Քաղաքական

24.11.2009 15:33


Վահան Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանն ուղղակիորեն առաջարկում է երեք ծառայություն մատուցել իշխանություններին»

Վահան Հովհաննիսյան. «Լևոն Տեր–Պետրոսյանն ուղղակիորեն առաջարկում է երեք ծառայություն մատուցել իշխանություններին»

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ «Արցախ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը մեկնաբանելու համար ավելի լավ է դիմել տնտեսագետներին, քանի որ դա «կոմերցիոն բնույթի առաջարկ է» և «սերվիտուտի ինստիտուտով նախատեսված ծառայութունների մատուցման առաջարկ».

-Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանություններին ուղղակիորեն առաջարկում է երեք ծառայություն մատուցել։ Առաջին՝ ճանաչել մինչ օրս Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների կողմից չճանաչված Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը։ Երկրորդ՝ նա առաջարկում է այսօրվա Սերժ Սարգսյանի և նրա վարած թիմի քաղաքականությունն արհեստական թելերով կապել անպայման Ռոբերտ Քոչարյանի և նրա քաղաքական թիմի հետ, այդ թվում՝ նաև մեզ։ Խոսքը հատկապես հայ-թուրքական արձանագրությունների կամ մադրիդյան սկզբունքների մասին է, և սա էլ ծառայություն է Սերժ Սարգսյանի թիմին, քանի որ բազմիցս ենք նկատել, որ այսօրվա ղեկավարներն ասում են. «Դե, մենք ի՞նչ անենք, այս ամենը հնուց ենք ժառանգել»։ Այո՛, Ռոբերտ Քոչարյանն էլ Լևոն Տեր-Պետրոսյանից էր ժառանգել, և եթե այս ժառանգականությունը շարունակվի, մենք շուտով երկիր չենք ունենա։ Երրորդ ծառայությունն ակնհայտ է՝ կատաղած պայքար Դաշնակցության և նրա գաղափարների դեմ անհեթեթ մեղադրանքներով, այն է թե՝ Ալեքսանդրապոլ և այլն, և այլն։

Նա նշել է, որ մարդիկ, ովքեր պատմություն չգիտեն, հաճախ են խոսում այդ պայմանագրի մասին, սակայն կարելի է հարց տալ՝ ինչո՞ւ 1919թ. Ալեքսանդրապոլի պայմանագիրը չի փաթաթվել Հայաստանի վզին. «Որովհետև Հայաստանը կայացող, ամուր բանակով երկիր էր։ 1920թ.՝ արդեն ո՛չ, որովհետև այն ժամանակվա Լևոն Տեր-Պետրոսյանները՝ բոլշևիկները, կազմալուծեցին երկիրն ու բանակը, և երկիրն անպաշտպան էր։ Եվ մեր վզին Ալեքսանդրապոլի պայմանագիր փաթաթվեց, որը, ի դեպ, երբեք չի վավերացվել Հայաստանի խորհրդարանում այնպես, ինչպես փորձում են ցյուրիխյան «Ալեքսանդրապոլը» բերել և վավերացնել»,- ընդգծել է Վ. Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով այդ երեք ծառայությունների դիմաց Լևոն Տեր-Պետրոսյանը, հավանաբար, ինչ-որ հատուցում է ակնկալում։ Սակայն եթե այդ հատուցումը նյութական բնույթ պետք է կրի, ապա հարց է՝ այսօրվա պայմաններում ՀՀ բյուջեն ևս մեկ նմանատիպ բեռին կդիմանա՞, թե՞ ոչ, իսկ եթե ոչ, ապա հատուցման այլ ոլորտը կարող են լինել միայն հաջորդ ընտրությունները և դրանցում իշխանության «դաբրոն» ստանալը։

Նրա կարծիքով իշխանություններն արդեն սկսել են որոշակի զիջումների գնալ, և Նիկոլ Փաշինյանի գրանցումը պատահական չէ։

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում բերվող հոգևորական Եղիազար Այնթապցու օրինակին՝ Վ. Հովհաննիսյանը նշել է, թե այդ ակնարկը վերաբերում է ոչ թե Սերժ Սարգսյանին, քանի որ վերջինս ստացել է իր ուզածը, այլ հենց իրեն՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև այսօր հասարակության մեջ պառակտիչ գործունեությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գործառույթն է։

-Իմ կարծիքով սա էլ կարող է ծուղակ լինել, որին մեր իշխանությունները, ծուղակներն ընկնելու իրենց սովորության համաձայն, կարող է և նորից ընկնեն,- նշել է Վահան Հովհաննիսյանը։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը