Մեկնաբանություն

14.12.2015 10:10


«Բամփոցիի» փայատերերի գզվռտոցը

«Բամփոցիի» փայատերերի գզվռտոցը

Դատելով ամենից՝ Հովիկ Աբրահամյանը համաձայնել էր ու ինչ–որ առումով՝ նաև նախաձեռնել «բամփելու» հակասահմանադրական գործընթացը՝ այն հույսով կամ հաշվարկով, որ ինքն է լինելու Գագիկ Ծառուկյանի հեռացման շահառուն և Սերժ Սարգսյանի քաղաքական ժառանգորդն իշխանական թևից։

Սարգսյանի ու Աբրահամյանի միջև ակնհայտորեն որոշակի պայմանավորվածություններ են եղել սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետի աթոռի հետ կապված։

Մինչև հանրաքվեն տեղի ունեցած սերժսարգսյանական ինքնաասուլիսը, սակայն, ցույց տվեց, որ ժառանգորդության և վարչապետության մասով ՀՀԿ ղեկավարի մոտ բան է փոխվել։ Ավելի ճիշտ՝ ոչ թե փոխվել է, այլ եկել է «թիմակիցների» համար խաղաքարերը բացելու և «թիմակիցներին» «քցելու» ժամանակը (հանրության մասին չենք էլ խոսում. Ս. Սարգսյանը մշտապես է խաբում և «քցում» հանրությանը)։

Հովիկ Աբրահամյանն իրեն հիմա խաբված է զգում։

«Նաջարյանը» փոշմանեց

Ս. Սարգսյանն իր խոսքը «ֆռռացնելու» որևէ բարդույթ չունի, քանզի խոսքն իր համար արժեք չունի։ Նա հետ կանգնեց իր խոսքից, քանի որ քաղաքական իրավիճակ է փոխվել փետրվարից հետո։

ԲՀԿ–ի դեֆորմատավորումից հետո ընդդիմադիր դաշտի նոմինալ «խաղացողները» կա՛մ դարձել են ֆոտոսեսիայի մասնակիցներ, կա՛մ երիտդհոլներ, կա՛մ մարգինալներ, կա՛մ աղոթած էշեր։

Իշխանություն–ընդդիմություն դասական մրցակցության կամ հակամարտության բացակայությունը սրել է ներիշխանական հակասությունները։

Հ. Աբրահամյանը, թերևս, բնազդով (քաղաքականության մեջ նա խելքի կարիք չի զգում) էր զգում, որ բան է փոխվել փետրվարից հետո, և այդ իսկ պատճառով առիթ–անառիթ ասում էր, թե ինքն է հետագայում լինելու վարչապետը։ Նա այդպիսով փորձում էր հանրաքվեից առաջ հստակություն մտցնել իր ու Սերժի հարաբերություններում, ինչպես նաև իշխանական բուրգին հասկացնել, թե որ կողմ պետք է նրանք կողմնորոշվեն։

Սարգսյանն ահագին ժամանակ չէր արձագանքում գործող վարչապետի հայտարարություններին, բայց վերջում «բացվեց»։

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ապագա վարչապետի և ընդհանրապես իշխանական կոնֆիգուրացիայում որևէ մեկի հարցը դեռ որոշված չէ, ու չի բացառվում, որ եթե հաջողվի ՀՀԿ–ի համար անհրաժեշտ տոկոսը «խփել», ապա ինքը կդառնա վարչապետ։

Ուշագրավ է, որ Հովիկ Աբրահամյանը Սարգսյանի այդ ձևակերպումները մեղք է համարում և հայտարարում, որ ինքը մեղք չունի, որ Սարգսյանը հրաժարվում է իր խոստումներից։

Մի խոսքով, Սարգսյան–Աբրահամյան արդեն հրապարակային դարձած «փոխհրաձգությունը» սկսված է, և այն զարգանալու միտում ունի։

Սարգսյանի ու Աբրահամյանի աթոռակռիվը հանրության կռիվը չէ

Քանի դեռ նոր քաղաքական իրավիճակ չի ստեղծվել, ու քաղաքական գործընթացները չեն տեղափոխվել դասական տիրույթ, ներիշխանական գզվռտոցը զբաղեցնելու է հանրությանը՝ վերջինիս համար ոչ մի օգուտ չապահովելով։

Հասկանալի է, որ Սարգսյանն է ՀՀ զարգացման թիվ մեկ խոչընդոտը և առկա խնդիրների մեծ մասի պատասխանատուն, բայց Աբրահամյանն էլ պակասը չէ։ Նրանք իրար արժեն։

Այնպես որ, հանրային շահը ներիշխանական «բազառից» դուրս պետք է դիտարկել։ Այլ հարց է, որ ինչքան շատ իրեր ուտեն ՀՀԿ–ի ներսում, այնքան լավ։ Բայց այդ լավն առարկայական տեսք կստանա միայն այն դեպքում, երբ հանրությունը կարողանա կազմակերպված քաղաքական միավորով մտնել քաղաքական գործընթացների մեջ, որպեսզի կրկին վերականգնի իր սուբյեկտայնությունը։ Ահա ա՛յս ուղղությամբ է պետք աշխատել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը