Մեկնաբանություն

08.12.2015 15:15


Ի՞նչ ցույց տվեց հանրաքվեն

Ի՞նչ ցույց տվեց հանրաքվեն

Ասել, որ կիրակի տեղի ուենցած հանրաքվեն կեղծվել է, նշանակում է ոչինչ չասել։ Հանրաքվեն ոչ թե կեղծվել է, այլ տեղի է ունեցել պետականորեն կազմակերպված հանցագործություն։

Հանցագործության կազմակերպիչները գործել են բացահայտորեն ու փնթի ձևով։

Այս պայմաններում հանրությունն իր օգտին գրանցել է 32,35 տոկոս կամ 421 593 ձայն։ Եվ սա՝ քաղաքական դաշտի անապատացման, «խուրդման» և հաճախորդացման պայմաններում։ Նշանակում է՝ հանրային դիմադրության ցուցիչն այդքան է։

«Ոչ»–ն, անշուշտ, հաղթանակ է տարել։ Այլ հարց է, որ այդ հաղթանակն իրավականորեն ամրագրելու ռեսուրս հանրությունը չի ունեցել։ Չեն աշխատել անհրաժեշտ քաղաքական գործիքները։

Խոսակցություններն այն մասին, որ մեր հանրությունը հիասթափված է և այլևս չի ուզում մասնակցել իր երկրի ապագայի կառուցմանը, սխալ են։ Ավելի քան 400 հազար դե յուրե արձանագրված ձայները խոսում են այն մասին, որ դե ֆակտո դրանք առնվազն կրկնակի են։ Եթե հաշվի առնենք ՀՀ–ում մնացած ընտրողների իրական քանակը, ապա այս իշխանություններին ու անձամբ Սերժ Սարգսյանին «ոչ» է ասել մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը։

Տոտալ ընտրակեղծիքների պարագայում սա լուրջ թիվ է։ Սա մեր հանրային դիմադրողականության թիվն է, որը կարող է շատ լուրջ խնդիրներ լուծել։ Այդ թիվը հայկական հեղափոխության և դրական փոփոխությունների ռեսուրսն է։

Սա այն հիմքն է, որի վրա կարելի է ստեղծել մի կառույց, որը կջարդի ու կփշրի և՛ ընտրակեղծիքների մեքենան, և՛ բոլոր այն խոչընդոտները, որոնք կանգնած են Հայաստանի զարգացման ճանապարհին։

Հանրությունն իր քվեարկությամբ յուրօրինակ հանրային պահանջ ձևակերպեց։ Առողջ ուժերի միավորման և նոր թիմ ձևավորելու պահանջ։ Նոր թիմ, որը Հայաստանն այս վիճակից դուրս բերելու ծրագրեր առաջ կքաշի և դրանք կյանքի կկոչի։

Հանրաքվեն նաև ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմը մերժված են։ ՀՀԿ ղեկավարը բոլորից լավ գիտեր այդ մասին, և դա էր պատճառը, որ կիրառվեցին բոլոր տիպի կեղտոտ տեխնոլոգիաները։ Բայց ամեն ինչ ունի իր սկիզբն ու վերջը։ Չարի վերջը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը