Մեկնաբանություն

14.01.2016 00:08


«Մարդակենտրոն» Սահմանադրության առաջին զոհը. ո՞վ է հաջորդը

«Մարդակենտրոն» Սահմանադրության առաջին զոհը. ո՞վ է հաջորդը

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները լուրջ են։

Չեն կարող մեզանում լիարժեքորեն պաշտպանվել մարդու իրավունքներն այն դեպքում, երբ առկա է սեփականության և իշխանության լեգիտիմության ճգնաժամ, երբ առկա է մենաշնորհային քաղաքական համակարգ, և երբ առկա է թույլ հասարակություն։

Բնական է, որ այս պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանները Հայաստանում պետք է կա՛մ հակադրվեն քաղաքական իշխանությանը, կա՛մ դառնան իշխանության կցորդը։ Միջին տարբերակ գտնելը բավական բարդ է, գրեթե անհնար (վառ օրինակը Կարեն Անդրեասյանի դեպքն է)։

ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը տարաձայնություններ ուներ քաղաքական իշխանության հետ։ Իշխանությունը ձևեր չթափեց և այդ հակադրության արդյունքում գնաց ՄԻՊ փոփոխության ճանապարհով։

2006–ին Մարդու իրավունքների պաշտպան նշանակված Արմեն Հարությունյանը, ով ուսանողների շրջանում հայտնի էր որպես «Դոլար Արմեն» (ասում էին, թե նա ստուգարքներն ու քննությունները բացառապես դոլարով էր նշանակում), բավական լպրծուն կերպար էր (պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանը նրան հետագայում համարեց իր ամենաանհաջող կադրերից մեկը. Քոչարյանը դեռ չգիտեր, որ շատ ավելի անհաջող կադրի է իր կողքին պահել, ով հետագայում պետք է սեփական հաճախորդներին քսի տար երկրորդ նախագահի դեմ)։

Արմեն Հարությունյանը Քոչարյանի նախագահության ժամանակ, այսպես ասած, քոչարյանական էր, իսկ 2008–ից հետո դարձավ սերժական։

2011–ին «Դոլար Արմենն» օգտագործեց իր աթոռը համապատասխան կապեր հաստատելու և դրսում աշխատանք «կպցնելու» համար։ Այլ կերպ ասած՝ Հարությունյանը «թռավ» Հայաստանից՝ վերածվելով «էլիտար խոպանչու»։

Ինչ վերաբերում է Կարեն Անդրեասյանին, ապա նա ՄԻՊ դարձավ այն բանի շնորհիվ, որ մտերիմ էր Բաղրամյան 26–ի երիտթևի հետ։

Իշխանական լրատվամիջոցները հիմա հաղթական ձևով ներկայացնում են, որ Անդրեասյանը հեռացել է նույն երիտթևի առաջնորդ և Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նախաձեռնությամբ։ Ըստ ամենայնի՝ դա այդպես էլ կա, քանզի Անդրեասյանն առանձնապես աչքի չի ընկել քաղաքական դիմագծով, չի ցուցաբերել կոշտ վարքագիծ ու որևէ խնդիր չի առաջացրել ՀՀԿ ղեկավարի համար։

ՄԻՊ–ը գործում էր ՀՀ–ում ձևավորված խաղի կանոնների շրջանակներում, ու, կարելի է ասել, որ դեռ մի բան էլ փորձում էր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում անել ավելին, քան հնարավոր էր մենաշնորհային քաղաքական համակարգի պայմաններում։ Անդրեասյանը ձգտում էր ամեն դեպքում միս ու արյուն տալ այն կառույցին, որը ղեկավարում էր։

Ու չնայած այն հանգամանքին, որ Անդրեասյանը, մեծ հաշվով, հանգիստ էր իրեն պահում՝ նրան հանեցին աշխատանքից, ինչը շատ խորհրդանշական ստացվեց։

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք։ Նոր Սահմանադրության ընդունումից հետո (համատարած կեղծիքներով) ինտրիգների զոհ դարձավ Մարդու իրավունքների պաշտպանը։ Եվ դա այն դեպքում, երբ Գագիկ Հարությունյանն ու մյուս «այո»–ականները նոր Սահմանադրությանը տալիս էին «մարդակենտրոն» որակումը։

Փաստորեն, կոպիտ ստվերային խաղերի արդյունքում հեռացվում է մարդու իրավունքների պաշտպանության համար նշանակված թիվ մեկ մարդը՝ մարդակենտրոն Սահմանադրության հովանու ներքո։

ԱԺ–ում տեղի ունեցած հայտնի լեզվակռվի ժամանակ Անդրեասյանը հայտարարեց, որ ինքը տրորել է շատ կոնկրետ մարդու ոտք, և դա է պատճառը, որ իր դեմ արշավ են իրականացնում։ Նա հայտարարեց, որ մենակ է, չունի թիմ, չունի սեփական լրատվամիջոցներ, հետևաբար չի կարող պաշտպանվել։

ԱԺ ՀՀԿ–ական մեծամասնությունը հետևում էր Անդրեասյանի դեմ հարձակումներին այնպես, ինչպես վախեցած եղնիկներն են նայում, թե ինչպես են բորենիները հոշոտում փոքրիկ եղնիկին՝ ուրախանալով, որ թիրախն իրենք չեն, և որ դա իրենց հետ չի պատահի։ Համեմատությունը միգուցե կոպիտ է, բայց դե, սա է իրականությունը։

Հարկ է արձանագրել, որ եթե ճիշտ է Անդրեասյանի հեռացման այն վարկածը, ըստ որի՝ նա կորցրել է իր պաշտոնը ներընտանեկան «ռազբորկայի» արդյունքում, ապա դա հերթական անգամ ցույց է տալիս, որ խայտառակ բարքեր են տիրում իշխանության վերին օղակում, ինչպես նաև ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը պետական ինստիտուտներին վերաբերվում է որպես տնամերձ բոստան, և ինչ ուզի՝ այնտեղ «կցանի»։

«Տնամերձ բոստանի» փիլիսոփայությունը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի համար կան ոչ թե գործընկերներ և թիմակիցներ, այլ մատաղացու գառներ, «ատկատատու» պաշտոնյաներ, քավության նոխազներ կամ պարզապես «պեշկաներ»։

«Վերջի բոլշևիկը» գործընկերային մտածողություն չունի՝ կա՛մ օգտագործման ենթակա «թիմակից» ես, կա՛մ հաճախորդ (ՀՅԴ վերնախավին հարցրեք, կպատմեն)։

Այդ պայմաններում պետք է մտահոգվեն բոլորը, այդ թվում՝ Բ26–ին կից «անկախ» մամուլի, ծախու «փորձագետների» և «ընդդիմադիր» գործիչների կողմից գրեթե ամեն օր քարոզչական ու այլ բնույթի հարձակումների ենթարկվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը, Ղարաբաղի ղեկավարությունը և անգամ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անդամներ (միտումնավոր սնանկացված Միխայիլ Բաղդասարովին հարցրեք, կպատմի)։

Պետական ինստիտուտները տնամերձ բոստանի վերածելը շատ թանկ գին է ունենալու թե՛ վերածողի, թե՛ պետության համար։ Հարցն այն է, թե ինչքան կդիմանան պետությունն ու ՀՀ քաղաքացին։

Ինչպես ասում են՝ կապը որտեղ թույլ է, թող այնտեղ էլ կտրի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը