Մեկնաբանություն

04.12.2015 00:05


Ես՝ Սերժ Սարգսյանս (տեսանյութ)

Ես՝ Սերժ Սարգսյանս (տեսանյութ)

Այսօր, ավելի ճիշտ՝ երեկ, իսկ միգուցե՝ երեկ չէ առաջին օրը կամ մի շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը մի քանի հոգու ներկայությամբ խոսել է։

Խոսել է արևելյան շուկայի առևտրականի ոճով՝ ներկայացնելով քաղաքական առևտուր անելու իր ունակությունները։

Հետո այդ խոսացածը մոնտաժվել է ու այսօր տարածվել։ Արդյունքում պարզ է դարձել, որ ՀՀԿ ղեկավարը հրաժարվում է իր իսկ ասածներից («սուխոյ ատկազ») և «բազառը» գցում հետոյի վրա։ Զարմանալու բան չկա, քանզի բոլորս էլ գիտեինք, որ նա այդպիսին է, բայց տվյալ դեպքում հարկ է արձանագրել փաստը և պահել հետոյի համար։

Եվ այսպես,

Երևան, 10–ը ապրիլի, 2014 թվական։ Բաղրամյան 26:

Սերժ Սարգսյանը հանդիպել է իրեն կից Սահմանադրական բարեփոխումների անդամների հետ։ Հանդիպել է ու հայտարարել. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»։ (տե՛ս կից առաջին տեսանյութը)։

Նկատենք, որ այստեղ կա հստակ խոսք, որ սահմանադրական փոփոխության դեպքում ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին։ Չի ասում՝ «եթե, ապա»։ Չի ասում, թե եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի, հետո կորոշենք։ Ասում է՝ չեմ հավակնի։ Հստա՛կ։

Երևան, 3–ը (կամ էլ՝ 1–ը կամ 2–ը. դժվար է ասել) դեկտեմբերի, 2015 թվական։ Հ1–ի տաղավար։ Հանդիպում Բ26–ին կից հեռուստաընկերությունների աշխատակիցների հետ։

Հարց տվող – Ճի՞շտ եմ ես հասկանում, որ եթե Սահմանադրությունը փոխվի, Դուք չեք լինելու, հրաժարվում եք լինել ՀՀ Նախագահ, Վարչապետ, Ազգային ժողովի նախագահ։

Սերժ Սարգսյան – Նախ ասեմ, որ ես խորապես համոզված եմ, որ այսօր այդ հարցն իրենից հետաքրքրություն չի ներկայացնում: Այսօր, կարծում եմ, կարևորագույն հարցը սահմանադրական բարեփոխումներն են, և ես բոլորին ու Ձեզ անձամբ խոստանում եմ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո շատ մանրամասն պատասխանել բոլոր հարցերին, որովհետև այդ ժամանակ է որոշվելու:

Սրանից առաջ էլ մեկ այլ հարց տվող էր խորհրդարանական համակարգին անցնելուց հետո Սարգսյանի վարչապետ դառնալ–չդառնալու մասին բարձրաձայնել (նշանակում է, որ ՀՀԿ ղեկավարը շատ է ուզեցել, որպեսզի այդպիսի «սուր» հարց հնչի)։ ՀՀԿ ղեկավարը կրկին ասել է, որ այդ մասին կխոսի հաջորդ դասին, այսինքն՝ 2017–ի խորհրդարանական ընտրություններից հետո (տե՛ս կից երկրորդ տեսանյութը)։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանն ուզում է հավակնել վարչապետի պաշտոնին, բայց սպասում է՝ 2017–ին «տոկոս խփի», որ հետո իր անձնական հարցերը գլուխ բերի (մեր ջերմագին ողջույններն իրեն ապագա վարչապետ հռչակող, քաղաքականության մեջ խելքը պարտադիր չհամարող ու ՀՀԿ «Այո»–ական շտաբի պետ աշխատող Հովիկ Աբրահամյանին, ով իր իսկ ձեռքերով հիմա պատրաստում է սեփական կարիերային կախաղանը՝ կեղծիքներով «այո» ապահովելու միջոցով)։

Ուշադրությո՛ւն դարձրեք. Սարգսյանը չի կրկնում իր նախկին խոսքն ու հստակ չի ասում, որ չի հավակնելու վարչապետի աթոռին։

Լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա։ Սա Սերժ Սարգսյանն է, և վե՛րջ։ Իսկ ոմանք ա՞յլ բան էին սպասում։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը