Մեկնաբանություն

09.12.2015 22:50


Դաշնակցականի «սկզբունքային» տեսակը

Դաշնակցականի «սկզբունքային» տեսակը

«Մենք համարում ենք, որ հանրաքվեն կայացել է, և ունենք նոր Սահմանադրություն»,- առանց կարմրելու հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Դաշնակցական վերնախավը, հանուն իր «սկզբունքների», կարող է ստել ու հայտարարել, թե հանրաքվեն կայացել է: Այո՛, «կայացել» է` ահավոր կեղծիքների ու խախտումների, ընտրակաշառք բաժանելու եւ այլ հանցանքներ իրականացնելու միջոցով, նաեւ` պետաշխատողներին ստիպողաբար տեղամասեր քշելու մեթոդով, որոնց «զաստավիտով» ստիպել են «այո» քվեարկել:

Այս ամենի մասին դաշնակցականներն, իհարկե, խոսում են, բայց այնպես` ձեռի հետ. «դե հա, եղել են նման բաներ, բայց դրանք էն չափերի չեն, էլի, որ ազդեին արդյունքների վրա»: Այս ոճով ու իմիջիայլոց:

Կարեւորն, ըստ դաշնակցականների, իրականացել է իրենց բյուրեղյա երազանքը, եւ երկիրը դարձել է պառլամենտական (իրականում՝ գենսեկական): Իսկ թե ինչ է սպասվում ապագայում, ջհանդամը: Էականը մի քանի պորտֆել Սերժ Սարգսյանից փախցնելն է կամ մուրալը:

ՀՅԴ վերնախավի մոտ միշտ էլ լավ է ստացվել կեցվածք ընդունելը` գլուխը տնկել ու զայրացած բողոքել երկրում շարունակվող ու ահագնացող կոռուպցիայի ու թալանի, աղքատության ու արտագաղթի ծավալների դեմ, բայց, միաժամանակ, շարունակել հանգիստ աշխատել իշխանության հետ: Շա՜տ «սկզբունքային» են՝ դրանից է:

Հանրաքվեից հետո դաշնակցականներն իրենք էլ են իշխանական կերակրատաշտի շուրջբոլորը պտտվելու, բայց տարին երկու անգամ պարտադիր պետք է հանդես գան «սկզբունքային» դիրքերից եւ ի լուր հայոց աշխարհի՝ բղավեն, թե կոռուպցիա կա, թալան կա, ֆլան կա, ֆստան կա:

Հետո էլ խռովում ու ջղայնանում են, որ վարկանիշ չունեն, ժողովուրդը չի գնահատում իրենց, էլի… էսքան էլ ապերախտ ժողովուրդ կլինի, որ էս ժողովուրդն է, ով գնում է 5 հազարը վերցնում ու իրենց ձայն չի տալիս: Իսկ հիմա երեւի կարծում են, որ եթե կառավարման համակարգը փոխվեց ու դարձավ իրենց փափագածը. արդեն ժողովուրդն իրենց կգնահատի, իրենց զրոյական վարկանիշը կբարձրանա, Սերժն էլ կգնահատի իրենց անձնուրաց աշխատանքը, մասնավորապես` սահմանադրական արկածախնդրության հարցում իրեն սատարելու, թիկունք կանգնելու համար ու պաշտոններ նվեր կտա: Էլի ՀՀԿ-ի հետ բյուջեն կթալանեն, բայց «զատո» պառլամենտական երկիր կհամարվենք: Այսպես են մտածում դաշնակցական վերնախավի անդամները:

Գրողի ծոցը, թե մշուշոտ է երկրի ապագան, եւ դեռ հարց է, թե ինչ է սպասվում Հայաստանին կառավարման համակարգի փոփոխությունից հետո, երբ կարող են լինել մեկ մարդու իշխանություն և կոլեկտիվ անպատասխանատվություն։

Բայց այս ամենն, իհարկե, դաշնակցական վերնախավին քիչ է հետաքրքրում։ Կարեւորը` հասել են իրենց մուրազին` մի քիչ էլ, մի քիչ էլ ու…գրկելու են կերակրատաշտի իրենց հատկացված հատվածը (եթե, իհարկե, հերթական անգամ «չքցվեն» համապատասխան մարդու կողմից):

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը