Լրահոս

05.10.2010 14:55


Հարցադրումներ ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին և ԿԳ նախարարին

Հարցադրումներ ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին և ԿԳ նախարարին

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Թամարա Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-վրացական հարաբերությունների մասին՝ ասել է, թե  մենք ունենք չլուծված խնդիրների մի ամբողջ փաթեթ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն։

-Հակառակ դեպքում խոսել հարաբերությունների որևէ բարձր մակարդակի մասին՝ կնշանակի ուղղակի թոզ փչել հայկական կողմի աչքերին։  Հայկական կողմը պետք է բացատրություն պահանջի նաև սեփական իշխանություններից, թե ի՞նչու է նման իրավիճակ ձևավորվել,-նշել  է նա։

Թամարա Վարդանյանը հարցադրումներ է ուղղել ՀՀ նախագահին, վարչապետին և ԿԳ նախարարին։

-Առաջին հարցս ուղղված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Հարգելի՛ վարչապետ, ինչպե՞ս են ընթանում Վրաստանի հայ համայնքի զարգացման հայեցակարգի մշակման և կենսագործման խնդիրները, որի մասին դեռևս 2008թ. դեկտեմբերին հայտարարեցիք, թե. «Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում ստեղծվի հատուկ աշխատանքային խումբ, որը հաջորդ տարվա փետրվարի առաջին տասնօրյակում Վրաստանի հայ համայնքի հարցով հայեցակարգ կներկայացնի»։ Գոնե ինչ-որ բան արվե՞լ է, թե՞ ոչ։ Երկրորդ հարցս ուղղված է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Պարո՛ն նախարար, ինչպե՞ս եք հիմնավորում Ձեր այն հայտարարությունը, թե Ջավախքում հայ-վրացական համալսարան բացելու կարիք չկա, և ի՞նչ նկատի ունեիք, երբ հայտարարեցիք, թե Ջավախքի պահպանման գրավականը վրացերենի իմացությունն է։ Ես պատմաբան հայագետ եմ, ուստի ինձ համար անհասկանալի է այն թեզը, որի համաձայն հայապահպանությունը կարելի է իրականացնել վրացերենի միջոցով։ Սրանք խիստ տարօրինակ հայտարարություններ են, որոնք տարատեսակ կասկածների հիմքեր են տալիս։ Երրորդ հարցս ուղղված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ի՞նչ նկատի ուներ նախագահը, երբ այս տարվա սկզբին՝ մարտի 1-ին, Մ. Սահակաշվիլու հետ Բաթումում ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց, թե այս տարին բեկումնային է լինելու Հայաստան-Վրաստան հարաբերություններում։ Բեկումնային՝ կնշանակեր ջավախահայության և այլ հարցերում առաջընթացի արձանագրումը, ինչն այժմ մենք չենք տեսնում։ Գուցե սպասենք մինչև տարեվե՞րջ,-հարցադրումներն այսպես  է շարադրել նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը