Մեկնաբանություն

12.01.2016 00:05


Դաժան սպանություն և սարսափելի գործընթացներ

Դաժան սպանություն և սարսափելի գործընթացներ

Մեկ տարի առաջ Գյումրիում տեղի ունեցավ դաժան սպանություն։ Ավետիսյանների ընտանիքի անդամները՝ մեծից մինչև փոքր, սպանվեցին ռուս զինվոր Պերմյակովից։ Համենայնդեպս, այդպես է ներկայացվել հանրությանն, ու դատավարությունն այդ ուղղությամբ է ընթանում։

Մինչև հիմա հայտնի չէ սպանության շարժառիթը։ Տարբեր բաներ են ասվում, բայց դրանք հստակություն չեն մտցնում։ Իսկ բուն շարժառիթը պարզելը շատ կարևոր է։ Կարևոր և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար։ Ի վերջո, պե՞տք է հստակեցվի, թե ինչու է գազանություն տեղի ունեցել։

Տեղին է հիշեցնելը, որ մեկ տարի առաջ մեկ այլ դաժան, ավելի ճիշտ՝ սարսափելի բան էլ տեղի ունեցավ։ Հայաստանի իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, անհասկանալի ու անընդունելի վարքագիծ դրսևորեցին։

Նախ՝ փորձ արվեց լռության մատնել հանցագործությունը։ Բաղրամյան 26–ից ուզում էին այդպիսի վարքագծով քծնել ՌԴ իշխանություններին և ոտատակ տալ ՀՀ արժանապատվությունը, բայց այդ ամենը թույլ չտվեց ժողովուրդը։

Ամբողջ Գյումրին ու Հայաստանը սգում էին Ավետիսյանների մահն ու իրենց վրդովմունքը հայտնում։

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այն օրերին դարձել էր ՌԴ սահմանադրության մեկնաբան ու անհեթեթ հայտարարություններ էր անում։

Ինչ վերաբերում է իշխանություններին կցված «անկախ» շրջանակներին, ապա սրանք զբաղված էին «մուտիլովկաներով», որոնց մեջ ներքաշել էին նաև հոգևոր դասի ներկայացուցչին։ Սրանք փորձ արեցին մարդկանց վրդովմունքը իշխանություններից հեռացնելու համար ուղղորդել դեպի ՌԴ ռազմաբազա։ Լավ էր, որ կրքերը հանդարտեցնող գտնվեց։ Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կարողացավ վերահսկողության տակ առնել իրավիճակն ու զերծ պահել մարդկանց սադրանքներից և արյունահեղությունից։

Ու երբ բանը բանից անցավ, Սերժ Սարգսյանը ցավակցեց Ավետիսյանների ընտանիքի սպանության կապակցությամբ միայն օրեր անց։ Նա դա արեց Պուտինի ցավակցելուց հետո։ Պատկերը, մեղմ ասած, տհաճ էր։ Այդ պահին ավելի ցայտուն երևաց, որ Հայաստանում իշխանություն չկա։ Կան մի խումբ մարդիկ, ովքեր զավթել են իշխանական լծակներն ու իրենց անձնական շահն են սպասարկում։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը