Մեկնաբանություն

25.11.2015 11:15


Ռուս–թուրքական հակամարտությունը և Հայաստանը

Ռուս–թուրքական հակամարտությունը և Հայաստանը

Երբ ՌԴ–ն որոշում կայացրեց մտնել սիրիական պատերազմի մեջ, պարզ էր, որ լարվելու էին ռուս–թուրքական հարաբերությունները, քանզի Թուրքիան այն պետությունն է, որը հովանավորում է ահակեբիչներին և ուղղակի շահագրգռվածություն ունի Ասադի ռեժիմի տապալման հարցում։

Ռուսաստանը Սիրիայում, ըստ էության, պատերազմում է Թուրքիայի դեմ, որը ԱՄՆ գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի անդամ է, սակայն նույն ԱՄՆ–ի լուռ համաձայնությամբ կամ գործընկերային սոլիդարության պայմաններում աջակցում է բոլոր այն ահաբեկչական խմբավորումներին, որոնք կռվում են Ասադի գլխավորած բանակի դեմ։

Ակնհայտ է, որ ռուսական ինքնաթիռի խոցումը է՛լ ավելի կմեծացնի լարվածությունը տարածաշրջանում։ Պարզ է, որ ՌԴ–ն պատերազմ չի հայտարարի Թուրքիային, բայց պարզ է նաև, որ ՌԴ–ն անպատասխան չի թողնի պաշտոնական Անկարայի քայլերը՝ կիրառելով ինչպես ֆինանսատնտեսական, այնպես էլ ռազմաքաղաքական լծակներ։

Ռուս–թուրքական ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է մոտ 44 միլիարդ դոլար։ Տարեկան մոտ 4,5 միլիոն զբոսաշրջիկ է այցելում Թուրքիայի ծովափնյա շրջաններ, ՌԴ–ն Թուրքիային է մատակարարում գազ, կա նաև հսկայական ապրանքաշրջանառություն։ Այս ամենը հիմա հարվածի տակ է դրվում։

Ռուսական իշխանություններն արդեն հայտարարել են, որ պաշտպանական գծով խզում են հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչպես նաև կոչ են անում ՌԴ քաղաքացիներին չմեկնել Թուրքիա։ Տուրօպերատորները դադարեցնում են դեպի Անթալիա տուրփաթեթների վաճառքը։

Վլադիմիր Պուտինը բավական կոշտ արտահայտվեց Թուրքիայի վերաբերյալ՝ ուղղակի հայտարարելով, որ դա մեջքից հարված էր ահաբեկիչներին աջակցող պետության կողմից, իսկ դա նշանակում է, որ ռուս–թուրքական հարաբերությունները մտնում են առնվազն սառեցման ու սրման փուլ։

Էրդողանը գնաց իրավիճակի սրման այն պայմաններում, երբ ռուսական ավիահարվածները խփեցին «Իսլամական պետության» նավթային համակարգին, և երբ Փարիզի ահաբեկչությունից հետո մեծանում էր ՌԴ–ի ու արևմտյան կոալիցիայի (ըստ էության՝ ՆԱՏՕ–ի) միջև Ֆրանսիայի ակտիվ միջնորդությամբ ընդհանուր հայտարարի գալու հավանականությունը։ Դա Թուրքիայի կողմից սադրիչ վարքագիծ էր։ Ահաբեկչության հովանավորն ու ֆինանսավորողը սկսեց բաց խաղաքարտերով հանդես գալ։

Ակնհայտ է, որ ռուս–թուրքական լարվածությունը պետք է մտահոգի Հայաստանին։ Միայն այն հանգամանքը, որ Թուրքիան մեր հարևան, բայց ոչ բարեկամ պետությունն է, այն, որ ռազմական ակտիվ գործողությունները Սիրիայում մեր սահմաններից ընդամենը 300 կմ հեռավորության վրա են, և այն, որ ՌԴ–ն մեր ռազմավարական դաշնակիցն է ու ռազմաբազա ունի Թուրքիայի հետ սահմանին, արդեն իսկ որոշակի զգաստության անհրաժեշտություն է առաջացնում։

Տեղին է հիշեցնելը, որ թուրքական ուղղաթիռները վերջերս հատել էին հայկական օդային տարածքը, որին, ի դեպ, որևէ արձագանք չեղավ պաշտոնական Երևանի կողմից, ինչն առնվազն աննորմալ երևույթ էր։ Երևանի համր պահվածքը տվյալ դեպքում անհասկանալի էր։

Հայաստանյան իշխանությունները և մեր համապատասխան կառույցները պետք է ուժեղացնեն զգոնությունը, բայց դատելով ամենից՝ Բաղրամյան 26–ին միայն մեկ հարց է հետաքրքրում՝ սահմանադրական հանրաքվեում անհրաժեշտ «տոկոս խփելը»։ Պետական բոլոր ռեսուրսները նետված են «այո»–ն ապահովելու «ճակատ»։ Անվտանգության հարցերը սրանց համար չորրորդական նշանակության են։ Կարևորը վերարտադրվելն ու «մարդակենտրոն» համակարգ սարքելն է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը