Մեկնաբանություն

24.12.2015 13:11


Կանխել Հայաստանի զիմբաբվեացումը

Կանխել Հայաստանի զիմբաբվեացումը

Միջազգային լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Զիմբաբվեում տեղի է ունեցել իշխանափոխություն։ Ավելի ճիշտ՝ պալատական հեղաշրջում՝ ներընտանեկան մոտիվներով։

«The Guardian»–ը գրում է, որ Զիմբաբվեի 91-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի կինը` Գրեյս Մուգաբեն, մեկուսացրել է ամուսնուն կառավարումից և իշխանությունը վերցրել իր ձեռքը։

Բրիտանական պարբերականն այս մասին գրում է՝ հղում կատարելով «Հանուն ժողովրդավարական փոփոխությունների շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Մորգան Ցվանգիրային, ով հայտարարել է, որ 50-ամյա Գրեյս Մուգաբեն հեղաշրջում է իրականացրել։

Թե իրականում ինչ է տեղի ունեցել Զիմբաբվեում, դժվար է ասել։ Շուտով ամեն ինչ ավելի հստակ կլինի։

Մեկ բան հաստատ է՝ Ռ. Մուգաբեն մի քանի տասնամյակ իշխում է Զիմբաբվեում՝ հենվելով «խորհրդարանական կայուն մեծամասնության» վրա։

Այս պատմությունը հետաքրքրական է մեզ՝ հայաստանցիներիս համար։

Բանն այն է, որ Հայաստանը փորձում է զիմբաբվեացման ուղղությամբ տանել մեր «Մուգաբեն»՝ Սերժ Սարգսյանը։

Սահմանադրական փոփոխությունները նա իրականացրել է ցմահ իշխանության մեջ մնալու նպատակով։ Գործիքակազմն էլ նույնն է, ինչ Զիմբաբվեում՝ փաստացի միակուսակցական համակարգ։

Եթե Սերժ Սարգսյանի ծրագրերն իրականանան, ապա Հայաստանում այնպիսի լճացում կլինի, որ միայն պալատական հեղաշրջմամբ կամ երկրի առաջին դեմքի մահվան դեպքում հնարավոր կլինի փոփոխությունների ակնկալիք ունենալ։

Հայաստանը նման շռայլություն չի կարող իրեն թույլ տալ, քանզի մենք Մուգաբե պահելու ռեսուրս և Զիմբաբվեի վերածելու հայրենիք չունենք։

Սերժ Սարգսյանի գլխավորած թիմը սպառված է ու որևէ առաքելություն չունի՝ անձնական շահերի հետապնդումից բացի։ Քաղաքական փոփոխությունները, հետևաբար, խիստ անհրաժեշտ են ու ազգային անվտանգության ապահովման միակ միջոցն են։ Նման փոփոխություն իրականացնելու հնարավորություն կլինի միայն քաղաքական նոր կոնֆիգուրացիայի ստեղծման և հանրային լայն կոնսոլիդացիա ապահովելու ունակ նոր ուժի միջոցով, քանզի ներկայիս ուժերի ճնշող մեծամասնությունը վարկաբեկված է կամ էլ լուսանցքային։

Սերժի հետ «երկխոսացվածներից» ու ֆոտոսեսիայի ենթարկվածներից, բնականաբար, հանրությունը չի կարող որևէ ակնկալիք ունենալ։

Կլինի նոր ուժ՝ կլինեն փոփոխություններ։ Հակառակ դեպքում Հայաստանը կունենա իր «Մուգաբեին» և «Մուգաբեին» ծառայող «ընդդիմադիրների» բանակ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը