Մեկնաբանություն

20.11.2015 13:50


Չաշխատող, բայց ուտող իշխանությունը

Չաշխատող, բայց ուտող իշխանությունը

Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը որդեգրել է «Ով չաշխատի՝ նա կուտի» կարգախոսը։

Դատե՛ք ինքներդ. վարչապետը հայտարարում է, թե հաջորդ տարի լավ բան պետք չէ սպասել, սոցապ նախարարը խրոխտ ձայնով տեղեկացնում է, որ կյանքի որակի վատացումը պետք է բնական համարել, իսկ ֆինանսների փոխնախարար և «Կոկա–կոլայի» պես ընդմիշտ Պավլիկ Սաֆարյանն «ավետում» է, որ նախատեսվում է պետական պարտքը հասցնել 5 միլիարդ դոլարի, այն է՝ ՀՆԱ–ի կեսին (սա այն փոխնախարարն է, ով «նստել» է բոլորի օրոք՝ աչքի ընկնելով իր գորշությամբ ու սեփական անփոխարինելիության մասին միֆեր տարածելով)։

Եթե «թարգմանենք» այս հայտարարությունները, ապա ստացվում է, որ իշխանությունները, ՀՀԿ ղեկավարի գլխավորությամբ, փոխանցում են հետևյալը. «Ժողովո՛ւրդ ջան, առաջիկայում ավելի վատ եք ապրելու, բայց դա մեզ չի խանգարելու պաշտոնավարել, դե, իսկ ֆինանսական ճեղքվածքն էլ փակելու ենք պետությունը, այսինքն՝ ձեզ, նոր պարտքերի տակ գցելով»։

Փաստորեն, իշխանությունը շարունակելու է ուտել բառիս բուն ու փոխաբերական իմաստով, բայց նաև՝ չաշխատել։ Այս պայմաններում Հովիկ Աբրահամյանին այլ բան չի մնում, քան մամուլի ընթերցանությամբ զբաղվելն ու «սահմանադրական» հեղաշրջմանը նպաստող հեռուստաթամաշային մասնակցելը։ Նա, ի դեպ, հենց այդպես էլ վարվում է։

Աբրահամյանի հույսն այն է, որ կկարողանա հանրաքվեի ժամանակ վերևից դրած պլանն ապահովել՝ «խփելով» այնքան տոկոս, որքան անհրաժեշտ է, ու պահել աթոռը, սակայն դա պատրանք է։

Սերժ Սարգսյանը հասկանում է, որ հանրային դժգոհությունն օր օրի ավելանում է, և իրեն քավության նոխազներ են պետք, որպեսզի իր վրայից գցի ձախողումների պատասխանատվությունը։

Հ. Աբրահամյանից լավ «նոխազացու» նա դժվար թե գտնի։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Երբ իշխանությունները հայտարարում են, որ կյանքի որակն ընկնելու է, բայց դրանից հետո հրաժարական չեն տալիս, ապա ստացվում է, որ իրենց միակ խնդիրն աթոռին մնալն է։ Այս դեպքում հանրության խնդիրը պետք է լինի դրանց աթոռից գցելը։ Պարզ է, որ առանց նոր քաղաքական ուժի դա հնարավոր չէ։ Հետևաբար, օրակարգային թիվ մեկ հարցը նոր ուժի ձևավորումն է դառնում։

Այս խորագրի վերջին նյութերը