Մեկնաբանություն

15.01.2016 14:30


Կկարողանա՞ Հայաստանը խուսափել ադրբեջանական սցենարից

Կկարողանա՞ Հայաստանը խուսափել ադրբեջանական սցենարից

Ադրբեջանում բառիս բուն իմաստով հացի խնդիր է առաջացել։ Գներն աճում են։

Հիպերինֆլյացիայի դեմ պայքարելու համար Իլհամ Ալիևի վարչակազմը, քաղաքական հակառակորդներից բացի, հացթուխների, խանութպանների և մեծածախ առևտրով զբաղվողների է ձերբակալում։ Ասել է թե՝ Ադրբեջանի նախագահն ընկել է մարազմի մեջ։ Նա մեղադրում է բոլորին՝ չտեսնելով սեփական կոպիտ սխալները։

Շատերի մոտ հիմա հարց է առաջանում, թե նավթի միջազգային գների կտրուկ անկման բացասական հետևանքներն իր վրա անուղղակիորեն զգացող Հայաստանն արդյոք կկարողանա՞ խուսափել ադրբեջանական սցենարից։

«Դեժա վյու»

Հարկ է նկատել, որ Ադրբեջանում տեղի ունեցողի որոշակի դրվագներ մենք արդեն ունեցել ենք Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո։

2009–ի մարտի 3–ին իշխանությունները գիշերային որոշմամբ արժեզրկեցին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ մոտ 70 դրամով։ Դրանից առաջ նախկին վարչապետ, տխրահռչակ Տիգրան Սարգսյանն ամեն օր խաբում էր, թե դրամը կայուն է, անհանգստության կարիք չկա, և պետք է խնայողությունները պահել դրամով։ Բացի այդ՝ Սերժ և Տիգրան Սարգսյաններն այնպես, ինչպես Ալիևը վերջին շրջանում, փորձում էին արհեստականորեն պահել դրամի փոխարժեքը 305 դրամի սահմաններում՝ փոշիացնելով ու կասկածելի ձևով օգտագործելով պետական դոլարային պահուստները՝ 700 միլիոն դոլարի չափով։

Թե ինչ ունեցանք մենք այդ տարի, հիշում են բոլորը. խայտառակ տնտեսական անկում, աղքատության աճ, գործազրկության ավելացում և որպես հետևանք՝ արտագաղթ, որը մինչև այսօր կանգ չի առնում՝ հատելով 300 հազարի սահմանագիծը։

Այդ օրերին, ի դեպ, գների կտրուկ աճ նկատվեց, և ՀՀ քաղաքացիները խանութներից հսկայական քանակի առաջին անհրաժեշտության ապրանքներ էին առնում։ Կար խուճապ։ Իշխանություններն այդ վիճակի համար ալիևավարի մեղադրում էին տարադրամային սպեկուլյանտներին ու անբարեխիղճ գործարարներին, սակայն իրականությունն այն էր, որ պետության միջոցների հաշվին սպեկուլյանտություն էին անում և անբարեխիղճ վարքագիծ դրսևորում հենց իրենք՝ իշխանությունները։

Հայաստանում կոլապսից հնարավոր եղավ խուսափել, և մինչև հիմա էլ դեռ հաջողվում է քաոսից հեռու մնալ, քանզի մեզ մոտ, ի տարբերություն Ադրբեջանի, կա բուրժուազիայի քիչ թե շատ կայացած շերտ։

Ի՞նչ է սպասվում

Ինչքան էլ վերջին յոթ տարիների ընթացքում Բաղրամյան 26–ից փորձում են սեփականության լայնամասշտաբ վերաբաշխում իրականացնել և «Մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծել, միևնույն է, հանրությունն այս կամ այն ձևով դեռ կարողանում է դիմադրել։

Նախորդ տարվա փետրվարյան իրադարձությունների ժամանակ հանրության դիմադրողական ռեսուրսին հսկայական հարված հասցվեց։

Նոր Սահմանադրության՝ կեղծիքներով ընդունմամբ Սերժ Սարգսյանն ուզում է ավարտին հասցնել իր գերօլիգարխիկ ծրագրի ամբողջական իրագործումը։ Կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ, կախված է հանրային դիմադրողականությունից և քաղաքական լուծումներից։

Մեկ բան ակնհայտ է՝ եթե Սերժ Սարգսյանի վերարտադրությունը և Հայաստանի ադրբեջանիզացիան չկասեցվեն, ապա Ադրբեջանում տեղի ունեցողը կարող է շատ ավելի վատ ձևով կրկնվել մեզ մոտ՝ այդտեղից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Այնպես որ, նժարի վրա իրարամերժ բաներ են դրված, ու ամեն մեկը պետք է ընտրություն կատարի։

Հայաստանի հետընթացի հեղինակները Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատն են՝ իրենց կցված «անկախ» մամուլի և հաճախորդների հետ։ Սա է ճշմարտությունն, ու այստեղ պետք չէ անձնավորված մոտեցում փնտրել։

Իշխանության վերին նեղ շերտը չունի հանրային հենարան, բայց ունի տարատեսակ լծակներ և կազմակերպվածություն։ Դրական փոփոխությունների համար հարկավոր է շատ ավելի բարձր մակարդակի կազմակերպչական ռեսուրս հակադրել։ 2016–ը ցույց կտա, թե որքանով է դա հնարավոր եղել իրականացնել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը