Մեկնաբանություն

14.12.2015 17:09


Հանրաքվեն բացեց փակագծերը

Հանրաքվեն բացեց փակագծերը

Ծայրից ծայր կեղծված հանրաքվեն մի քանի փակագծեր բացեց։

«Ես Գասպարյան Վո՛վան եմ. ես Վո՛վան եմ»

Դեկտեմբերի 6–ին պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանն ընտրակեղծարարության հիմնական բեռը տեղափոխել է Հովիկ Աբրահամյանից դեպի ոստիկանական համակարգ՝ հենվելով Վլադիմիր Գասպարյանի վրա։ Վերջինս նաև պաշտպանում է Սարգսյանի աթոռն ընտրությունների արանքներում ընկած ժամանակահատվածում։

Ճիշտ է, այնպես չէ, որ Աբրահամյանը դարձել է ընտրական օրենսգրքի մոլի պաշտպան ու չի զբաղվում ընտրակեղծարարությամբ (հանրաքվեի ժամանակ Հովիկն աչքի ընկավ իր ծննդավայր Արարատում՝ տոկոսխփոցիի հարցում առաջ ընկնելով նույնիսկ Լիսկայից), բայց խոսքը տվյալ դեպքում ընտրակեղծիքների մասշտաբների մասին է։ Մասշտաբներն այդ ապահովեց ոստիկանական համակարգը՝ շրջիկ խմբերի, 9–րդ ձևի և այլ գործիքների կիրառմամբ։

Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանի միակ հենարանը ոստիկանությունն է՝ բռնության մեքենան։ Ընտրակեղծիքներն ու բռնություններն, ըստ այդմ, դրվել են «պետական» ռելսերի վրա։

Գասպարյանի այդ դերակատարումը երևաց 2012թ. ԱԺ և 2013թ. նախագահական «ֆեյք» ընտրությունների ժամանակ։ Հանրաքվեի ժամանակ նրա այդ ֆունկցիան ամբողջական տեսք ստացավ, ինչի շնորհիվ Սերժը գործող վարչապետին յուրօրինակ ձևով շնորհազրկման ենթարկեց։

Ներիշխանական պայքարի «նրբությունները»

Հանրաքվեի գործընթացը նպաստեց ներիշխանական պայքարի սրացմանը։

Հանրաքվեին զուգահեռ՝ իրենց հարաբերություններն էին պարզում Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը։ Վերջինս Սերժի ինքնաասուլից հետո էլ հայտարարեց, որ ուզում է ապագայում մնալ վարչապետի աթոռին։ Իսկ դա նշանակում է, որ գործող վարչապետը բաց բանավեճի մեջ է մտնում Սերժ Սարգսյանի հետ։

Ինչպես հայտնի է, ՀՀԿ ղեկավարը հետ կանգնեց իր խոսքից՝ հայտարարելով, թե իր հետագա ծրագրերի մասին կխոսի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո։ Սերժն այդպիսով չբացառեց հետագայում վարչապետ դառնալը։

Հիմա եթե Հովիկ Աբրահամյանը հրապարակավ հայտ է ներկայացնում նույն վարչապետական աթոռի համար, ապա բախումն անխուսափելի է։ Բայց դա արդեն իշխանության ներքին խնդիրն է։ Հանրության խնդիրը պետք է լինի քաղաքական նոր դասավորության ձևավորումը։

Սերժ Սարգսյանը շանս չունի

Հանրաքվեն ցույց տվեց, որ անգամ քաղաքական լուրջ դիմադրության պարագայում հանրությունը կարողանում է համախմբվել ու իր «ոչ»–ն ասել Սերժ Սարգսյանին։

Արձանագրված ավելի քան 400 հազար ձայնը հստակ ինդիկատոր է։ Սերժ Սարգսյանի զրոյական վարկանիշի ինդիկատորը։

ՀՀԿ ղեկավարը շանս չունի հանրային լեգիտիմության որևէ միավորի արժանանալու, և այդ մասին ամենալավն ինքը գիտի։

Վերջին յոթ տարիների ընթացքում երկիրը տնտեսապես հետ է ընկել, և աճել է աղքատությունը։ Այս ամենի համապատկերին Սերժն ու իր նեղ շրջապատը ֆինանսապես բարգավաճել են։ Հանրությունը շատ լավ տեսնում է դա։

Սերժն էլ իր հերթին տեսնում է հանրության ատելությունն իր նկատմամբ։ Թե ինչպես է հաղթահարվելու այս անտոգոնիզմը, կարելի է տարբեր սցենարներ ներկայացնել։

Անկախ այդ սցենարներից՝ ակնհայտ է, որ կա իշխանափոխության սուր պահանջ, և այն ուժը, որն այդ դաշտում հստակ հայտ կներկայացնի, կկարողանա հաղթել ու դրական փոփոխություններ ապահովել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը