Մեկնաբանություն

19.11.2015 00:50


Շարքային թուրքերը ցույց տվեցին այն, ինչը փորձում է թաքցնել Էրդողանը (տեսանյութ)

Շարքային թուրքերը ցույց տվեցին այն, ինչը փորձում է թաքցնել Էրդողանը (տեսանյութ)

Թուրքիայում տեղի ունեցող ֆուտբոլային ընկերական հանդիպումն այդ երկրի ազգային հավաքականի ու Հունաստանի միջև ցույց տվեց, որ թուրք հանրությունը հոգով ու սրտով «Իսլամական պետության» հետ է, և թշնամանքով է լցված ահաբեկչական այդ կառույցի դեմ պայքարողների նկատմամբ (տե՛ս կից տեսանյութը)։

Բանն այն է, որ թուրք ֆուտբոլասերները սկսեցին սուլել ու աղմկել այն ժամանակ, երբ Փարիզում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ հայտարարվեց լռության րոպե։ Թուրքական «հորդաները» սկսեցին «Ալլահ աքբար» գոռալ, ինչը սուննի ահաբեկիչների սիրած վանկարկումն է։

Փաստորեն, թուրք հանրությունը բացահայտ ցույց տվեց այն, ինչը փորձում է դեմագոգիայի ու ստախոսության միջոցով թաքցնել Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Վերջինս մշտապես հայտարարում է, թե, իբր, Թուրքիան պայքարում է ԻՊ դեմ։ Ավելին՝ Թուրքիան մաս է կազմում ԱՄՆ գլխավորած այն կոալիցիայի, որը երկար ժամանակ է, ինչ պայքարում է ԻՊ դեմ (թվով 60 պետություն է մաս կազմում այդ կոալիցիային, բայց որքան շատանում են դրա անդամ պետություններն, ու որքան շատ է այդ կոալիցիան հայտարարում ԻՊ դեմ պայքարի մասին, այնքան ընդլայնվում է ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքը)։

Իրականությունը, սակայն, այն է, որ Թուրքիան, ԻՊ դեմ պայքարի հռետորաբանության ներքո, հանդես է գալիս Իրաքի ու Սիրիայի քրդերի դեմ։ Ըստ այդմ՝ ԻՊ–ն Թուրքիայի գործընկերն է, քանզի ահաբեկիչների թիրախը նույնպես քրդերն են (ինչպես նաև եզդիները, ալավիթները, քրիստոնյաները և բոլոր այն մահմեդականները, որոնք իրենց խաղի կանոններին չեն ենթարկվում)։ Ասել է թե՝ «իսլամիստ» ահաբեկիչների առաջնորդ Ալ Բաղդադին ու Թուրքիայի նախագահ Էրդողանը նույն բանն են անում. պարզապես առաջինը ձևեր չի թափում, իսկ երկրորդը թափում է։ Առանց Էրդողանի աջակցության, սակայն, Ալ Բաղդադին մի շաբաթ էլ չէր ձգի։

Թուրքիան էլ, տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերից ելնելով, հովանավորում ու աջակցում է ԻՊ–ին, և սա փաստ է։

ԱՄՆ գլխավորած կոալիցիայի բոլոր անդամներն էլ գիտեն, որ Թուրքիան է հանդիսանում ԻՊ գլխավոր ֆինանսական գործընկերը (Էրդողանի որդին է զբաղվում ԻՊ–ից նավթի գնման ստվերային բիզնեսով), սակայն ձև են անում, թե, իբր, չեն իմանում այդ մասին։ Էրդողանն էլ ձև է անում, թե, իբր, իր գլխավորած երկիրն էլ է պայքարում ահաբեկիչների դեմ։ Բայց թուրք հասարակությունը ձևականությունների հետևից չի ընկնում ու չի ուզում մտնել աշխարհաքաղաքական նրբությունների մեջ։

Ֆուտբոլային այդ հանդիպումը ցույց տվեց, որ թուրք հասարակությունը քաղաքակրթական առումով ԻՊ հետ է և Արևմուտքի ու համամարդկային արժեքների դեմ։

Մինչև այդ փաստը չընդունի Արևմուտքը և բացահայտորեն չխոսի այդ մասին, որ Թուրքիան է (նաև՝ Սաուդյան Արաբիան ու Քաթարը) միջազգային ահաբեկչության հիմնական հովանավորը, ահաբեկիչները շարունակելու են սարսափի մեջ պահել աշխարհի մայրաքաղաքները։

Ի դեպ, Պուտինն այդ մասին խոսեց Անթալիայում։ Նա անուն չտվեց, որպեսզի չխախտի հյուրընկալող կողմի հետ շփվելու վարքականոնը, բայց դե, ուղիղ խոսքը միայն ավանակին են ասում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը