Մեկնաբանություն

25.11.2015 17:45


«Ռեալիթի շոուից» մինչև «Մասկի շոու» (տեսանյութ)

«Ռեալիթի շոուից» մինչև «Մասկի շոու» (տեսանյութ)

Էժանագին թամաշան և վատ բեմադրված շոուն շարունակվում է։ Ամեն մեկը կատարում է իր դերը։ «Անկախ» մամուլին վերապահված է թամաշայի տարածումը։ Դերասանները «քաղաքական» կոչված գործիչներն են, իրավապահները, լրագրողները...

Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ՝ իշխանությունները «Ռեալիթի շոու» մատուցեցին հանրությանը։ Ե՛վ «այո», և՛ «ոչ» քարոզողները, որոնք հաճախորդաց բանակի անդամներն ու հաստիքային իշխանամետներն են, «ոչ» են ասում Սերժ Սարգսյանին ու նախագահի ինստիտուտին և միաժամանակ «այո» ասում Սերժ Սարգսյանի վերարտադրմանը միտված «սահմանադրական» հեղաշրջմանը։ Տեսարանը նողկալի է։

Այսօր «Ռեալիթի շոուին» լրացնելու եկավ «Մասկի շոուն»։

Ոստիկանությունից ու ԱԱԾ–ից առաջ ընկնելով՝ «մուտիլովկայական» կայքերից մեկը աչքով–ունքով հասկացրեց բազմաչարչար հայ ժողովրդին, որ Նորքում արտասահմանցիներից կազմված ահաբեկչական խումբ է հայտնաբերվել ու վնասազերծվել։ Հայ ժողովուրդը «shamshyan.com»-ի հայտնած այդ «տեղեկությունից» պետք է սարսափեր ու տնից դուրս չգար՝ մտածելով, որ Փարիզից հետո «իսլամիստ» ահաբեկիչներն այցելել են Նորք։

Դե, իսկ «1in.am»–ի տարածած մյուս «մուտիտն» այն էր, որ ԱԱԾ–ի ու ոստիկանության վնասազերծած խումբը կապ ունի ընդդիմադիր ուժերից մեկի հետ։ Սրանից էլ հայ ժողովուրդը պետք է եզրակացներ, որ չարժե մասնակցել զանգվածային միջոցառումներին, չարժե «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին ու միանալ «ոչ»–ականներին, քանզի «փիս–փիս» բաներ են սպասվում։ Նաև՝ պետք է կրկին վախենար ու դուրս չգար տնից։

Նկատենք, որ իշխանություններն իրենց մուտիլովկայական տեխնոլոգիաներով կարողացան խուճապ առաջացնել մեր հանրապետությունում։ Բնակչությունը լուրջ վախեցած էր։ Դպրոցներից ծնողները շատ արագ տանում էին երեխաներին։ Բնակչությունը վախեցած էր, բայց ոչ «անկախ» մամուլի անվախ մշակները, որոնք «Մասկի շոուի» բաղկացուցիչ մասն էին կազմում։

Պատկերացնո՞ւմ եք՝ իրավապահ մարմինները պաշտոնապես տարածում են (Շամշյանից հետո), թե վտանգավոր խումբ են վնասազերծել, ու համ էլ, առանց քննչական գործողությունների, թույլ են տալիս, որ լրագրողները մտնեն այն տունը, որտեղից բերման են ենթարկել մարդկանց, նկարահանումներ անեն, տան տիրոջ քրոջից «արտասահմանցի՞ էր արդյոք բնակարանի վարձակալը» մուտիլովկայական ենթատեքստ ունեցող հարցի պատասխան կորզեն և այլն։

Իրավապահները նաև թույլ էին տվել լրագրողներին գալ ու տեսնել (նաև՝ նկարահանել), թե ինչպես են մեր ԱԱԾ–ականները և ոստիկանությունը տնից դուրս բերում Շամշյանի նկարագրած «արտասահմանցի ահաբեկիչներին»։

Զարմանալի է, որ բուն գործողության ժամանակ «անկախ» մամուլի ներկայացուցիչները տան ներսում չեն եղել ու ներսից չեն նկարահանել ուժայինների հերոսական գրոհը։ Ա՛յ թե կխփեին «Չէին սպասում» հաղորդման գործին։ Ահա այսպիսի մազալու բաներ։

Ինչեր ասես, որ չես անի հանուն «սահմանադրական» հեղաշրջման։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Բ26–ում այնքան են տարված «տոկոս խփելու» գործով, որ գնում են ամեն ինչի։ Ու վաղը, երբ, Աստված մի՛ արասցե, իրոք որևէ վտանգավոր բան լինի, սրանց արդեն ոչ մեկը չի հավատա, ու կարող են լինել շատ տխուր հետևանքներ։

Հ.Գ.–2։ Պետք չէ «կրակել» այս թամաշաների ռեժիսորի վրա։ Նա «մուտիլովկաներ» է անում այնքան, որքան թույլ է տալիս ՀՀ քաղաքացին (ակա՛նջդ կանչի, նախագահական «ֆեյք» ընտրություններից առաջ «ուսից» վիրավորված և ռուսական արտաքինով սևահեր կաֆելչիկներին հայտնաբերած Պարույր Հայրիկյա՛ն)։

Ռեժիսորը կապ չունի։ Պատվիրատուի գլխից պետք է բռնել։

Այս խորագրի վերջին նյութերը