Մեկնաբանություն

21.12.2015 11:27


Ինչու է Սերժ Սարգսյանը վարում «ուժեղ դրամի» քաղաքականություն

Ինչու է Սերժ Սարգսյանը վարում «ուժեղ դրամի» քաղաքականություն

Տարօրինակ և, միևնույն ժամանակ, վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում Հայաստանի տնտեսական դաշտում։

Ամբողջ աշխարհում դոլարը թանկանում է և այլ տարադրամների համեմատ, այսպես ասած, ուժեղանում, իսկ ահա մեզ մոտ դոլարը, դրամի համեմատ, թուլանում է։ Փոխարժեքային այսպիսի քաղաքականությունը հայաստանյան իշխանությունները վարում են, իբր, ինֆլյացիայից խուսափելու համար, սակայն արդյունքները շատ վատ են և է՛լ ավելի վատ են լինելու հետագայում։

Ասել, որ միջազգային տնտեսական ներկայիս կոնյունկտուրայի պայմաններում «ուժեղ դրամի» քաղաքականությունը սխալ է, նշանակում է ոչինչ չասել։ Բաղրամյան 26–ի վարած այս քաղաքականությունը պարզապես կործանարար կարող է լինել՝ սպառնալով մեր ազգային անվտանգությանը (Կենտրոնական բանկին չենք անդրադառնում, քանզի այն Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ամբողջությամբ կորցրել է իր ինքնուրույնությունը՝ վերածվելով նախագահական նստավայրի հրահանգները կատարողի)։

Հայաստանը՝ դոլարի մատակարարման միջազգային կենտրոն

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է ռուսականի հետ։ Լավ է դա, թե վատ, լրիվ այլ խոսակցության թեմա է։ Փաստն այն է, որ կապված է։

Ռուսական տնտեսության համար կարևոր են նավթի ու գազի գները։ «Brent» տեսակի նավթի մեկ բարելն այսօր վերջին 11 տարվա ցածր գնի ռեկորդ է սահմանել՝ իջնելով մինչև 36,2 դոլար։

Բացի այդ՝ ռուսական ռուբլին արժեզրկվում է դոլարի համեմատ, ինչը, այլ պատճառներից զատ, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի՝ վերաֆինանսավորաման տոկոսադրույքը բարձրացնելու որոշման հետևանքն է։

Այս պայմաններում եթե Հայաստանում պահում են դոլարի փոխարժեքը գրեթե ֆիքսված թվի սահմաններում, ապա դա հանցավոր վարքագիծ է։ Ու կապ չունի, թե այդ հանցավոր վարքագիծը միտումնավո՞ր է, թե՞ անգրագիտության արդյունք։

Այսպես կոչված ուժեղ դրամը ձեռնտու է միայն Սերժ Սարգսյանին ու իր մերձավոր շրջապատին, ովքեր ներմուծողներ են, ինչպես նաև՝ Հայաստանից դոլար արտահանողներ։

Պահել ուժեղ փոխարժեքային քաղաքականությունը նշանակում է Հայաստանի փոքր տնտեսությունը դարձնել աշխարհին դոլար մատակարարող կենտրոնի, ինչին մեր տնտեսությունը պարզապես չի դիմանա։

ԱՄՆ որոշումից հետո անգամ Չինաստանի պես հզոր տնտեսությամբ պետությունն է գնում սեփական արժույթի արժեզրկման, որպեսզի թույլ չտա կապիտալի արտահոսք և տնտեսության թուլացում, իսկ ահա մեզ մոտ որոշել են վարչական մեթոդներով պահել դոլարի փոխարժեքը 480 դրամի շրջանակներում, ինչի արդյունքում դրամի համեմատ կտրուկ արժեզրկվում է ռուսական ռուբլին՝ հսկայական հարված հասցնելով ինչպես ՌԴ–ից մասնավոր տրանսֆերտներ ստացող տնային տնտեսություններին, այնպես էլ մեր արտահանողներին։ Վերջին հաշվով՝ մեր ամբողջ տնտեսությանը։

Սերժ Սարգսյանն ուզում է վերարտադրվել ու մտածում է, թե պետք է արհեստականորեն պահել դրամը, որպեսզի սոցիալական ինչ–ինչ խնդիրներ չլինեն, սակայն դա ոչ թե խնդրի լուծում է, այլ սոցիալ–տնտեսական պայթյունի հետաձգում։

«Ինձանից հետո թեկուզ փոխարժեքի կտրուկ փոփոխություն»

Բացի մասնավոր շահից՝ «ուժեղ դրամի» քաղաքականության հիմքում նաև որոշակի «աթոռային» հաշվարկներ կան։

Ս. Սարգսյանը, դատելով ամենից, առաջնորդվում է հետևյալ ծրագրով. մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները տնտեսական թվացյալ կայունությունն ապահովել ուժեղ դրամով, իսկ հետո արդեն կերևա։

Եթե նրան հաջողվի իր պատկերացրած ՀՀԿ–ական ցուցակը կազմել ու այդ ցուցակի համար «խփել» հիսուն տոկոսից ավելին, ապա նա դրանից հետո ամբողջությամբ մեռած քաղաքական դաշտում բաց կթողնի փոխարժեքը՝ առանց վախենալու քաղաքական հետևանքներից։ Իսկ եթե նրան չհաջողվի վերարտադրման ծրագիրը, ապա թող նոր իշխանությունը մտածի տնտեսության մասին։

Ասելս այն է, որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է բացառապես անձնական շահով ու «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով։

Մյուս գնահատականները թողնում ենք ընթերցողին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը