Լրահոս

04.10.2010 12:52


Ի պատասխան թուրք ազգայնամոլների

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ ԵՀՄՖ-ի նախագահությունը շնորհակալության խոսք է ուղել «EuroNews»-ի տնօրինությանը' բարձր գնահատելով Անիի հայկական եկեղեցու պատերի ներքո թուրք ազգայնամոլների  կողմից կազմակերպված նամազի կատարման ակտի շուրջ «EuroNews»-ի կատարած ճշմարտացի տեղեկատվության համար: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Գրիգորյանի «EuroNews»-ը ոչ միայն նշեց, որ սահմանի ապաշրջափակումը վերացնելու փոխարեն թուրքերը նոր սադրանքներ են կազմակերպում, այլև շատ թափանցիկ ակնարկ հղեց Թուրքիային' ցուցադրելով քարտեզի վրա Հայաստանի գույներով ներկված Արարատի շրջակա տարածքը' ներառելով ողջ Սուրմալուի գավառը: Ըստ ԵՀՄՖ-ի, սա Եվրոպայի Տնտեսական ֆորումում սլովակ հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի ելույթի առաջին արձագանքն էր "EuroNews"-ի կողմից: Խոսքն Արարատ լեռն իր շրջակայքով Հայաստանին վերադարձնելու պահանջի մասին է, որը շրջանառության մեջ դրվեց Եվրոպայի այսպիսի բարձրակարգ ֆորումում և այն ունեցավ տարբեր արձագանքներ եվրոպական ԶԼՄ-ների կողմից: Ըստ ԵՀՄՖ-ի, որքան  Թուրքիան կզարգացնի իր ազգայնամոլական քաղաքականությունն, այնքան ԵՄ-ի կողմից ռեակցիան կլինի ուժգին: Այս տարրական ճշմարտությունը հասկանալու համար ԵՀՄՖ-ի նախագահը Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տալիս ուսումնասիրել վերջին տասնամյակում ԵՄ-ին անդամակցված երկրներում ազգայնամոլական կուսակցությունների նկատմամբ ԵՄ-ի կողմից վարված քաղաքականությունը: ԵՄ-ին անդամակցված երկրները մինչև հիմնովին չեն վերացրել ծայրահեղական, ազգայնամոլական հենքի վրա գործող կուսակցություններին, չեն անդամակցվել ԵՄ-ին:

Ի պատասխան թուրք ազգայնամոլների հայտարարում ենք, որ Եվրոպայի հայկական լոբինգն ավելի է մեծացնելու բոլշևիկների կողմից առանց որևէ հիմքի ու բացատրության Արևելյան Հայաստանի հարավային գավառները Թուրքիային տալու փաստի դեմ պայքարը' պահանջելով ետ վերադարձնել հայկական երեքհազարամյա հողերն իր իսկական տիրոջը:

Ըստ Աշոտ Գրիգորյանի, հասունացել է այն պահն, որ Թուրքիայի առջև պետք է դրվեն իրավաբանորեն հիմնավորված տարածքային պահանջներն ամբողջ խստությամբ' համոզված, որ այն լիովին սատարվելու է եվրոպական հանրության կողմից, և այս խնդրին խիստ օգնելու է թուրքական իշխանությունների կողմից վարվող մերժողական քաղաքականությունը:

Այս խորագրի վերջին նյութերը