Լրահոս

18.01.2016 10:25


Գործարարի տան վրա զինված հարձակման գործն ուղարկվել է ՀՔԾ

Գործարարի տան վրա զինված հարձակման գործն ուղարկվել է ՀՔԾ

2015 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զինված և դիմակավորված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի սեփական տներից մեկը, հրազենի ու դանակի գործադրման սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր և գումար։ Հիշյալ անձն իր հետ բերված 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ, որի հետևանքով երեք անձինք ստացել են հրազենային վնասվածքներ։

Զինված անձի հանցավոր գործողությունները կանխելու նպատակով ընտանիքի անդամները դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել տուն ներխուժած զինված անձին։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ և կատարվել նախաքննություն:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ ևբազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը