Խմբագրական

21.11.2015 14:39


Օբամայի «բզիկը», Էրդողանի լկտի սուտը և «Իսլամական պետության» վերելքը

Օբամայի «բզիկը», Էրդողանի լկտի սուտը և «Իսլամական պետության» վերելքը

ԱՄՆ Պետդեպը նշել է այն նախապայմանը, որի բավարարումից հետո միայն կհամաձայնի ՌԴ–ի հետ Սիրիայի և «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցում դաշինք կազմել։

Ըստ այդմ՝ Պուտինին առաջարկվում է չհամագործակցել Սիրիայի նախագահ Ասադի հետ։ Դա նշանակում է, որ ԱՄՆ–ը փաստացի հրաժարվում է ՌԴ հետ համատեղ ուժերով ԻՊ դեմ պայքարից (իսկ առանց ռուս–ամերիկյան համագործակցության՝ այս հարցը չի կարող լուծվել)։ Միգուցե ամերիկացիները այդպես չեն ուզում, բայց այդպես է ստացվում։

Դատելով ամենից՝ Վաշինգտոնի համար հիմա կարևորն այն է, որ հանկարծ Ռուսաստանը չդառնա Մերձավոր Արևելքում և ընդհանրապես աշխարհում գլոբալ խաղացող։ ԱՄՆ–ը մտավախություն ունի, որ միաբևեռ աշխարհի վերջը գալիս է, իսկ դա իրենց համար ավելի ցավոտ թեմա է, քան ահաբեկչությունը, որն արդեն մտել է Փարիզ։ Ինչևէ։

Եթե ԱՄՆ–ը մի կողմից հայտարարում է, որ առանց ցամաքային օպերացիայի՝ հնարավոր չէ ԻՊ–ին հաղթել, իսկ մյուս կողմից էլ իմպերատիվ պնդում է, որ պետք է անպայման Ասադը հեռանա, ապա նշանակում է, որ այդ երկիրը կա՛մ լավ չի պատկերացնում, թե ինչպիսին է Սիրիայում իրական դրությունը, կա՛մ այլ խնդիրներ է լուծում, կամ էլ, ինչ–ինչ շահերից ելնելով, չի ուզում ԻՊ հարցերը լուծել կամ այդ լուծումը թույլ չտալ ուրիշների, մասնավորապես՝ ռուսների մասնակցությամբ։

Երբ Օբաման հայտարարում է, որ միայն Ասադի հեռացումը հնարավորություն կտա արդյունավետ պայքարել «Իսլամական պետության» դեմ, ապա դա մարազմատիկ մոտեցում է, յուրօրինակ «բզիկ»։

Սիրիայում, բացի Ասադի գլխավորած ռազմական միավորից, այլ ցամաքային ուժ չկա, որը կարող է պայքարել «Իսլամական պետության» և մյուս ահաբեկչական կազմակերպությունների դեմ։

Ճիշտ է, ցամաքային օպերացիաներում Ասադի բանակին օժանդակում են նաև Իրանից ժամանած «Իսլամական հեղափոխության պահապանները» և լիբանանյան «Հըզբոլլահը» (կան նաև շիա մահմեդականների այլ փոքրաթիվ խմբեր Աֆղանստանից և այլ երկրներից), բայց առանց Ասադի՝ այդ բանակը կփլուզվի, և «Իսլամական պետությունը» կտարածվի ամբողջ Մերձավոր Արևելքով ու Աֆրիկայի հյուսիսով՝ հետագայում ԵՄ ներթափանցելու և աշխարհը մի մեծ կրակի վերածելու համար։

Չհասկանալ այս ամենը նշանակում է ցուցաբերել հանցավոր կարճատեսություն։

Գերտերությունները հայտարարում են, որ Սիրիայում իրենք ցամաքային օպերացիաների չեն մասնակցելու, որպեսզի մարդկային ռեսուրսի կորուստ չունենան։

ԱՄՆ–ը, ՌԴ–ն, ԵՄ երկրները հրաժարվում են «գետնի վրա» կռվելուց՝ ապավինելով միայն օդուժին ու հեռահար հրթիռներին, բայց եթե Կրեմլն առաջարկում է ռացիոնալ լուծում՝ կոչ անելով Ասադի հետ համագործակցելու միջոցով ոչնչացնել ահաբեկիչներին և դրանից հետո միայն քաղաքական լուծում գտնել Սիրիայում, ապա ԱՄՆ–ը և իր ենթակա դաշնակիցները հա՛մ բացառում են ցամաքային գործողությունների իրականացումը, հա՛մ պնդում են ցամաքում միակ կռվող ուժի ղեկավար Ասադի հրաժարականը, ինչը փաստացի նշանակում է ԻՊ–ի հաղթանակ։

Ուշագրավն այն է, որ ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցներից է Թուրքիան, այն Թուրքիան, որն ուղղակի ֆինանսավորում է ԻՊ–ին՝ հետապնդելով ինչպես աշխարհաքաղաքական ու ֆինանսատնտեսական, այնպես էլ հակաքրդական նպատակներ (Իրաքում ահաբեկիչների դեմ հաջողությամբ պայքարում է քրդական աշխարհազորայինների բանակը՝ փեշմերգան)։ Այսինքն՝ ստացվում է, որ մի կողմից ԱՄՆ–ն աջակցում է Իրաքի քրդերին ԻՊ դեմ պայքարում, բայց մյուս կողմից էլ աչք է փակում, իբր, ԻՊ դեմ պայքարող Թուրքիայի գործողությունների վրա։

Ի դեպ, թուրքական կողմն իր կեղծ կեցվածքով հասել է այնտեղ, որ այդ պետության նախագահ Էրդողանը լկտի սուտ է դրել շրջանառության մեջ։ Ասում է՝ Ասադի ռեժիմը նավթի առևտուր է անում ԻՊ հետ, և դրա համար նրան պետք է հեռացնել։ Սա այն դեպքն է, երբ գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին։

Բոլորն էլ գիտեն, որ նավթի բիզնեսը ԻՊ հետ թուրքական կողմից կոորդինացնում է Էրդողանի տղան։ Օրական մինչև 1,5 միլիոն դոլարի եկամուտ են ստանում ահաբեկիչները Թուրքիայի հետ նավթի առևտուր անելով։ Այդ ու մյուս տեսակի գործունեությունից (մարդկանց առևանգում և առևտուր, պատմամշակութային արժեքների վաճառք և այլն) ստացված միջոցներով էլ ԻՊ–ն և մյուսները զենք ու զինամթերք են ձեռք բերում։

Չգիտե՞ն այս ամենի մասին ԱՄՆ–ում։ Իհա՛րկե, գիտեն, բայց հայտնվել են անելանելի վիճակում։ Հա՛մ ուզում են հաղթել ահաբեկիչներին, հա՛մ ուզում են, որ ռուսները և Ասադը դա չանեն, որպեսզի իրենց համաշխարհային հեգեմոնիան պահպանվի, հա՛մ ցամաքային օպերացիա չեն ուզում անել՝ մարդկային կորուստներից խուսափելու համար, հա՛մ չեն ուզում սրել հարաբերությունները ԻՊ–ին, «Ալ Քաիդայի» սիրիական «մասնաճյուղ» «Ջեբհաթ ան–Նուսրային» ֆինանսավորող Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Քաթարի հետ, հա՛մ համագործակցում են հակաթուրքական քրդերի հետ, հա՛մ ...

Մի խոսքով, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում ու մյուս տեղերում ահաբեկչությունը ծաղկում է, քանզի կան աշխարհաքաղաքական շահեր, կա հակառուսական մարազմ, կա հակաասադական «բզիկ», կա հանցավոր դիլետանտիզմ, կա պարզունակ մտածելակերպ, կա «փլեյբոյական» մոտեցում, կա անպատասխանատու և անմարդկային մոտեցում։

Այս պայմաններում ԻՊ–ն միայն վերելք է ապրելու։

Ամերիկյան վերնախավում երևի սպասում են, որ իրենց քաղաքներում էլ խոշոր ահաբեկչություն լինի, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդի պես խելքի գան։ Եթե, իհարկե, խելքի գան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը