Մեկնաբանություն

22.12.2015 12:25


Օրենսդիր–բուֆետչիկի տվայտանքները

Օրենսդիր–բուֆետչիկի տվայտանքները

ՀՀԿ գաղափարական թևի ներկայացուցիչ Աշոտ Աղաբաբյանը, ով ունի «Բուռնաշ» փաղաքշական մականունը, դարձել է «աստղ»։ Նա պարբերաբար հանդես է գալիս մամուլով ու բողոքում իր կյանքից։

Սա այն «բիզնեսմեններից» է, որոնք 90–ականներին կարողացան «շուստրիություն» ցուցաբերել ու հսկայական սեփականություն ձեռք բերել կոպեկներով։ Շատերն են այդպիսի ճանապարհ անցել, բայց «Բուռնաշը» չուզեցավ, այսպես ասած, մոդեռնիզացվել ու քաղաքակրթվել։

«Հրազդան» ստադիոնը դարձավ «Բուռնաշի» սեփականությունը։ Վազգեն Սարգսյանի հետ մտերմությունը «Բուռնաշին» հնարավորություն տվեց «թափով» հարստանալ և շրջանցել պետական հաստատությունները, այդ թվում՝ պետական գանձարանը։

«Բուռնաշն» օգտվում էր այն վիճակից, որ տոնավաճառում կարողանում էր ստրկական պայմաններում աշխատեցնել մարդկանց ու փողեր հավաքել։ Նրա համար իդիլիան ավարտվեց այն պահից, երբ «Հրազդան» տոնավաճառի առևտրականներն այլընտրանքային հնարավորություն ստացան ու հեռացան «Բուռնաշի» կալվածքներից։

Հիմա Գալուստ Սահակյանի աներձագն իր տեղը չի գտնում, ձայնը գլուխն է գցել և հեռվից «կծոտում» է Գագիկ Ծառուկյանին։ Նրա մոտ ֆեոդալի հոգեբանությունը և օդից փող աշխատելու ցանկությունը մնացել է, բայց ենթականեր այլևս չկան, որ ինքը «կայֆերի» մեջ լինի։ Արդյունքում՝ դարձել է մամուլի «աստղ» ու մեղադրում է բոլորին։ Մինչդեռ ինքն իրեն պետք է մեղադրի ու եթե իրոք գործարար է, ապա թող մտածի, թե ինչպես կարող է վերակազմակերպել բիզնեսն ու դիմանալ մրցակցությանը։

Ի դեպ, ուշագրավն այն է, որ «Բուռնաշը» հրապարակավ քննադատում է ում ասես, բացի Սերժ Սարգսյանից, իսկ ահա կուլիսներում նրա քննադատության միակ թիրախը ՀՀԿ ղեկավարն է։ Ասել է թե՝ իրեն «լավ տղա» զգացող «Բուռնաշը» բամբասկոտ կնգա ու «ջադու պառավի» պես է իրեն պահում՝ պատերի տակ «հերոսանալով»։

«Բուռնաշն» աշխարհից չպետք է նեղանա. բուֆետչիկ եղել է, բուֆետչիկ էլ կդառնա։ Իսկ առայժմ նա սեփական նախաձեռնությամբ դարձել է Ս. Սարգսյանի ձեռքի գործիքը, ում կարելի է «քսի տալ» բոլորի վրա։ Մանավանդ որ «քսի տրվողը» դա անում է սեփական նախաձեռնությամբ և մեծ էնտուզիազմով։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը