Մեկնաբանություն

22.11.2015 12:35


Ռոբերտ Քոչարյանի կոնտրաստային հարցազրույցը

Ռոբերտ Քոչարյանի կոնտրաստային հարցազրույցը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը խիստ կոնտրաստային ստացվեց։ Այն հակադրվում էր մեր իրականությանը և քաղաքական միջավայրին։

Իշխանական ու ընդդիմադիր դաշտի մեծ մասի վարկաբեկվածության պայմաններում նրա հարցազրույցում հնչեցրած տեսակետներն ու գնահատականները աչքի էին ընկնում հայաստանակենտրոնությամբ, ռացիոնալությամբ և ճիշտ շեշտադրումներով։

Այն պայմաններում, երբ դասական իմաստով մենք հիմա չունենք իշխանություն (սրանք զբաղված են բացառապես սահմանադրական փոփոխություններով ու անձնական խնդիրների լուծմամբ՝ չմոռանալով ՀՀ քաղաքացիներին տեղեկացնել, որ քանի գնա՝ կյանքը վատանալու է) և ընդդիմություն (քաղաքական դաշտի այս հատվածը կա՛մ ֆոտոսեսիայի է ենթարկվել, կա՛մ առաջնորդվում է խելագարության կոդերով, կա՛մ մարգինալացվել է ու չի վայելում հանրային վստահություն), Քոչարյանի խոսքը է՛լ ավելի արժեքավոր է դառնում։

Ու քանի որ Քոչարյանը հանդես եկավ միջազգային մամուլով, ապա հնարավոր չէ զուգահեռներ չտանել, օրինակ, Սերժ Սարգսյանի՝ Պոզներին տված հարցազրույցի հետ։ Համեմատության եզր անգամ չկա։ Համոզված ենք, որ մեկնաբանություններն ավելորդ են։

Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի տված հարցազրույցների կոնտրաստն այնքան մեծ է, որ տարբերությունը և հակադրությունը տեսանելի է անգամ դպրոցական տարիքի երեխաներին։ Եթե գործող նախագահի հարցազրույցից հետո ամոթից բացի՝ այլ զգացողություն չունեցանք, ապա ի դեմս Քոչարյանի հարցազրույցի՝ Հայաստանը ներկայացավ բարդույթներից զուրկ կեցվածքով և գրագետ ձևակերպումներով։

Հարկ է արձանագրել, որ գերմանական «DW»–ին տված հարցազրույցի իշխանական արձագանքը կանխատեսելի էր և շատ թույլ (այլ կերպ չէր էլ կարող լինել)։ Բոլոր հաստիքայիններին ու արտահաստիքայիններին շրջաբերական էր իջեցվել, որ հայտարարեին, թե, իբր, Քոչարյանը համեմատաբար մեղմել է իր քննադատության դոզան (թե ինչն էր մեղմ և ինչու էր մեղմ, որևէ մեկը չասաց և չէր էլ կարող ասել, քանզի բութ քարոզչությունը չի ենթադրում փաստարկված խոսք)։ Դա անհրաժեշտ էր «անկախ» մամուլով տարատեսակ «մուտիլովկաներ» տարածելու, ինչպես նաև պետական ապարատին հանգստացնելու համար։

Ինչ մնում է իշխանության կողմից բովանդակային հակադարձումներին, ապա դրանք չկային ու չէին էլ կարող լինել, քանզի նրանց վարած ներքին ու արտաքին քաղաքականությանն այնպիսի գնահատականներ տրվեցին, որ դրա դեմ Բ26–ում ոչինչ չունեն հակադարձելու։

Հայաստանի արտաքին ու ներքին «նախաձեռնողական» քաղաքականությունը միայն բացասական արդյունքներ է ապահովել։ Քոչարյանն ընդամենն արձանագրում էր դա։ Նա բարդ բաներ չէր ասում։ Պարզապես մեր շուրջն առկա համատարած մարազմի պայմաններում հարցազրույցը շահեկանորեն առանձնացավ և դարձավ ամենաքննարկվողը ինչպես հրապարակային, այնպես էլ կուլիսային միջավայրում։

Հարցազրույցը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Քոչարյանը քաղաքական դաշտի ծանրքաշայինների կատեգորիայում անվիճելի առաջատար է իր մտածողությամբ, պատկերացումներով և որակական այլ հատկանիշներով։

Թե ինչու նա այս պահին հրապարակային քայլ չի անում քաղաքական դաշտում խաղաքարերը խառնելու և իշխանությունը վերցնելու ուղղությամբ, այլ խոսակցության թեմա է։

Մեկ բան, սակայն, ակնհայտ է. մեր քաղաքական դաշտի իրողությունները հաշվի առնելով՝ իրական փոփոխությունների հասնելու հնարավորություն ունեն սահմանափակ թվով սուբյեկտներ (նրանց կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների օգնությամբ, թեև այդ մատներն էլ շատ են, քանզի խոսքը երկու–երեք հոգու մասին է)։ Այդ սուբյեկտներից մեկը հենց Ռոբերտ Քոչարյանն է։ Դուր է գալիս դա ոմանց, թե ոչ՝ արդեն էական չէ։ Լավ է դա, թե ոչ՝ թող ամեն մեկն իր համար վերլուծի ու գտնի պատասխանը։

Օբյեկտիվ լինելու համար հնարավոր չէ չտեսնել երկրորդ նախագահի ստարտային առավելություններն ու քաղաքական պոտենցյալը։ Հարցազրույցում առկա կոնտրաստը հենց դա էր վկայում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը