Լրահոս

04.10.2010 17:15


Շիրակի մարզում արդեն բուհե՞րն են մենաշնորհում

Ըստ Գյումրու համապատասխան շրջանակներում շրջանառվող լուրերի՝ ՀՀ երկրորդ քաղաքում  նախագծվում է բացել պետական համալսարան՝ 3 պետական բուհերի միավորմամբ: Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը, Պետական Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն ու Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը մեկ հարկի տակ են միավորվելու՝ կազմելով ապագա պետական համալսարանի հիմքը:

Այս գաղափարն առայժմ ձևավորվել ու բուհերի ղեկավարությանն է ներկայացվել իմիջայլոց, բանավոր կամ ինչպես ասում՝ են ասեկոսեների տեսքով: Իսկ այժմ նախագիծն ավելի քան իրական է թվում: Մանկավարժական ինստիտուտի ղեկավարության տեղեկություններով՝ հարցն այս անգամ ավելի իրական մեջտեղ կգա մինչև 2011թ. ապրիլ։ Գյումրիում միասնական պետական համալսարան ունենալու գաղափարն ավելի շատ ոգևորել է մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանին, ով չի թաքցրել իր հրճվանքը այդ գաղափարի նկատմամբ՝ նշելով, թե ի վերջո մենք մեր սերունդներին կարող ենք համալսարան կտակել.

-Գյումրիում համալսարանի ստեղծումը շատ կարևոր է՝ համալսարանական կրթություն, գումարած դրան՝ մասնագիտությունների ընտրության հարցում դա ավելի մեծ հնարավորություն է տալիս մանևրելու: Իսկ ինչ մնում է Գյումրիում գործող պետական բուհերի միավորմանը, ես չգիտեմ, թե ինչ մեխանիզմով կլինի, բայց կար նման նախագիծ, որ մասնաճյուղերը միացնեն և մեր  ինստիտուտի բազայի հիման վրա ստեղծվի նմանատիպ համալսարան,-ասել է Վարդևան Գրիգորյանը:

Սակայն ոչ բոլոր բուհերում է, որ կառավարության կրթության ոլորտում հերթական «նախաձեռնողական» քաղաքականությունը ոգևորությամբ է ընդունվել:

Պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի պրոռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Վլադիմիր Հարությունյանն այս գաղափարը բնութագրել է որպես հակապետական քայլ։

-Դա ահեթեթություն է՝ ճարտարագիտական, ինժեներական, տեխնիկական բուհը փակել  և տանել ինչ-որ համալսարանի շրջանակաների մե՞ջ խցկել: Հիմա Շիրակի ամբողջ ռեգեոնում փակե՞լ տեխիկական կրթության միակ օջախը։ Դա երևի հերթական «իմաստուն» քայլերից մեկը կլինի: Մեկը կար Սյուիքում, բացեց Սյունիքի համալսարան, դե, երևի հիմա մեկը կա, այստեղ է ուզում Շիրակի համալսարան բացի: Հետո երևի իրենց տներում և բակերում համալսարանիկներ բացեն՝ իրենց երեխաների և խնամիների համար: Ես գտնում եմ, որ տեխնիկական կրթությանը հարվածելը հակապետական գործունեություն է, և եթե հանկած կառավարությունը նման քայլի է գնում, ուրեմն պետական մտածողություն չի ցուցաբերում,- խնդրի հետ կապված ասել է Վլադիմիր Հարությունյանը:

Նա նաև ավելացրել է, որ այս քայլով կարող են վերջնականապես թաղել մեր տնտեսությունը, և նման մոտեցումների համար այլ երկրներում կարող են դատական պատասխանատվության ենթարկվել։

-Ցանկացած երկրի ողնաշարը տեխիկական կրթությունն է, տնտեսությունն է: Հիմա ինչ որ ուզում են անել, բարոյական տեսանկյունից դիակապտություն է. «Չկա տնտեսություն, ուրեմն եկեք փակենք ինժեներական կրթությունը»։ Սա է դրա կարգախոսը: Տնտեսություն զարգացրեք, արդյունաբերություն զարգացրեք: Ծափ են տալիս, թե ինչ լավ է՝ արդյունաբերություն չկա, արեք տեխնիկակա բուհերը փակենք: Նման մոտեցումների համար այլ երկրներում մարդկաց դատի են տալիս, իսկ մեր մոտ ներկայացնում են որպես միակ իմաստուն և ճշգրիտ մոտեցում,-ասել է Վլադիմիր Հարությունյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը