Մեկնաբանություն

19.01.2016 13:55


100 տոկոս մեծամասնակա՞ն

100 տոկոս մեծամասնակա՞ն

Դատելով ֆորմալ ու ոչ ֆորմալ տեղեկատվական հոսքերից՝ Բաղրամյան 26–ում ծրագրել են 100 տոկոս համամասնականի անվան տակ առաջիկա խորհրդարանը ձևավորել 100 տոկոս մեծամասնական ընտրակարգով։ Ընտրական նոր օրենսգիրքը հենց այդ փիլիսոփայությամբ է գրվում։

Կեղծիքներով ընդունված նոր Սահմանադրության մեջ խորհրդարանի ձևավորման տեխնոլոգիաների հարցը միտումնավոր բաց է թողնվել։ Ամեն ինչ թողնվել է օրենքին, որը պետք է ընդունի այս գրպանային խորհրդարանը։

Դե, իսկ պատգամավորներին դակման է ուղարկվելու նոր Սահմանադրության տեքստից ոչ պակաս խայտառակ տեքստով մի Ընտրական օրենսգիրք, որի մեջ, ըստ էության, գրված է լինելու, որ տեղի է ունենալու թաքնված ձևով մեծամասնական ընտրակարգով քվեարկություն։ Ասել է թե՝ խորհրդարանի կազմը և յուրաքանչյուր կուսակցությունից ԱԺ անցնելու հարցը թողնվելու են ընտրակեղծիքների ռեսուրսին տիրապետող սուբյեկտին՝ մեկ մարդու։ Համենայնդեպս, այդպես է ծրագրված։

Այդպիսի ընտրական օրենսգրքով փորձ է արվելու կատարյալ անասնաֆերմայի վերածել ԱԺ–ն։ Կստացվի թե ոչ՝ կախված է առաջիկա քաղաքական գործընթացների տրամաբանությունից։

Եթե դաշտը մնա այնպիսին, ինչպիսին հիմա է, այսինքն՝ կազմված լինի ՀՀԿ ղեկավարի գործիք ՀՀԿ–ից ու բեմի վրա երևացող մյուս դերակատարներից, ապա «Անասնաֆերմա» օպերացիան կյանքի կկոչվի։ Դա թույլ չտալու համար դժվար չէ գլխի ընկնել, թե ինչ է պետք անել։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Հարկ է արձանագրել, որ նոր Սահմանադրությանն «այո» ասող բոլոր «մաստի» քարոզիչները գիտեին, որ լկտի ձևով խաբում էին, երբ հայտարարում էին, թե, իբր, անցում է կատարվելու հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի։

Ձևով անցում ամբողջությամբ համամասնականի, այո՛, կատարվելու է, բայց բովանդակությամբ ձգտելու են հարյուր տոկոսով մեծամասնական սարքել ընտրակարգը։

Այս խորագրի վերջին նյութերը