Լրահոս

02.10.2010 09:01


Միջազգային գիտագործնական կոնֆերանս՝ Հայաստանաում և Արցախում

Հոկտեմբերի 1-ից 5-ը Հայաստանում և ԼՂՀ-ում կայանալու է  «Արյունաբանության և փոխներարկաբանության արդի խնդիրները»  թեմայով միջազգային գիտագործնական կոնֆերանսը:

Հոկտեմբերի 1-ին Գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում տեղի է ունեցել կոնֆերանսի բացման արարողությունը:

Հոկտեմբերի 3-ին մասնակիցները մեկնելու են Ստեփանակերտ:

Կոնֆերանսին մասնակցում են Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Ոսկրածուծի փոխպատվաստման և մոլեկուլյար հեմատոլոգիայի ԳՀԻ տնօրեն, ՌԲԳԱ թղթակից-անդամ, բ.գ.դ. Վ.Գ.Սավչենկոն, Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցի օնկոհեմատոլոգներ պրոֆ. Ժան Մարի Անդրիոն, պրոֆ. Պիեր Կոլոնան, արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտի բազմաթիվ առաջատար մասնագետներ, գիտնականներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից:

Արյունաբանության և փոխներարկաբանության հարցերին, ոլորտի նոր նվաճումներին նվիրված կոնֆերանսը, որն արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում, նպաստում է Հայաստանի բժշկական հասարակության գիտելիքների բարձրացմանը, փորձի փոխանակմանը, համաշխարհային առաջատար մասնագետների հետ անմիջական շփմանը, նոր կապերի հաստատմանը:

Կոնֆերանսի ընթացքում այս հնարավորությունը կընձեռվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժիշկներին:

Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և Գերմանիայի Համբուրգի Էպենդորֆ համալսարանական հոսպիտալի միջև հաստատվել է համագործակցություն, որը նպատակ ունի տարածաշրջանում հիմնադրել միջազգային չափանիշներին համապատասխանող բարձր դեղաչափային քիմիաթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն:

Կենտրոնի ստեղծման պայմաններից մեկն անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայությունն է: Դրանց թվին են պատկանում Արյունաբանական կենտրոնում արդեն իսկ գործող միջազգային չափանիշներին համապատասխան Արյան բանկը, ժամանակակից սարքավորումներով հագեցված ախտորոշիչ լաբորատորիաները:

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ստանալու լավագույն բուժօգնություն, առավել արդիական է դառնում նշված բաժանմունքի ստեղծման անհրաժեշտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը