Մեկնաբանություն

04.01.2016 13:20


ԱՄՆ դաշնակիցները՝ ապակայունացման աղբյուրներ. 2016–ը՝ նոր լարվածության տարի

ԱՄՆ դաշնակիցները՝ ապակայունացման աղբյուրներ. 2016–ը՝ նոր լարվածության տարի

Սաուդյան Արաբիայում 47 հոգու մահապատժի ենթարկելը, ընդ որում՝ միջնադարյան բարքերին համահունչ տարբերակով (գլխատում), լուրջ լարվածություն է առաջացրել այդ պետության և Հայաստանի հարևան ու բարեկամ Իրանի միջև։

Սաուդյան Արաբիան հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, ինչն Իրանը գնահատել է որպես «հերթական ռազմավարական սխալ»։

Այդ լարվածությունը կարող է վերաճել նոր՝ ավելի սարսափելի պայթյունի Մերձավոր Արևելքում։

Այնպես չէ, որ Սաուդյան Արաբիան ու Իրանը կոնֆլիկտ ունեցան շիա գործիչ Ալ Նիմրայի և մյուսների մահապատժից հետո։ Դա ընդամենն առիթ էր։

Սաուդիտներն ու պարսիկներն անուղղակի ձևով մրցում էին Սիրիայի, Եմենի ու Բահրեյնի տարածքներում՝ հետապնդելով հակադիր շահեր։

Ինչպես հայտնի է, Սիրիայում Իրանը պաշտպանում է Ասադին, իսկ սաուդիտները ուղղակիորեն ֆինանսավորում են «Ահրար Աշ Շամ» ահաբեկչական կազմակերպությանը։

Դե, իսկ Եմենում և Բահրեյնում, այսպես ասած, դասական հակամարտություն է. սաուդիտներն աջակցում են սուննիներին, իսկ Իրանը՝ շիաներին։

Ուշագրավն այն է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը, հովանավորում են ահաբեկիչներին ու հանդիսանում ապակայունացման աղբյուրներ։

Ուշագրավ է նաև այն, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության դրոշակակիր ներկայացող Վաշինգթոնը ծպտուն չհանեց Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած զանգվածային մահապատժի կապակցությամբ։ Հնչեց ընդամենը ձևական գնահատական և վերջ։

Դատելով ամենից՝ 1990–ից հետո միջազգային ասպարեզում մենաշնորհային դիրքի հասած ԱՄՆ–ն արդեն չի տիրապետում իրավիճակին, և կառավարելի քաոսը վերածվել է անկառավարելիի։ Արևմուտքն այնքան էր տարված Սիրիայում իշխանափոխություն իրականացնելու խնդրով, որ աչք էր փակում Թուրքիայի, Քաթարի ու Սաուդյան Արաբիայի գործողությունների վրա։ Գործողություններ, որոնք ուղղված էին ԴԱԻՇ–ին, «Ջեբհաթ ան–Նուսրային» և ահաբեկչական մյուս կառույցներին աջակցելուն։

Վաշինգթոնն այնքան է «բզիկավորվել» ՌԴ–ի պահով, որ կորցրել է ռացիոնալ որոշումներ կայացնելու ունակությունն ու տրվել է դաշնակից երկրների շանտաժներին (Թուրքիան ռուսական ինքնաթիռը խփեց՝ օգտվելով ՌԴ–ԱՄՆ հակասություններից ու այդպիսով փաստի առաջ կանգնեցրեց ՆԱՏՕ–ին, իսկ Սաուդյան Արաբիան Իրանի հետ լարվելով՝ ատամ է ցույց տալիս ԱՄՆ–ին, որը փորձում է երկար դադարից հետո կարգավորել հարաբերություններն Իրանի հետ)։

Հիմա ԱՄՆ դաշնակիցները սեփական խաղն են խաղում։ Թուրքիան փորձում է նեոօսմանիզմն առաջ տանել, իսկ սաուդիտները՝ հովանավորել արմատական սուննիական շրջանակներին և իրենց ազդեցությունը մեծացնել Եմենի ու Բահրեյնի վրա։ Այս պայմաններում «Իսլամական պետությունը», բնականաբար, ծաղկում է։

Աշխարհում տեղի ունեցողը հաշվի առնելով, ինչպես նաև հաշվի առնելով ԱՄՆ–ի դերակատարումը՝ հետաքրքիր է, թե ինչպես է իրեն պահելու Վաշինգթոնը Բահրեյնում։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ–ը ռազմական ներկայություն ունի Բահրեյնում։ Այնտեղ 20-25–տոկոսանոց սուննիական փոքրամասնությունն իշխում է 70-75–տոկոսանոց շիա մեծամասնությանը (կան նաև քրիստոնյաներ, զրադաշտականներ, բուդդիստներ և այլն)։

Ինչո՞ւ պետք է հնարավոր դառնան Իրաքում Սադդամ Հուսեինի սուննի փոքրամասնության տապալումն ԱՄՆ–ի միջոցով և իշխանության հանձնումը շիաներին, ինչո՞ւ պետք է ԱՄՆ–ն աջակցի Սիրիայի սուննի մեծամասնությանն՝ ընդդեմ քանակային փոքրամասնություն կազմող ալավինների առաջնորդ Ասադի, իսկ ահա Բահրեյնում պրոիրանական շիա մեծամասնությունը չպետք է իշխանափոխություն իրականացնի։ Սրանք ի՞նչ երկակի ստանդարտներ են։

Եվ վերջապես, ինչո՞ւ պետք է Սաուդյան Արաբիայում այլակարծիք 47 հոգու մեկ օրվա մեջ մահապատժի ենթարկեն, ու դա չհամարվի մարդու իրավունքների խախտում, իսկ ահա երբ Ասադը պաշտպանի ալավիններին ցեղասպանությունից և կռվի ԻՊ–ի ու մյուս ահաբեկչական խմբերի դեմ, Արևմուտքը դա դատապարտի և պահանջի Սիրիայի նախագահի հրաժարականը։

Այդպես չի լինում։ Այդպես աշխարհը քաոսի է վերածվում։ Հենց դրան էլ ականատես ենք լինում։

Միայն Դոնալդ Թրամփի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում և ԱՄՆ–ՌԴ լարվածության վերացումը հույս կարող են ներշնչել, որ աշխարհում իրավիճակը կհանդարտվի։ Հակառակ դեպքում կիրականանան ապոկալիպտիկ սցենարները։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը