Մեկնաբանություն

03.12.2015 15:15


Սերժ Սարգսյանն ամփոփեց «ռեալիթի շոուն»

Սերժ Սարգսյանն ամփոփեց «ռեալիթի շոուն»

Սերժ Սարգսյանը տվեց իր երկրորդ ինքնաասուլիսը «ազատ, անկախ և միացյալ» հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին։

Մինչ այդ նա լուռ էր։ Փոխարենը՝ խոսում ու ցուցադրում էին հաճախորդները, հաստիքայինները, արտահաստիքայինները, «անկախ» մամուլը և «պաշտոնատար» այլ անձինք։

Ինքնաասուլիսից պարզ դարձավ, որ «Գեբելսյան» քարոզչամեքենան կատարելության է հասցրել «անասնաֆերման». TV–ները հարցեր են տալիս երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդուն, սակայն բելառուսական պարտիզանի պես լռում են ու հանրությանը չեն հայտնում ստացած պատասխանների մասին։ Լրագրողներն այս դեպքում կատարում են լրիվ այլ ֆունկցիա։

«Ազատ, անկախ և միացյալ» հեռուստաընկերությունների փոխարեն հարցազրույցը, դրա անոնսը, տեքստը հրապարակում է Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքը։

Այս ամենից ելնելով՝ ճիշտ էր ինքնաասուլիսի ժամանակ ասում ՀՀԿ ղեկավարը, որ տարիներ առաջ այսպիսի բան հնարավոր չէր պատկերացնել։ Հիմա մամուլն «անկախ» է։ Իշխանությունը ոչ թե հակադրվում է ընդդիմախոս մամուլին, այլ պարզապես առնում դրանց տերերին մանրամեծածախ գներով՝ հաճախորդացումը դնելով «ինստիտուցիոնալ» հիմքերի վրա (Նիկոլի ականջը կանչի)։

Ճիշտ էր Սարգսյանը նաև այն առումով, որ հիմա «անկախ» և «թունդ ընդդիմադիր» լրագրողների կյանքը լավացել է։ Պարզապես մոռացավ նշել, որ լրագրողների լավ վարձատրությունը տեղի է ունեցել ՀՀ տնտեսական անկման, մոտ 300 հազար արտագաղթողների, աղքատության աճի, ներդրումների կրճատման, մասնավոր բիզնեսների փակման, արտաքին քաղաքական դաշտում գրանցված խայտառակ պարտությունների և նմանատիպ այլ բաների հաշվին։

Իշխանությունները կաշառել են 300 քաղաքացու 300.000 արտագաղթողի գնով։ Սա՛ է այն իրականությունը, որը դրական է գնահատվում ՀՀԿ ղեկավարի կողմից։

Ինչ վերաբերում է ինքնաասուլիսի բովանդակային կողմին, ապա հերթական անգամ պարզ դարձավ, որ «անկախ» մամուլի, «Այո և ոչ» ռեալիթի շոուի և ընդհանրապես «Գեբելսյան» քարոզչամեքենայի գլխավոր խմբագիրը, սցենարիստն ու ռեժիսորն ինքն է՝ Սերժ Սարգսյանը։

Նա այնպիսի «փաստարկներ» էր ներկայացնում սահմանադրական փոփոխությունների օգտին, որոնք այս կամ այն ձևով ներկայացրել են իշխանական ու «ընդդիմադիր» գործիչները։

Ինքնաասուլիսը յուրօրինակ ձևով ամփոփեց ռեալիթի շոուն։ ՀՀԿ ղեվակավարի գլխավոր ասելիքն այն էր, որ ինքը պատրաստվում է սահմանադրական փոփոխություններից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Նա իր այդ ցանկությունը փորձեց խուճուճ ձևակերպումների, «եթե, ապա»–ների տակ թաքցնել, բայց դրանից բան չի փոխվում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել 2018–ից հետո՝ նա հայտարարել է, թե կխոսի 2017–ի խորհրդարանական ընտրություններից հետո՝ ըստ էության տարանջատվելով նախկինում արած իր այն հայտարարությունից, թե խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին։

Սարգսյանը մի քանի անգամ շեշտեց, որ իր ցանկությունների մասին կխոսի առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո՝ փաստացի հրաժարվելով նախկինում արված հայտարարությունից (եթե դա այդպես չլիներ, ապա նա պարզապես կկրկներ սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետ (ուղղակիորեն) և ԱԺ նախագահ չդառնալու (անուղղակիորեն) մասին խոստումը)։ Իր այդ պահվածքով նա պետական ապարատին փոխանցեց, որ չի պատրաստվում հեռանալ, և որ Հովիկ Աբրահամյանի կուլիսային ու հրապարակային այն հայտարարությունները, թե ինքն է մնալու վարչապետ, չեն համապատասխանում ՀՀԿ ղեկավարի ցանկություններին։

Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է, թե ինչքան է պատրաստվում «խփել» ՀՀԿ–ի համար առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ ավելի քան 50 տոկոս։

Սարգսյանի ասածներում նոր բան չկար։ Նորությունն այն է, որ նա արդեն բաց տեքստով ներկայացրեց իր վերարտադրության ծրագիրը, այն է՝ փոխել Սահմանադրությունը, 2017–ի խորհրդարանական ընտրություններում վերցնել ԱԺ հսկիչ փաթեթը՝ փաստացի «քցելով» իր այսօրվա սազանդար կուսակցություններին, մինչև 2018թ. նախագահի լիազորությունների ավարտը նշանակել կամակատար վարչապետ, իսկ 2018թ. հետո ստանձնել վարչապետի դերը՝ օգտվելով «խորհրդարանական կայուն մեծամասնություն» ունեցողի դերից։ Փետրվարյան դեպքերից հետո նա ակնհայտորեն հրաժարվել է ԱԺ նախագահ դառնալու ծրագրից, քանզի հիմա իրավիճակ է փոխվել, և չկա իրական դիմադրություն (քաղաքական դաշտում առկա ուժերը կա՛մ ֆոտոսեսիայի են ենթարկվել, կա՛մ մարգինալացվել են, կա՛մ «գժական» են գնում)։

Կիրականանա՞, թե՞ ոչ «Վերջի բոլշևիկի» ցանկությունը, այլ հարց է։ Համենայնդեպս, հիմա հանրությունն ավելի մատչելի ձևով տեղեկացված է «սահմանադրական» հեղաշրջման ճանապարհային քարտեզից և պետք է փորձի փոզմիշ անել այն։ Առաջին քայլը սահմանադարական հանրաքվեի ժամանակ «ոչ» ասելն է, երկրորդ քայլը՝ քաղաքական նոր իրավիճակ ստեղծողներին (նոր ուժին) աջակցելը՝ քաղաքական դաշտում առկա առողջ հատվածների ներգրավմամբ ու լայն կոնսոլիդացիայի ապահովմամբ, երրորդ քայլը՝ իշխանափոխությունը և Հայաստանը զարգացման ռելսերի վրա դնելը։

Սերժ Սարգսյանի վերարտադրությունը շատ թանկ կարող է նստել Հայաստանի վրա։ Շատ թանկ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը