

16.11.2015 21:20


Կրկեսի վերածված հայրենիքը – 2 (տեսանյութ)

Կրկեսի վերածված հայրենիքը – 2 (տեսանյութ)

ՀՀԿ ղեկավարը հերթական անգամ իր խոսքի տերը դարձավ։

Երբ այս տարվա փետրվարին հայտարարվեց, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, արդեն իսկ հասկանալի էր, որ այդ պահից սկսած՝ հայրենիքը, ավելի ճիշտ՝ դրա քաղաքական հատվածը, վերածվելու է կրկեսի, ընդ որում՝ բառիս բուն իմաստով։

Հիմա ծաղրածուներն ու խեղկատակներն ամենուրեք են։ Մեկին տվել են իշխանության վերնաշապիկը, մյուսին՝ «թունդ ընդդիմադրի» գլխարկը, երրորդին՝ «այո»–ի շորը, չորրորդին՝ «ոչ»–ի կիսաշրջազգեստը, վեցերորդին «մայկա–տրուսիկով» են բաց թողել հանրության վրա, յոթերորդի շորերը փոխել են և Հ1–ի եթերից հաղորդավարի կարգավիճակով «քսի տվել», ու այդպես շարունակ։

Դե, իսկ ֆորմալ իշխանավորներին դարձրել են «չեյնջերով լիմպոպո»։ Սրանք մինչև երեկոյան ժամը վեցը պաշտոնյաներ են, վեցից հետո՝ նոր Սահմանադրության վկաներ, իսկ կեսգիշերին Մոխրոտիկի կառքի պես «դդում» են դառնում (բա այդքան աշխատելուց հետո ինչպե՞ս «չդդմանան»)։

Մի խոսքով, կապիկությունը համատարած է։ Եվ այդ ամենն այն բանի համար, որ ժողովուրդը լուրջ չընկալի սահմանադրական փոփոխությունների թեման ու հանկարծ փողոց դուրս չգա։ Թե ինչքանով կաշխատի այդ «տրյուկը», դժվար է ասել։

Մեկ բան ակնհայտ է՝ սրանք կարող են մի քանի օր տեխնոլոգիա կիրառել ու հիմարության շքահանդես կազմակերպել, կարող են ահագին ժամանակ ապուշի տեղ դնել մի փոքր խումբ մարդկանց, բայց, միևնույն է, «X» պահին «Y» առաջարկը «Z» ուժից ստանալուց հետո մարդիկ փողոց են թափվելու՝ սրբելու կապիկներին ու դրանց տերերին։

Ինչ վերաբերում է աննախադեպ հեռուստաթամաշային, ապա կարող ենք ասել, որ հաճախորդներն ու դրանց հավասարեցված սուբյեկտները նորովի են բացահայտվում։

Պարզվեց՝ Բ26–ում տեղի ունեցած ֆոտոսեսիան դեռ վերջը չէր։ Ոմանց ստիպում են «ատռաբատիված» անել նաև հեռուստաթամաշայում՝ մի մասին «այո»–ի, իսկ մյուս մասին էլ՝ «ոչ»–ի «գործի» վրա նստացնելով։

Մեգադհոլ Հրանտ Բագրատյանն, օրինակ, կիթառ է նվագում՝ փորձելով հաճախորդության հարցում ուղիղ եթերում մրցել «քաղաքացիական» Վաղինակ Շուշանյանի հետ։ Երկուսն էլ նեոգեղամյան են։ Մեկը նվագում է, մյուսը՝ երգում (տե՛ս կից տեսանյութը)։

Նվագողը ներքուստ խանդում է երգողին, քանզի վերջինս կարողացել է ջահել–ջահել Բ26–ին կից «Ո՛չ թալանին» գոռալ և «Այո՛ թալանչիներին» կարգախոսով առաջնորդվել՝ դառնալով «Նատաշա» (հոսանքի թանկացման ժամանակ էլ, փաստորեն, «այո»–ն ու «ոչ»–ը միախառնվել էին)։

«Քաղաքացիական» երգիչն այդպիսով առաջ է ընկել նվագողից։ Բագրատյանի մոտ, ըստ այդմ, ենթագիտակցաբար է ստացվում իր անտաղանդ կիթառային ռիթմերի տակ ոչ պակաս անտաղանդ երգող Վաղոյին «Մի՛ վռազի» կոչով դիմելը։

Ճիշտ է, Բագրատյանը «քաղաքացիականին» երգի պահով է չվռազելու մասին ասում, սակայն «թարգմանելով» այն «քաղաքական» լեզվով՝ կստանանք հետևյալը. «Վաղինա՛կ ջան, դու դեռ ջահել ես, կհասցնես հաճախորդությունդ կապիտալիզացնել, իսկ ես չեմ ուզում սպասել, այնպես որ, «մի՛ վռազի» ու ինձանից առաջ մի՛ ընկիր դհոլության հարցում»։

Ահա այսպիսի կրկեսային կրքեր։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը