Լրահոս

18.01.2016 08:03


Այսօրվանից սկսվում է Առաջավորաց պահքը

Այսօրվանից սկսվում է Առաջավորաց պահքը

Այս տարի հունվարի 18-ին սկսվում է Առաջավորաց պահքը (այն հատուկ է միայն Հայ Առաքելական Եկեղեցուն), որը տևում է հինգ օր` այս տարի մինչև հունվարի 22-ը ներառյալ:

Ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի` պահքին հաջորդում է Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների հիշատակության օրը, որն այս տարի նշվելու է հունվարի 23-ին:

Առաջավորացը առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:

Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը` Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը` 65 օր շարունակ, Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել Մկրտության:

Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներն ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ: Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնում են հավատացյալի կամքին։

Պահք պահելուց առաջ անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար: Պետք է քաջ գիտենալ, որ պահքը մարմնի համար չէ, այլ՝ հոգու մեղքից ազատագրվելու:

Պահքի վերջին օրը անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության, իսկ հաջորդ օրը` Ս. Սարգսի տոնին, մասնակցել Ս. Պատարագին և հաղորդվել, որով և դուրս գալ պահքից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը