Լրահոս

04.10.2010 16:24


Թողե՛ք մեզ Երևանի վերջին այգին

Թողե՛ք մեզ Երևանի վերջին այգին

Հաշվի առնելով այն փաստը, որ Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև ընկած այգու համար քննարկվել և նույնիսկ նախնական հավանության է արժանացել բնակչության դժգոհությունն առաջ բերած ծրագիրը՝ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը ուշադրություն է հրավիրում հետևյալի վրա.

  •          նշված նախագծի իրականացման դեպքում այլևս այգին կկորցնի իր նշանակությունը, քանի որ զբոսայգին աքցանի մեջ կառնեն ստորգետնյա և վերգետնյա կոմերցիոն առևտրային կառույցները, անխուսափելիորեն կտուժեն հազվագյուտ ծառերն ու ծառարմատները,
  •          տարրական քաղաքաշինական նորմերի համաձայն զբոսայգու միջավայրն անհամատեղելի է առևտրային կառույցների հետ և ի սպառ կբացառի քաղաքացիների հանգստի և մեկուսի զբոսնելու հնարավորությունը,
  •          նշված նախագծով վերջնականապես խաչ է քաշվելու Ալ. Թամանյանի նախագծած Գլխավոր պողոտայի հայեցակարգի վրա,
  •          Երևանի քաղաքաշինության խորհրդի նիստում ճարտարապետները ոչ թե հավանություն են տվել այդ նախագծին, այլ ընդգծել են, որ այն այգում հյուրանոց կառուցելու նախորդ առաջարկի համեմատ ավելի լավն է,
  •          նման նախագծի իրականացումը վերջակետ կդնի Երևանի կենտրոնի վերջին հանրային զբոսայգու վրա և այն կհանգեցնի արդեն բետոնապատված Օղակաձև զբոսայգու վիճակին, ինչն արվել է նույն կանաչապատման հիմնավորմամբ։

Ելնելով վերը շարադրվածից' Երևանի իշխանություններին և ՀՀ մյուս պատասխանատու գերատեսչություններին հորդորում ենք.

  •          սկզբունքային մոտեցում ցուցաբերել Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանրային զբոսայգիների պետական ֆինանսավորման և խնամքի հարցում,
  •          այդ այգիները չզոհել մասնավոր շահերին, ինչի արդյունքում չեն շահելու ո՛չ քաղաքացիները և ո՛չ էլ այդ մասնավոր ընկերությունները,
  •          քաղաքային իշխանություններին' հրաժարվել վերոնշյալ նախագծի իրականացումից, «Երևաննախագիծ» ինստիտուտին' անաչառ մասնագիտական եզրակացություն տալ, ճարտարապետների հանրությանը' սեփական մասնագիտական կարծիքը չզոհել պահի նպատակահարմարությանը և օբյեկտիվ գնահատական տալ նման ճակատագրական խնդրին,
  •          2011 թվականի Երևանի բյուջեի քննարկումների ընթացքում քաղաքի բյուջեի ծախսային մասում կրկնապատկել հանրային զբոսայգիների խնամքի համար նախատեսվող միջոցները,
  •          ցանկացած շինարարություն սկսելուց առաջ պարտադիր պայման դնել այդ մասին նախօրոք տեղեկատվություն հրապարակելը մամուլի միջոցով և հարակից շենքերի բնակիչների հետ հանրային քննարկումներ անցկացնելը,
  •          շտապ կերպով համայնքային բյուջետային միջոցներ ուղղորդել Երևանի հանրային սեփականություն հանդիսացող այգիների բարեկարգման՝ ծառերի ու խոտածածկի մշտական ոռոգման և խնամքի համար։ Առաջնահերթություն ենք համարում հատկապես հետևյալ առավել վտանգված այգիների փրկությունը՝ Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող այգին, Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով սրճարաններից զերծ մնացած այգու կտորները, Ուսանողական այգին, Կիրովի այգին և մյուս զբոսայգիները,
  •          դադարեցնել քննարկման փուլում գտնվող բոլոր շինարարական նախագծերի իրականացումը, որոնք տեղի են ունենալու հատկապես Երևանի կենտրոնում կանաչ գոտիների հաշվին։

Երևանցիները դժգոհում են կանաչ տարածքների անխնա ոչնչացումից և նման նախագծերի իրականացումը բացասական տրամադրված միջավայրում, ի վերջո, հանգեցնելու է ավելի լուրջ սոցիալական խնդիրների առաջացմանը: Պահպանենք մեր հանրային այգիները, քանի որ դրանք պատկանում են մեզ' հանրությանը:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը