Լրահոս

05.10.2010 15:40


ՀՀ արտգործնախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտորին

ՀՀ արտգործնախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտորին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (Agence Universitaire de la Francophonie) ռեկտոր Բեռնար Սերքիգլինիին (Bernard Cerquiglini):

Ողջունելով ռեկտորի առաջին այցը Հայաստան' նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի մերձենալու գործընթացին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար' Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Բեռնար Սերքիգլինին ընդգծեց, որ Հայաստանի հետ ՖՀԳ-ի հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել Հայաստանի երեք բուհական հաստատությունների' Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (լիիրավ անդամի կարգավիճակով) եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ու Երեւանի պետական համալսարանի (ասոցացված անդամի կարգավիճակով) ՖՀԳ-ին անդամակցությունից ի վեր:

Դրական գնահատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ նրա գործընկեր կազմակերպությունների անդամների համագործակցությունն ու համերաշխությունը' նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոն ընտանիքի կազմակերպությունների գործունեությանը:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Բեռնար Սերքիգլինին ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև «Հայաստանում Ֆրանսերեն լեզվով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագիրը:

Այս խորագրի վերջին նյութերը