Քաղաքական

23.11.2009 12:21


Շարմազանով. «Ալիևին հիշեցնեմ, որ մի անգամ Ադրբեջանը պատերազմ սկսել է, և մենք տեսանք, թե ինչով այն ավարտվեց»

Շարմազանով. «Ալիևին հիշեցնեմ, որ մի անգամ Ադրբեջանը պատերազմ սկսել է, և մենք տեսանք, թե ինչով այն ավարտվեց»

-Հանդիպումը մի բանով էր կարևոր, որ այնտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները հստակ արձագանքեցին Ալիևի ապակառուցողական և ռազմատենչ հայտարարություններին,-գնահատական տալով նոյեմբերի 22-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպմանը՝ ասել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։-Նրանք ասացին, որ խաղաղ քաղաքական լուծումն այլընտրանք չունի։

Պատգամավորը կարծում է, որ այդ իմաստով Հայաստան երկիրը միջազգային հանրության աչքին շատ ավելի շահեկան է։

-Ալիևի յուրաքանչյուր նմանատիպ հայտարարությունից հետո Ադրբեջանի դիրքերն է՛լ ավելի են թուլանում, որովհետև հստակ երևում է, որ հարևան երկրի նախագահը ապակառուցողական տրամադրություն ունի և վերջնագրերով է խոսում, ինչը հստակ հակահարված ստացավ Մինսկի խմբի համանախագահների կողմից,-նշել է Շարմազանովը։

Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա ըստ ՀՀԿ մամլո խոսնակի՝ այնտեղ նշվում է, որ կան դժվարություններ, բայց կա նաև առաջընթաց։ Քանի որ բանակցությունները շարունակվում են այս հունով, դա նշանակում է, թե հույս կա, որ «ամեն ինչ կգնա այն նորմալ հունով, որը որ մենք ենք նախանշում»։

-Ալիևի հայտարարությունները խոսում են այն մասին, որ խնդիրը չի գնում այն հունով, ինչը որ ցանկանում էր Ադրբեջանը,-ընդգծել է Է. Շարմազանովը։

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, թե պատերազմ կսկսեն և այլն, պատագամավորն այսպես է պատասխանել.

-Մենք պատերազմ չենք ուզում, մենք կողմնակից ենք խաղաղ քաղաքական բանակցություններին։ Բայց Ալիևին և իր հայրենակիցներին հիշեցնեմ, որ մի անգամ Ադրբեջանը պատերազմ սկսել է, և մենք տեսանք, թե ինչով այն ավարտվեց։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը