Մեկնաբանություն

12.01.2016 12:55


Տարոն Մարգարյանը՝ կարմիր գծերի և «Սանիթեքի» արանքում

Տարոն Մարգարյանը՝ կարմիր գծերի և «Սանիթեքի» արանքում

Անտեղյակ մարդու համար կարող է տպավորություն ստեղծվել, որ Երևանի քաղաքապետ նշանակված Տարոն Մարգարյանը Նոր տարվա գիշերը «Մակարովի գյուլլա» է կուլ տվել կամ առյուծի կաթ խմել։

Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել կարմիր կետագծերի թեմայով։ Հայտարարության մեջ ասվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձյան մաքրման աշխատանքների լիարժեք ավարտն ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի, և վարչական տույժեր չեն կիրառվի:

Բացի այդ՝ քաղաքապետարանի այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Տարոն Մարգարյանը քննադատել է «Սանիթեք» ընկերությանը՝ աղբահանությունը և ձնամաքրման աշխատանքները լավ չկազմակերպելու համար։ Քաղաքապետը սպառնացել է խիստ պատժամիջոցներ կիրառել «Սանիթեքի» դեմ, եթե այդ ընկերությունը կրկին թերանա։

Անտեղյակների համար ասենք, որ կարմիր կետագծերի մենաշնորհային բիզնեսը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերներին, իսկ ոչ պակաս մենաշնորհային «Սանիթեքը», ըստ բարի լեզուների, ուղղակի կապ ունի նույն Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների հետ։ Ասել է թե՝ Տարոնը գնում է ՀՀԿ ղեկավարի մասնավոր շահերի դեմ, բայց դա՝ միայն առաջին հայացքից։

Կարմիր կետագծերի մասով որոշումը ոչ մի բանի մասին է, քանզի չկա ժամկետի հստակեցում։ Դեկտեմբերի 31–ից մինչև ամսի քանի՞սն է սահմանված վճարներ չկատարելու ժամկետ։ Ի՞նչ է նշանակում «ձյան մաքրման աշխատանքների լիարժեք ավարտը» ձևակերպումը։ Վարորդներն ինչպե՞ս են որոշելու, որ մաքրման աշխատանքները լիարժեք ավարտված են։ Ու քանի որ որոշման մեջ ժամկետային հստակեցում չկա, ապա սրանցից ամեն ինչ սպասելի է, և այդ հայտարարությունն ընդամենը պոպուլիզմ է ու «PR–տրյուկ»։

Կարմիր կետագծերի բիզնեսը Բաղրամյան 26–ից իջեցրած որոշմամբ անցել է «Մանկության ընկերներ» ՍՊԸ–ին, ու քաղաքապետարանը թող հիմա էժանագին բաներով չզբաղվի։ Թող ՀՀ քաղաքացիներին որպես լավություն չներկայացնեն մի քանի օր փող չպոկելը։

Ինչ վերաբերում է «Սանիթեքին», ապա աղբահեռացման ու ձնամաքրման այս մենաշնորհն էլ է Բաղրամյան 26–ի հրահանգով տրվել։

Այնպես որ, Տարոն Մարգարյանի ահադղորդ հայտարարություններն ու խիստ վարքագիծն անտեղյակների համար են և սեփական դեմքը փրկելու նպատակ են հետապնդում։ «Սանիթեքի» անունը նա հիմա տալիս է, որպեսզի երևանցիների համապատասխան խոսքերն իր ուղղությամբ չգնան, բայց դա չի ստացվի, քանզի, միևնույն է, ձյան օրերին փողոցների խայտառակ վիճակի պատասխանատուն քաղաքապետարանն է. թող նորմալ աշխատող ընկերություն ընտրեր ու մրցակցային միջավայր ստեղծեր, այլ ոչ թե նախագահականից եկած ցուցումներով առաջնորդվեր։

Տարոն Մարգարյանը հիմա պետք է գոհ լինի, որ «Սանիթեքից» քաղաքապետարանի աշխատողներին Նոր տարվա գիշերը չեն ստիպել ավելով մաքրել ձյունը Երևանի այն հատվածներում, որտեղ կան կարմիր կետագծեր, որպեսզի Սերժ Սարգսյանի հետ կապվող այդ երկու բիզնեսներն էլ հանկարծ չնեղվեն։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը