Կարծիք

02.12.2015 13:15


Նոր մարտահրավերներ, նոր իրավիճակ, նոր լուծումներ

Նոր մարտահրավերներ, նոր իրավիճակ, նոր լուծումներ

Որպես փաստ ընդունենք, որ անկախության ձեռք բերումից հետո Հայաստանը (և Հարավային Կովկասը) երբեք չի եղել նմանօրինակ վիճակում: Նկատի ունեմ ռուս-թուրքական հարաբերությունները: Մենք երբեք չենք ապրել ռուս-թուրքական գրեթե պատերազմական իրավիճակի պայմաններում: Սա նախադեպը չունեցող իրականություն է: Եվ, հետևաբար, Հայաստանը չունի պատրաստի դեղատոմսեր, չունի պատրաստի ճշգրիտ քայլերի հաշվարկ: Մենք կարող ենք այս իրավիճակից դուրս գալ թե՛ մեծ ձեռքբերումներով, թե՛ մեծ կորուստներով: Սխալվելու մեր իրավունքը զրո է:

Հեղափոխություն ռուսական գիտակցության մեջ

Այն, ինչ այսօր կատարվում է ռուսական պետության և ռուսաստանյան հասարակության մեջ` թուրքական կոնֆլիկտի շուրջ, այլ բառով, քան մտածողության հեղափոխություն կոչելը դժվար է: Նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են ռուսական քաղաքական-հասարակական-լրատվական համակարգի գործունեության կանոններին, կհամաձայնեն, որ այն բավական բարդ մի համակարգ է, որտեղ շղթայի տարբեր օղակներ հակում ունեն մեկը մյուսին պայմանավորելու և մեկը մյուսին գեներացնելու: Ռուսաստանը հսկայական ծավալներով և պետականության ահռելի պատմությամբ տերություն է:

Ռուսաստանյան բազմաշերտ, բազմակրոն և բազմամիլիոն հասարակությանը մի թեմայի շուրջ համախմբելը ծանր պրոցես է և ենթադրում է լուրջ տեխնոլոգիաների կիրառում: Եթե առաջին ազդակները գալիս են Կրեմլից, ապա հետագա փուլերում գործին լծվում են բավական գրագետ աշխատող լրատվամիջոցները, քաղաքագիտական, փորձագիտական շրջանակները: Դրանք հարյուրներ են` լուրջ և որոշում կայացնող շրջանակներից մինչև դպրոցական մակարդակ: Երբ ծանր մեքենան սկսում է աշխատել, շաբաթների ընթացքում ձևավորվում է հարյուր միլիոնանոց հասարակական կարծիք: Ի տարբերություն, օրինակ, հայաստանյան պարզունակ մոդելի, այստեղ գործում է մեկ չափազանց կարևոր հանգամանք. այն պահից, երբ ձևավորվում են համառուսաստանյան հասարակական տրամադրություններ, դրանք հետադարձ կապի միջոցով պայմանավորում են թե՛ մեդիա-փորձագիտական դաշտի հետագա գործունեությունը, թե՛ պաշտոնական Մոսկվայի հռետորաբանությունը:

Սա, ի դեպ, բնութագրական է գրեթե բոլոր խոշոր տերությունների համար: Ես այս ամենը նկարագրում եմ մեկ պատճառով`ցույց տալու, որ հակաթուրքական զանգվածային տրամադրությունները Ռուսաստանում մեկ-երկու շաբաթվա չեն: Խոսքը պատմական մի նոր փուլի մասին է: Այն կարող է ժամանակի ընթացքում մեղմվել, շտկվել, բայց նստվածքը երկար մնալու է և ռուսական էլիտաների վրա ունենալու է երկարատև ազդեցություն: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի ռուսական էլիտաների հետ երկար ու դժվար աշխատանքի:

Հայաստանի իրական և կեղծ շահերը

Հայաստանն իր՝ ընդամենը քսանհինգամյա պետականության պաշարով և իր այսօրվա լճացած և պետական մտածողությամբ աչքի չընկնող քաղաքական-հասարակական էլիտաներով, իսկապես աննախանձելի վիճակում է: Վերջին օրերի հայաստանյան քաղաքական, քաղաքագիտական միտքը շատ քիչ է տարբերվում “բակի բեսեդկայի” քննարկումների մակարդակից: Մեր քաղաքական միտքը կամ լռում է (ասելիքի բացակայության պատճառով) կամ ռուս-թուրքական հնարավոր-մտացածին պատերազմի արդյունքում հետ է բերում Արևմտյան Հայաստանը:

Այս պարզունակ մտածելակերպով մենք կարող ենք բռնել մեծ կորուստների ճանապարհը, ինչը Հայաստանի համար, ցավոք, փորձված ուղի է: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը նոր ռեգիոնալ իրականության պայմաններում: Ըստ իս` պետք է մտածել և աշխատել մի քանի ուղղությամբ: Հայաստանը պետք է փորձի առավելագույն օգուտ քաղել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության ոլորտում: Ավելի պարզ` Հայաստանը պետք է փորձի Ռուսաստանից ստանալ նոր, ժամանակակից զինատեսակներ: Դրա բարոյական և հասարակական պատվերը կա Ռուսաստանում: Դա կարող է ձևակերպվել, որպես Թուրքիայի մերձավոր դաշնակցի` Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու քայլ: Ռուսական իշխանության հետ ճիշտ աշխատելու պարագայում այս հարցն ունի դրական լուծման մեծ հեռանկար:

Սա նշանակում է Ղարաբաղի հարցի և Հայաստանի անվտանգության խնդիրների իրական լուծում` առաջիկա շատ երկար տարիների համար: Պետք է աշխատել ռուսական լայն շրջանակների հետ, որպեսզի խնդրի էությունը հասկանալի լինի` Ռուսաստանը վերջին տարիներին միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքով զինել է Թուրքիայի մերձավոր դաշնակցին, և հիմա պետք է փոխել իրերի դրությունը: Կրկնում եմ` այսօր ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ այս գաղափարը հասանելի դարձնելու համար ռուսական էլիտային:

Երկրորդ` Հայաստանը պետք է ակտիվացնի իր քայլերը վրացական երկաթուղու վերաբացման շուրջ: Ռուսաստանին այսօր պետք է ուժեղ դաշնակից Հարավային Կովկասում:
Ուժեղը ռազմականից զատ ենթադրում է տնտեսական գործոնը: Երկաթուղու վերաբացումը բարդ խնդիր է, բայց` ժամանակի ընթացքում լուծելի: Նրանք, ովքեր լավ գիտեն վրացական իրականությունը, կփաստեն, որ Վրաստանում խորանում են Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման տրամադրությունները` մի կողմից, և մյուս կողմից` ադրբեջանա-թուրքական էքսպանսիայի դեմն առնելու տրամադրությունները: Նախկինում Ռուսաստանն այս հարցում ուներ միայն բարի կամք, իսկ այսօր կա Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկում:

Երրորդ` Հայաստանը պետք է ակտիվ աշխատի ռուսական ներդրումներ ներգրավելու ուղղությամբ: Ինչպես նախորդ կետում, այստեղ նույնպես կա բարոյական և հասարակական պատվեր` ՌԴ-ում:

Չորրորդ` Հայաստանը պետք է էապես մեծացնի իր հարաբերությունների ակտիվությունը Իրանի հետ: Իրանի հետ պետք է ձևավորվի նոր օրակարգ` հաշվի առնելով նոր իրականությունը տարածաշրջանում: Հայաստանը կարող է մեծապես օգտվել Իրան-Ռուսաստան-Վրաստան հնարավոր համագործակցությունից: Տեղին է հիշեցնել Իրանում վերջին շրջանում էթնիկ ադրբեջանցիների շրջանում սկսված լարվածությունը:

Հինգերորդ` որպես առանձին աշխատանքի ուղղություն պետք է դիտարկվի հետտեռորիստական Ֆրանսիան և տեռորիզմի իրական սպառնալիքի տակ կանգնած Եվրամիությունը: Խոսքը վերաբերում է միջազգային ատյաններում (թեկուզ նույն ԵԽԽՎ-ում) հակահայկական բանաձևերի կասեցման և, հակառակը` հայանպաստ տրամադրությունների զարգացմանը: Իսլամական տեռորիզմի տակ կազմալուծված Եվրոպային կարելի է դարձնել դաշնակից, և ոչ միայն՝ ադրբեջանա-թուրքական բանաձևերի տապալման գործում:

Ընդհանրապես կարելի է Եվրոպական կառույցներում փոխել առկա տրենդը: Ֆրանսիան, Եվրոպան շոկ են ապրում Իսլամական Պետության և Թուրքիայի` այլևս դժվար թաքցվող կապերի առնչությամբ: Եվրոպական հասարակություններում ստեղծվում է բացառիկ պարարտ հող` աշխատելու համար այդ երկրների քաղաքական շրջանակների հետ:

Չարչրկված «խավիարային դիվանագիտությունն» աշխատում է չեզոք հասարակական տրամադրությունների ժամանակ: Սրված և ընդգծված հասարակական տրամադրությունների պայմաններում այն դադարում է էֆեկտիվ լինել: Բայց սա ի շահ Հայաստանի կապիտալիզացնելու համար պետք է լուրջ աշխատել` մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները: Այս ֆոնին ի՞նչ շահ կարող է ունենալ Հայաստանը ՌԴ-ում հսկայական կապեր ունեցող Արա Աբրահամյանի վարկաբեկման գործընթացից, որն ակտիվորեն և ուղղորդված տարվում է հայաստանյան լրատվամիջոցներով և այլ շրջանակներով: Սա կարող է թերևս ձեռնտու լինել որոշ ներքին մանր շահերի համար, բայց կվնասի պետության շահին:

Նույն համատեքստում պետք է դիտարկել մյուս գործընթացների և գործիչների հանդեպ վերաբերմունքը` թե՛ իշխանական, թե՛ հասարակական շրջանակների կողմից: Պետք է հասկանալ` որքանով է ձեռնտու մեր երկրին, մեր պետական շահին, այս նոր փուլում անդեմ գործիչների միջոցով թիրախավորել ՌԴ էլիտաների հետ աշխատանքի հսկայական փորձ և հեղինակություն ունեցող Ռ. Քոչարյանին, ով կարող է տեսանելի օգուտ տալ մեր պետությանը: Կամ`արժե՞ արդյոք ակնթարթային «հերոսության» համար հայտարարել, թե Սերժ Սարգսյանը խոստացել է ռուսներին մոտ ապագայում ծախել ազատագրված տարածքները: Դրանք էժան բաներ են, բայց կարող են լավ վնասել: Ճի՞շտ է արդյոք արևմտյան դեսպաններին առաջին իսկ բարևից հետո բողոքել սեփական երկրից՝ առանց առանձնապես հասկանալու` ինչ ենք շահում դրանից ինքներս: Ընդհանրապես պետությունների կայացվածության աստիճանը բնութագրվում է նաև հանրային “չի կարելիների” ինստիտուտի գոյությամբ:

Մեր անելիքը

Նման իրավիճակներում պետությունները պետք է կարողանան մեծ խնդիրներ դնել: Հայաստանը պետք է դնի մեծ խնդիրներ, պետք է աշխատի ակտիվ: Պետք է տարվի հսկայական կուլիսային աշխատանք: Իսկապես առկա են նոր մարտահրավերներ, նոր իրավիճակ և անհրաժեշտ են նոր լուծումներ: Հայաստանը պարտավոր է ադեկվատ պատկերացնել իրավիճակը և նոր լուծումներ առաջարկել՝ իր շահերը պաշտպանելու համար: Հայաստանը, որպես պետություն, այս խնդիրների լուծման համար պետք է մոբիլիզացնի ողջ ռեսուրսը՝ իշխանական, ոչ իշխանական, սփյուռքի և այլն: Եվ նման համակարգված աշխատանքի պարագայում մենք հաստատ շահող դուրս կգանք այս լարված և ոչ միանշանակ իրավիճակից:

Բայց նման աշխատանքի կամք պետք է ունենան բոլոր կողմերը, քանի որ առանց նման կամքի և չկոորդինացված աշխատանքի արդյունքները կլինեն կամ կիսատ–պռատ կամ չեն լինի ընդհանրապես: Իսկ պատմությունը, ինչպես հաճախ է եղել, կարձանագրի, որ հայերը հերթական անգամ կորցրին իրենց հնարավորությունը: Էական չեն քաղաքական հայացքները, քաղաքական կամ հասարակական շրջանակներին պատկանելությունը: Սա պետական խնդիր է, պատմական իրավիճակ է, որը պետք է օգտագործել` աշխատելով բոլոր խողովակներով:
Ռուսական էլիտաները բազմաշերտ են, և միայն մեկ խողովակով աշխատանքը ոչինչ չի տալու: Նույնը վերաբերում է Ֆրանսիային և ԵՄ-ին:

Ուզում եմ կրկնել` պետք է աշխատել բոլոր խողովակներով, մի կողմ թողնել ներքին մանր հարցերը: Ի դեպ՝ Ադրբեջանը տեսնում է իր համար պոտենցիալ վտանգավոր սցենարներ: Եվ Իլհամ Ալիևը ձևակերպեց պաշտոնական Բաքվի դիրքորոշումը` դառնալ միջնորդ` Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Այս պայմաններում մենք պարտավոր ենք ցույց տալ, որ ունենք բավարար պետական մտածողություն` 21- դարում այս տարածաշրջանում անվտանգ ու զարգացող պետություն ունենալու: Պետական շահը միշտ ամենակարևորն է, և դրա գիտակցումը պայմանավորվում է նաև շրջադարձային պահերին բոլորիս կողմից արված կամ չարված քայլերով:

Վահե Հովհաննիսյան ՀՀ ԱԺ պատգամավոր

Աղբյուրը՝ http://top-news.am/7/1/news/55597.html

Այս խորագրի վերջին նյութերը