Մեկնաբանություն

02.12.2015 12:16


Եվրոպան կրկին հանձնվեց (տրվեց)

Եվրոպան կրկին հանձնվեց (տրվեց)

Եվրոպան մի «մունդառ խասիաթ» ունի։ Միշտ հանձնվում է։ Թաթիկները տնկում է վեր ու հանձնվում։ Ես կասեի՝ տրվում։

Եվրոպան հանձնվել է Նապոլեոնին։ Հետո հանձնվել է Հիտլերին։ Երկու անգամ էլ եվրոպացիների «վախը բռնել» է Մոսկվան՝ կանգնեցնելով ինչպես Նապոլեոնին, այնպես էլ Հիտլերին։

Այս անգամ Եվրոպան, որը ստացել է ԵՄ անվանումը, հանձնվել է Թուրքիային ու չի դիմացել անձամբ Էրդողանի ճնշումներին (եթե այս անգամ էլ Եվրոպայի բախտը բերի, ապա նրանք կրկին Մոսկվային պետք է պարտական լինեն)։

Էրդողան որ ասում ենք՝ Օբաման հետն է, ասել է թե՝ ԱՄՆ–ը Թուրքիայի միջոցով բռի մեջ է առել ԵՄ–ին։

Թուրքիան ԵՄ–ին վախեցրեց ԴԱԻՇ–ով։ Մի քանի ահաբեկիչներ Փարիզում 130 հոգու սպանեցին, և Եվրոպան ձեռքերը վեր բարձրացրեց։ Էդ «թսիկները» ֆլեշ մոբից բացի՝ այլ բանի ունակ չեն։

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ Անկարան Եվրոպայի առանցքային գործընկերն է ահաբեկչության դեմ պայքարում։ Սա կա՛մ կատարյալ ապուշության դրսևորում պետք է գնահատել, կա՛մ ահաբեկչության թիվ մեկ հովանավոր Թուրքիայից վախեցած մարդու հայտարարություն։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Քլոդ Յունքերը, ամփոփելով ԵՄ–Թուրքիա գագաթաժողովի արդյունքները, հայտարարել է, որ Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ կարող է մտցվել 2016թ. աշնանը։ Յունքերը, փաստորեն, ուզում է առանց վիզայի ռեժիմ սահմանել ահաբեկիչների տարանցիկ երկրի համար։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ կողմ է արտահայտվել Թուրքիային 3 միլիարդ եվրո տրամադրելուն։ Ուզում են այդպիսով կանգնեցնել փախստականների հոսքը դեպի ԵՄ, ավելի կոնկրետ՝ Գերմանիա։ Մերկելի այս վարքագծից հետո Ֆրիդրիխը և Բիսմարկը երևի մի քանի անգամ պտտվել են իրենց գերեզմաններում։

Փաստորեն, ԵՄ–ն Թուրքիային փող է տալիս ԴԱԻՇ–ի ահաբեկիչներին աջակցելու համար։ Ու նաև այն բանի համար, որ Թուրքիան այդ ահաբեկիչներին այլևս չուղարկի Փարիզ ու ԵՄ մյուս մայրաքաղաքներ, այլ բավարարվի սեփական երկրում այդ ահաբեկիչներին քրդերի դեմ օգտագործելով։ Համ էլ՝ ԵՄ–ում փոխհատուցում են ՌԴ պատժամիջոցներից սպասվող թուրքական կորուստները։

Միգուցե ԵՄ–ում այլ տրամաբանությամբ են այդ փողը տալիս, բայց, միևնույն է, դրանից ԵՄ–ի «կզած» էությունը չի փոխվում (այս առիթով ինչպե՞ս չհիշել Շպենգլերին)։

Ի դեպ, այս ամենի համապատկերին հայաստանյան եվրաասոցացվողներից ոմանք սկսել են քննադատել ԵՄ–ի պրոթուրքական որոշումը և «հայրենասիրություն» խաղալ։

Տեղին է հիշեցնելը, որ սրանք ՀՀ–ն գիտակցաբար կամ անգիտակցաբար մտցնում էին թուրքական նախագիծ։ Անունը դրվել էր «ԵՄ–ի հետ ասոցացում», բայց դա ոչ թե արժեքների, այլ աշխարհաքաղաքականության հետ առնչվող նախագիծ էր, որի շրջանակներում Հայաստանին Արևմուտքի և Թուրքիայի հակառուսական գործողություններում մանրադրամի դեր էր վերապահված։

Հիմա տնաբույծ «արևմտամետները» հետին թվով պետք է ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից ու ընդունեն, որ սխալվել են՝ դրանից հետո ռադները քաշելով քաղաքական, փորձագիտական ու լրատվական դաշտից։

Սկսած իշխանություններից մինչև «շարքային արևմտամետիստներ»՝ պետք է խոստովանեն, որ առնվազն ախմախություն են արել մոտ չորս տարի՝ անուղղակիորեն մտնելով հակահայկական ծրագրերի մեջ։

Եթե մեղայականով հանդես չեն գալիս, ապա նշանակում է, որ գիտակցաբար են մտել թուրքական «հոսքի» մեջ ու մինչև հիմա էլ դեռ դուրս չեն եկել այդ «հոսքից»։ Իսկ դա արդեն այլ բան է նշանակում և այլ գնահատականի պետք է արժանանա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը