Լրահոս

01.10.2010 11:52


Երևանում կանցկացվի Պատանի քիմիկոսների համահայկական առաջին մրցաշարը

«Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով ցելյուլոզից ստանալ հրակայուն բամբակ։ Ինչպիսի՞ բաղադրություն ընտրել արդյունավետ  և անվտանգ շամպուն ստանալու համար։ Ո՞ր քիմիական ռեակցիաներն են կախված ձգողական ուժից»։

Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ կփորձեն գտնել Պատանի քիմիկոսների համահայկական առաջին մրցաշարի մասնակիցները։

Սա «Այբ» կրթական հիմնադրամի հերթական հետաքրքիր նախաձեռնությունն է, որն իրենից ներկայացնում է թիմային մրցույթ, որտեղ դպրոցականները լուծում են քիմիայի բարդ ու հետաքրքիր առաջադրանքներ, բանավիճում գիտական թեմաների շուրջ, անում իրենց առաջին գիտական հայտնագործությունները:

Մրցույթը կկայանա  հոկտեմբերի 2-ին, Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում։ Մրցաշարին մասնակցում է յոթ թիմ հանրապետության տարբեր քաղաքներից, մասնավորապես' մեկական թիմ Վանաձորից, Աբովյանից, Վաղարշապատից, Գյումրուց, Ստեփանավանից և երկու թիմ՝ Երևանից:

Ժյուրիի նախագահն է Երևանի պետհամալսարանի անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ,
քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանը: Ժյուրիի կազմում ներգրավված են դասախոսներ, երիտասարդ գիտաշխատողներ, դպրոցի ուսուցիչներ և այլ մասնագետներ:

Մրցույթը բաղկացած է 2 կիսաեզրափակչից և եզրափակչից, որոնց կհաջորդի մրցանակաբաշխության արարողությունը։

Այս խորագրի վերջին նյութերը