Մեկնաբանություն

25.12.2015 00:10


Հովիկ Աբրահամյանի հեռակա «կռիվը» Տիգրան Սարգսյանի հետ

Հովիկ Աբրահամյանի հեռակա «կռիվը» Տիգրան Սարգսյանի հետ

Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելիս այնպիսի «ռամկաներ» դրվեցին, որ ակնհայտ էր ձախողման հեռանկարը։

Նա այնքան էր ուզում դառնալ վարչապետ, որ այդ պահին «տաք» էր, ու չէր զգում, թե ինչ է սպասվում իրեն, և առանց խորանալու համաձայնեց գնալ գործադիր կառույց։

Աբրահամյանին արգելվեց իր նախորդին գնահատական տալն ու ստացած ծանր ժառանգությանն անդրադառնալը։ Սակայն առանց դրա հնարավոր չէր հետագայում նորմալ արդյունքներ ապահովել, քանզի օֆշորային սկանդալի գլխավոր գործող անձանցից մեկն այնպիսի «ատկատատենդերային» համակարգ էր ստեղծել ու այնպես էր տնտեսության հերն անիծել՝ զուգահեռաբար մսխելով արտաքին վարկային միջոցները, որ «էլ դու սուս»։

Սերժ Սարգսյանը կտրուկ դեմ էր արտահայտվել Տիգրանի հարցը բարձրացնելուն, քանզի վերջինս գործել էր Բաղրամյան 26–ի բարձր հովանու ներքո։

Հիմա Աբրահամյանը հասկացել է, որ սխալվել է, և ծանր վիճակի մեջ է հայտնվել, բայց արդեն ուշ է, քանի որ նախագահական նստավայրում նրան «աճեցնում» են որպես քավության նոխազ։

Ուշագրավն այն է, որ գործող վարչապետը փորձում է հետին թվով ուղղել իր սխալը՝ փորձելով առանց անուն տալու «կռվել» Տիգրան Սարգսյանի հետ՝ «Զգացե՛ք տարբերությունը» թեմայով։

Տնտեսական արդյունքների առումով Աբրահամյանի վարչապետության շրջանում առանձնապես բան չփոխվեց։ Նույն բացասական պատկերն է, ինչ Տիգրան Սարգսյանի օրոք։ Ճիշտ է, վերացել են Տիգրան Սարգսյանի սիրած նյուվասյուկիստական դեմագոգիան և էժանագին հեքիաթները, բայց, մեծ հաշվով, Կառավարության գործունեության բովանդակությունը չի փոխվել։ Ու չէր էլ կարող փոխվել, քանզի չի պակասել Սերժ Սարգսյանի ու նրա մերձավորների ախորժակը։ Նման պայմաններում դրական բան ակնկալելը գալուստսահակյանություն է։

Չկարողանալով բովանդակային դաշտում տարբերվել՝ Աբրահամյանն ուզում է գոնե ձևականորեն տարբերվել Տիգրան Սարգսյանից։

Օրինակ՝ Կառավարության վերջին նիստի ժամանակ Աբրահամյանը մերժել է փողի հատկացումը՝ նշելով, թե մինչև գրավոր իրեն չբացատրեն, թե ինչու է պետք փողը, ինքը «դաբրո չի տա»։ Մինչդեռ Տիգրան Սարգսյանի օրոք բյուջետային միջոցները մսխվում էին մոլագարի համառությամբ։ Անգամ կովերի պտուկները գոլ ջրով լվալու թեմայով միլիոնավոր դոլարներ էր դուրս գրում Տ. Սարգսյանը։

Ասել, որ Աբրահամյանի օրոք պետական միջոցները չեն վատնվում, միամտություն կլինի։ Գանձագողության ծավալները, Բ26–ի զգոն հայացքի ներքո, չեն պակասել։ Պարզապես հիմա ցինիզմն է քչացել։ Հիմա ասում են, թե ՀՀ սիրելի՛ քաղաքացիներ, մենք ազնիվ ենք ու ձեզ ազնվորեն ասում ենք, որ գնալով ավելի վատ է լինելու վիճակն, ու ձեր կյանքի որակն անկում է ապրելու։ Բայց դե, դրանից ՀՀ քաղաքացուն ի՞նչ։ Անկարողությունն ազնվության տեղ մատուցելը բան չի փոխում։

Մեկ այլ օրինակ։

Կառավարությունը որոշել է հաջորդ տարվա հունվարի 8–ը դարձնել աշխատանքային։ Ու չնայած 8–ը ուրբաթ է, և դրան հաջորդելու են ոչ աշխատանքային համարվող շաբաթն ու կիրակին, այդուհանդերձ, որոշվել է 8–ը չսարքել ոչ աշխատանքային ու այդպիսով տոնական օրերը չդարձնել տևական։

Եթե հիշում եք, Տիգրան Սարգսյանը շաբաթն ու կիրակին, հինգշաբթին և ուրբաթն այնպես էր իրար կպցնում և այնպես էր օրերի «տասովկեք» անում, որ հայ ժողովուրդը գրեթե մեկ ամիս Նոր տարի էր անում և արձակուրդի մեջ մնում։ Չհաշված «մեռելոցային» օրերը։

Հովիկն իր որոշմամբ ուզում է ցույց տալ, որ հակված չէ հանգստանալու, այլ ուզում է աշխատել։ Համ էլ՝ հրաժարվել է Տիգրանի մարազմատիկ մոտեցումներից։ Բայց դե, սրանք ձևական բաներ են։

Հ. Աբրահամյանը չի կարողանում մակրոմակարդակի արդյունք տալ, քանի որ չունի քաղաքական մտածողություն, չունի տեսլական, չունի թիմ և չունի որոշակի մարդկային ու մասնագիտական որակներ, որոնք անհրաժեշտ են այդ դիրքի հասած գործչին։

Աբրահամյանն, ըստ այդմ, պատմական պատահականություն է։ Այդպիսի պատահական մարդիկ կարողանում են կարիերա անել անցումային շրջաններում և հասնելով ոչ կոմպետենտության ամենաբարձրագույն կետին՝ կտրուկ իջնում են ներքև։ Թե երբ են իջնում, այդքան էլ էական չէ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը