Լրահոս

04.10.2010 15:35


Սամվել Բալասանյանն ՕԵԿ–ից չի նեղվի

Սամվել Բալասանյանն ՕԵԿ–ից չի նեղվի

ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Բալասանյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է, թե ակտիվ աշխատելու է ոչ միայն ԲՀԿ-ի, այլ նաև թիվ 35 ընտրատարածքի համար, որտեղից էլ ինքը մեծամասնական ընտրակարգով ընտրվել է։

Հարցին, թե ճի՞շտ է, որ նրան ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելու հարցը որոշել են Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը համատեղ,  Բալասանյանը պատասխանել է.

-Ճիշտն ասած ՝կոալիցիայի որոշում է։ Այսինքն, կոալիցիայի չէ, քաղխորհուրդը որոշել է, կոալիցիան պետք է որ հաստատի, որովհետև կա նաև հուշագիր դրա համար։

Իսկ եթե նախկին կուսակիցները՝ ՕԵԿ-ականները չմասնակցեն իր քվեարկությանը, Ս. Բալասանյանը չի նեղվի.

-Ես որևէ մեկից չեմ նեղվի։ Ուղղակի կոալիցիոն որոշում կա, որ պետք է քվեարկեն կամ չքվեարկեն։ Դա իրենց խնդիրն է։

Ս. Բալասանյանը նաև հավելել է, որ նվիրվածությամբ է ասել՝ իր ճակատին գրված է «օրինաց երկիր», սակայն ընդգծել է, որ նկատի չի ունեցել «Օրինաց երկիր» կուսակցությունը։

-Շատ լավ բան է գրված։ Ամեն մարդու ճակատին թող գրված լինի ունենալ «օրինաց երկիր», ունենալ բարգավաճ Հայաստան: Ես չեմ ասել՝ «Օրինաց երկիր» կուսակցություն, ասել եմ՝ օրինաց երկիր: Այո՛, բոլորս պետք է ապրենք օրենքի երկրում՝ առա՛ջ Հայաստան, Բարգավաճ Հայաստան,-նշել է նա։

Իսկ թե մտավախություն չունի՞, որ վաղն էլ ինքը կարող է հայտնվել Արևիկ Պետրոսյանի կարգավիճակում, Ս. Բալասանյանը նշել է.

-Եթե հանկարծ սկզբունքներ փոխվեն, այդ դեպքում հնարավոր է, բայց հիմա սկզբունքի փոփոխություն չկա, ես ինտեգրվել եմ, և պետք է ակտիվ գործունեություն ծավալեմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը