Լրահոս

04.10.2010 16:51


Պարզեցվել է լիցենզավորման գործընթացը

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսը կրում էր «Lիցենզավորման գործընթացի բարեփոխումներն ու լիցենզավորումն էլեկտրոնային տարբերակով» խորագիրը։ Բանախոսներն էին կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը և ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

Իր խոսքում ֆինանսների նախարարը նշել է, որ վերջին շրջանում կառավարությունը լուրջ միջոցառումներ է իրականացնում ընթացակարգերի թեթևացման և վարչական արգելքների հեշտացման և ընդհանրապես բյուրոկրատիայի նվազեցման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության ս.թ. սեպտեմբերի 24-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ մաքսային օրենսգրքում և ևս 14 ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նախագծով ներկայումս գործող 157 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրամադրվող արտոնագրերի փոխարեն առաջարկվում է սահմանել 84 բարդ և 12 պարզ ընթացակարգով տրվող արտոնագրեր։ Առաջարկվող փոփոխությունների համաձայն ներկայումս գործող 157 բարդ և 12 պարզ (ընդամենը 169) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների փոխարեն սահմանված են 84 բարդ և 12 պարզ (ընդամենը 96) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաներ։
Նախագծի մշակման ընթացքում լիցենզավորման ենթակա գործունեության մի շարք տեսակներ կրճատվել կամ համախմբվել են։ Տիգրան Դավթյանը պարզաբանելով ներդրված ընթացակարգերի էությունը' հայտնել է. «Պարզ ընթացակարգեր իրականացվում են այն գործունեությունների վրա, որոնք պետության համար անհրաժեշտ են զուտ տեղեկատվություն ստանալու համար այդ գործունեության մասին և ներկայացնում են նվազագույն պահանջներ։ Բարդ ընթացակարգը ենթադրում է որոշակի չափանիշներ ընկերությունների, իրավանաբական, ֆիզիկական անձանց համար և այս կամ այն բարդ լիցենզիան ստանալու համար անհարժեշտ է բավարարել այդ չափանիշները»։ Ֆինանսների նախարարի փոխանցմամբ այդ գործընթացը պարբերական բնույթ է կրելու, որպեսզի գործարարները և անհատ ձեռներեցները առանց խնդիրների կարողանան իրականացնել լիցենզավորումը։
Այնուհետև կառավարության աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է www.e-gov.am/licenses բաժնում տեղադրված նոր ծառայությունը, որի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ լիցենզավորում, թե՛ պարզ և թե՛ բարդ ընթացակարգերով։ Ըստ Դավիթ Սարգսյանի' ներկա պահին միայն երկու բնագավառում է ընձեռվում լիցենզավորման հնարավորությունը. «առաջինը' պարզ ընթացակարգով ստացվող լիցենզիաներն են, որոնք տրամադրում է ֆինանսների նախարարությունը և երկրորդը' տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրամադրվող լիցենզիաներն են։ Առաջիկա վեց ամսիսների ընթացքում մնացած բոլոր լիցենզիաների տարատեսակների գծով նույնպես հնարավորություն կլինի ներկայացնել դիմումներ' բացառությամբ, օրինակ, միջուկային վառելիքի տեղափոխման լիցենզիայից»- նշել է կառավարության աշխատակազմի ղեկավարը։ Այս ոլորտները բանախոսի կարծիքով ամենահրատապն են, քանի որ պարզ ընթացակարգերով լիցենզավորումը ավելի մասսայական է և վերաբերվում է փոքր բիզնեսին։

Այս խորագրի վերջին նյութերը