Մեկնաբանություն

05.12.2015 10:30


Շան որդի է, բայց Վաշինգտոնի շան որդին է

Շան որդի է, բայց Վաշինգտոնի շան որդին է

Սիրիական ռազմական թատերաբեմում ԱՄՆ–ի գլխավոր դաշնակիցը Թուրքիան է (ԵՄ–ին բռի մեջ պահելու հարցում էլ Թուրքիան անփոխարինելի գործընկեր է ԱՄՆ–ի համար)։ Վերջինիս գլխավոր դաշնակիցները Սիրիայում, Իրաքում և անհանգիստ այլ տեղերում գործող ահաբեկչական խմբերն են։

Թուրքիայի համար շատ կարևոր դերակատարում ունի ԴԱԻՇ–ը, որից Թուրքիայի նախագահ Էրդողանի ընտանիքը նավթ է գնում՝ ապահովելով ահաբեկիչներին զենքի ու զինամթերքի ձեռքբերման հնարավորությամբ։

ԱՄՆ–ը Սիրիայում «գետնի վրա» կռվող գործընկերներ չունի։ Վաշինգտոնում փորձեցին, այսպես կոչված, Սիրիական ազատ բանակին աջակցել, բայց, ինչպես հետագայում պարզվեց, մոտ կես միլիարդ դոլարանոց օժանդակության արդյունքում մի ամբողջ 5–հոգանոց (հինգ) պրոամերիկյան բանակ է ձևավորվել։ Ամբողջ օգնությունն իրականում հասել է ահաբեկիչներին, որոնց ու նաև Ասադի դեմ պետք է պայքարեն Սիրիական ազատ բանակի մարտիկները։ Պայքարելը՝ պայքարում են, բայց՝ «Ան Նուսրայի ճակատի» հետ ուս ուսի տված, այսինքն՝ նաև ամերիկացիների դեմ։ Իսկ դա նշանակում է, որ ամերիկյան հարկատուների փողերը ծառայել են ԱՄՆ–ի թշնամիների աջակցությանը («Ան Նուսրան» հանդիսանում է «Ալ Քաիդայի» սիրիական մասնաճյուղը)։

Սիրիայում ԱՄՆ–ը փորձում է աշխատել նաև քրդերի հետ, բայց դրանով իր գլխավոր դաշնակից Թուրքիային է նյարդայնացնում։ Ստացվում է խճճված կծիկ։

ԱՄՆ–ը, ըստ այդմ, հստակ մարտավարություն չունի Սիրիայում։ Իսկ ահա ռազմավարությունը հստակ է՝ թույլ չտալ ռուսների ռազմական հաջողությունը, հեռացնել Ասադին, Ասադին հեռացնելուց հետո ձևավորել խամաճիկային սուննիական իշխանություն և հետո նոր միայն մտածել ԴԱԻՇ–ի ու մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մասին։

Այդ ռազմավարության շրջանակներում ամբողջական «քարտ բլանշ» է տրվել Թուրքիային։ Վաշինգտոնում աչք են փակում Էրդողանի՝ ԴԱԻՇ–ին ամեն կերպ աջակցելու փաստի վրա։ Գործում է «Շան որդի է, բայց մեր շան որդին է» տխրահռչակ սկզբունքը։

ԱՄՆ պետդեպից, ի պատասխան ռուսական կողմի ներկայացրած անհերքելի ապացույցների, հայտարարել են, որ մաքսանենգ նավթը ԴԱԻՇ–ի կողմից վերահսկվող տարածքներից քիչ քանակներով է տարվում Թուրքիա։ Այսինքն՝ ստացվում է, որ Թուրքիան քիչ քանակով է աջակցում ահաբեկիչներին, ինչը ԱՄՆ–ը, փաստորեն, խնդիր չի համարում։ Սա հիշեցնում է ամերիկացիների՝ լավ և վատ ահաբեկիչների մասին մարազմատիկ թեզը։

Պարզ է, որ Օբաման որպես կծոտող շուն է օգտագործում Էրդողանին (ռուսական ինքնաթիռի խոցումն, ակնհայտորեն, Թուրքիայի ու ԱՄՆ–ի համատեղ որոշման արդյունքում էր. երկուսին էլ տարբեր պատճառներով ձեռնտու չէ ռուսական օդուժի արդյունավետ աշխատանքը), ու լուռ հետևում, թե ինչպես է Անկարան էլ իր հերթին օգտագործում ԴԱԻՇ–ին Սիրիայում։ Ասել է թե՝ ԱՄՆ–ի, ահաբեկիչների ու ահաբեկչությունը պետականորեն հովանավորող Թուրքիայի հարաբերությունները տեղի են ունենում փոխադարձ սրիկայության պայմաններում։ Թե ով է ում վերջում հասցնելու «քցել», դեռ պարզ չէ։ Մինչ այդ միլիոնավոր մարդիկ տուժում են, ամբողջ աշխարհով մեկ ահաբեկչական ալիքն է տարածվում, Սինայի օդում 224 հոգի է դառնում անմեղ զոհ, Փարիզում ռոք համերգի ժամանակ մարդկանց են գնդակահարում ...

Ակնհայտ է, որ ՌԴ–ի ու Ասադի դեմ պայքարում Օբաման, Էրդողանը, Աբու Բաքր Ալ Բաղդադին (ԴԱԻՇ–ի առաջնորդը) ու մյուսները նույն թիմն են ներկայացնում։ Եթե դա այդպես չլիներ, ապա Օբամայի վարչակազմը շատ արագ միջոցներ կձեռնարկեր ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրները կտրելու ուղղությամբ։ Մինչդեռ մենք տեսնում ենք հակառակը՝ ԱՄՆ–ը տնտեսական պատժամիջոցներ է կիրառում ահաբեկչության դեմ իրական պայքար մղող ՌԴ–ի դեմ ու, միևնույն ժամանակ, պաշտպանության տակ առնում ահաբեկչությանը «քիչ քանակությամբ» աջակցող Թուրքիային։

Ուզում է թե չի ուզում, ԱՄՆ–ն այդպիսով դառնում է միջազգային ահաբեկչության թիվ մեկ հովանավոր։ Պարզ է, որ ԴԱԻՇ–ին, Թուրքիային ու մյուսներին օգտագործելուց հետո ԱՄՆ–ը դրանց դեն է նետելու որպես բարոյապես ու ֆիզիկապես մաշված «մատերիալ», բայց մինչ այդ հասցնելու է ավերածությունների ու մարդկային ողբերգությունների պատճառ դառնալ։ Ու դեռ հարց է, թե ով է ում օգտագործում և օգտագործելու։

Ահա թե ինչ է ստացվում մենաշնորհի և առանց հակակշիռների միջազգային կարգի հաստատման դեպքում։

ՌԴ–ն մարտահրավեր է նետել այդ կարգին։ Թե ինչ արդյունք կարձանագրվի, ցույց կտա ժամանակը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Տնաբույծ «արևմտամետների» համար մի փոքր անհարմար վիճակ է ստեղծվել։ Ժանրի կանոնների համաձայն՝ սրանք հիմա պետք է «բալետ անեն» Թուրքիային ու ԴԱԻՇ–ին։ Չէ՞ որ վերջիններս Ռուսաստանի ու Պուտինի դեմ են, համ էլ՝ վայելում են ԱՄՆ–ի ուղղակի և անուղղակի աջակցությունը։ Իսկ դա արդեն բավարար է ԴԱԻՇ–ին միանալու և Էրդողանի փաստաբանը դառնալու համար։

Հրե՛ն, Բաղրամյան 26–ի շահերը սպասարկող «Lragir.am»–ի ղեկավար Հայկազն Ղահրիյանը Էրդողանի հետ պահանջում է Պուտինի հրաժարականը և ներքին հրճվանք ապրում ռուսական ինքնաթիռի խոցման փաստով։ Ադրբեջանական կայքերի սիրելի «Lragir.am»–ը, իհարկե, փորձում է իր մոտեցումը թաքցնել «Ռուսներն ու թուրքերը կոնֆլիկտ են սարքում իրար հետ, որպեսզի վնաս տան հայերին» մարազմատիկ թեզի տակ, բայց դե, քանի՞ «այո»–ական կա, որ կհավատա ուղեղային այդ բռնաբարությանը։

Այս խորագրի վերջին նյութերը